Անահիտ Օհանյան. Ի՞նչ ես ուզում հայ ազգից: Հայը հային այսքան չի ատում
Դու արդեն վաղուց դուրս ես եկել քաղաքական գնահատականի դաշտից։
Քեզ համար իշխանությունը այլևս միջոց չէ, նույնիսկ նպատակ էլ չէ։ Այն դարձել է ինքնապաշտպանության ռեժիմ, որտեղ ամեն ինչ. մարդ, ճակատագիր, սերունդ, նույնիսկ զոհն է քո վախերի դիմաց։
Մի սերունդ արդեն վճարել է այդ վախիդ գինը։
Բայց, ինչպես երևում է, դա քեզ համար բավարար չեղավ։
Հիմա ողջ մնացածների հերթն է, ովքեր վերապրել են, բայց չեն կոտրվել։
Քո վարքագծի մեջ արդեն համակարգ կա, հայրենասիրությունը քեզ համար վտանգ է, ինքնուրույն մտածողությունը սպառնալիք, իսկ արժանապատվությունը անհանդուրժելի շքեղություն։ Եվ այդ ամենի դեմ քո գործիքակազմը նույնն է. կամ ոչնչացնել, կամ բանտարկել։
Եթե հայրենասեր ես և հրաժարվում ես թուրքի հարճի դերից, քո լեզվով երկու տարբերակ կա
կամ փամփուշտ, կամ ձեռնաշղթա։
Եթե մի փոքր մարդ լինեիր, ապա հրամանդ կլիներ անգամ մոտ չգնալ այդ երիտասարդ տղաներին։
Բայց ոչ, դու պետք է ձերբակալես, վախի մթնոլորտ սերմանես, եթե երիտասարդությունը ոտքի կանգնի, քեզանից մոխիր անգամ չի մնա։
Դա է քո վախը։
Բայց կա մի բան, որը դու չես կարողանում հասկանալ նույնիսկ հիմա։
Այդ երիտասարդները ապրում են մի իրականության մեջ, որտեղ նրանց ընկերների աթոռները դատարկ ես թողել։
Եվ այդ դատարկությունը նրանց համար վախ չի դարձել, այլ հիշողություն, որովհետև «մարդն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ» և հիշողությունը երբեք չի ենթարկվում ոստիկանական բռնություններին, ովքեր արդեն «հիշողության մեջ չեն, հրեն բաց դաշտում արածում են առանց հիշողության, իսկ իրենց ընկերներին երեկ ես մորթել» այն «դժբախտ ու դժգույն» Շուշիի մշակույթի տանը:
Դու կարող ես ձերբակալել մարդկանց, բայց չես կարող ձերբակալել այն, ինչ նրանք տեսել են, զգացել կամ այն, ինչից հետո նրանք այլևս նույնը չեն մնացել:
Այն, ինչ դու անում ես հիմա, չի տեղավորվում ոչ քաղաքականության, ոչ էլ անգամ իշխանություն պահելու տրամաբանության մեջ։
Դա ավելի շատ հիշեցնում է մի գործընթաց, որտեղ կռվում ես ոչ թե ընդդիմության, այլ իրականության դեմ։
Ինչպե՞ս ես նայում հայելու մեջ, երբ գիտես, որ քո իշխանության համար այդ երիտասարդները ընկերներ են կորցրել, ապագա են կորցրել, հայրենիքի կտոր են կորցրել։
Ո՞նց թևերդ չի թուլանում ամեն անգամ վեր բարձրաց պար գալուց, թմբուկ նվագելուց:
Ո՞նց լափածդ կոկորդիդ չի կանգնում, երբ գիտես, որ «փրկություն» անունով գերեզման տարար դեռ կյանք չտեսած բազմաթիվ երիտասարդների:
Որքան երազանքներ ու նպատակներ թողեցիր անկատար, քանի մոր կյանք դժոխքի վերածեցիր:
Որտեղ ոտքդ դրեցիր մահ, ողբ ու կորուստ բերեցիր։
Որտեղ ոտքդ դրեցիր պառակտում, ատելություն ցանեցիր։
Ի՞նչ ես ուզում հայ ազգից:
Ի՞նչ թշնամանք ունես հայերի հաղթանակի նկատմամբ, որ այսքան դաժանությամբ խլեցիր, որ փորձում ես նորից սերմանել նրանց մեջ, որ «դու ոչինչ ես, գլուխդ կռացրու, ուրացիր ամեն ինչ, հակառակ դեպքում կոչնչացվես»։
Հայը հային այսքան չի ատում։
Այն, ինչ դու արել ես և շարունակում ես անել, չի պահանջում քաղաքական գնահատական:
Որովհետև դա այն սահմանն է, որից այն կողմ նույնիսկ թշնամի չի անցնում։


