Անահիտ Օհանյան. Ժամանակը սուղ է, և 2026-ը կարող է դառնալ վերածննդի սկիզբ կամ անդառնալի անկման վերջակետը
2026 թվականի ընտրությունները Հայաստանի համար վերջին հնարավորությունն են ազատվելու ներքին և արտաքին թշնամիների տիրապետությունից և փրկելու երկիրը ու հայ ժողովրդին: Այս ընտրությունները ոչ միայն քաղաքական իրադարձություն են, այլև ճակատագրական խաչմերուկ, որտեղ որոշվելու է Հայաստանի ապագան: Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը հաճախ չի կարողացել ընկալել առանցքային առաջնորդների տեսակետները, ինչը հանգեցրել է լուրջ կորուստների:
Հայ ժողովուրդը չհասկացավ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետների խորքայնությունը Ղարաբաղյան բանակցային գործընթացում: Նա փորձում էր զգուշացնել վտանգների մասին, սակայն այդ ջանքերը անտեսվեցին: Նմանապես, չընկալվեց նրա «Պատերազմ, թե խաղաղություն» գրքի էությունը, որտեղ ներկայացված էր հակամարտության լուծման ռացիոնալ մոտեցումը խուսափելով անխուսափելի կորուստներից: Ավելին, հայ ժողովուրդը չնկատեց Լևոնի «Հայաստանում հրդեհ է, պետք է հանգցնել հրդեհը» կոչը, որը հնչեցրած էր «Լրջանալու պահն է» կարգախոսով զգուշացնելով երկրի առջև ծառացած ճգնաժամերի մասին:
Պատմականորեն, Հայաստանը և հայ ժողովուրդը իր բոլոր հաղթանակները տոնել է այն ժամանակ, երբ վստահել է Լևոնին և հետևել նրա առաջնորդությանը: Ի հակադրություն, երբ կորցրել է նրան լսելու ունակությունը, տեղի են ունեցել գահավիժումներ կորցնելով ամեն ինչ, ներառյալ տարածքները, տնտեսական կայունությունը և նույնիսկ ազգային արժանապատվությունը: Այս օրինաչափությունը ցույց է տալիս, որ առանցքային որոշումների ժամանակ ռացիոնալ և իրատեսական մոտեցումը կարող է փոխել պատմության ընթացքը:
Այժմ, երբ Հայաստանը կանգնած է նոր ճգնաժամերի առջև, հայ ժողովրդին ներառյալ բոլոր իրատես և ռացիոնալ քաղաքական ուժերին, արվեստագետներին ու այն մարդկանց, ովքեր իսկապես մտահոգված են երկրի ապագայով, տրված է վերջին շանսը: Սա վերջին հնարավորությունն է լսելու Լևոնին, հեռացնելու նիկոլ փաշինյանին և ազատագրելու Հայաստանը թշնամիների տիրապետությունից: Միայն միասնական ջանքերով կարող ենք փրկել Հայաստանը և վերադարձնել այն կայուն զարգացման ուղու վրա:
Ժամանակը սուղ է, և 2026-ը կարող է դառնալ վերածննդի սկիզբ կամ անդառնալի անկման վերջակետը:
Նշենք՝ Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի 2026թ. հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:


