«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր: Մնացածը սխալվեցին, իսկ Նիկոլը գիտակցաբար կործանեց

Անահիտ Օհանյան. Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր: Մնացածը սխալվեցին, իսկ Նիկոլը գիտակցաբար կործանեց

Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, մնացած բոլորը սխալվեցին։

Անկախ նրանից, թե ինչ փաստաթուղթ կհրապարակի այսօր նիկոլ փաշինյանը, այդ փաստը չի փոխվելու։ 
Տեր-Պետրոսյանը միակն էր, ով ճիշտ էր գնահատում թե  Արցախի հարցի իրական էությունը, թե  միջազգային հանրության տրամաբանությունը։ Մնացած բոլորը սխալվեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իսկ նիկոլ փաշինյանը չսխալվեց, այլ գիտակցաբար կործանեց։

Սա քաղաքական համակրանքի հարց չէ, այլ փաստերի արձանագրում։
Տեր-Պետրոսյանը առաջարկում էր փուլային կարգավորում  վերադարձնել հարակից տարածքները Ադրբեջանին  Արցախի վերջնական կարգավիճակի հարցը հետաձգելով, փոխարենը ապահովել խաղաղություն և անվտանգության միջազգային մեխանիզմներ։ Նա հասկանում էր, որ ռազմական հաղթանակը ժամանակավոր է, եթե այն չի ամրագրվում քաղաքական լուծմամբ։ Նրա նպատակը հաղթած ճակատամարտը վերածելն էր հաղթած պատերազմի առանց նոր պատերազմի։
Ռոբերտ Քոչարյանի մասին երկար խոսելն ավելորդ է։ Նրա քաղաքական վարքագիծը տասնյակ տարիներ կառուցվել է «միակ ուժեղ տղամարդու» միֆի վրա  ըստ որի նա իբր միայնակ ազատագրել է Արցախը և իբր չի ենթարկվել Տեր-Պետրոսյանին։ Սա քաղաքական լեգենդ է, ոչ պատմական փաստ։
Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, չի ժխտում, որ եղել է Տեր-Պետրոսյանի ենթական և չի ուրանում  նրա դերը պատերազմի տարիներին։ Սակայն իր հայտնի հարցազրույցում պնդում էր, թե երբեք «ոչմիթիզական» չի եղել։ Իրականում հենց իր և Քոչարյանի առաջ քաշած «փաթեթային տարբերակն» էր իրական ոչմիթիզականությունը, տարածքների զիջում միայն վերջնական կարգավիճակի դիմաց։ Տարբերությունը Տեր-Պետրոսյանի առաջարկից  ոչ միայն փոքր չէր, այլ  վճռորոշ էր:  Այդ տարբերակով Արցախի կարգավիճակի հաստատումը գործնականում անհնար էր, մինչդեռ Տեր-Պետրոսյանի մոտեցումը հնարավորություն էր տալիս, որ միջազգային հանրությունը ժամանակի ընթացքում ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Սերժ Սարգսյանն ասել է, թե 2018-ին պարտվել է «հզոր ուժերին»։ Սա կիսատ ճշմարտություն է։ Միջազգային հանրությունը նրան դեմ դուրս չեկավ անձնական պատճառներով, այլ որովհետև նա այլևս չէր կարող երաշխավորել Արցախի հարցի կարգավորումը։ Սա դեռ տարիներ առաջ ձևակերպել էր Տեր-Պետրոսյանը  նշելով, որ Ղարաբաղի իրական հակառակորդը միջազգային հանրությունն է, ոչ թե Ադրբեջանը և որ մի օր այդ հանրություն համբերությունը կսպառվի և իր որոշումը «փոստով կուղարկի»։ 2018-ին այդ որոշումն ուղղակի ստացավ անուն 
նիկոլ փաշինյան:

Բայց համակարգային կործանումը սկսվեց փաշինյանի  իշխանության օրոք։ Այստեղ գործ չունենք առանձին սխալների հետ։ Սա հետևողական քաղաքական տարվող  գիծ էր։
Նա գիտակցաբար հրաժարվեց բանակցային գործընթացից  հայտարարելով «զրոյական կետ», մերժեց ամբողջ բանակցային ժառանգությունը և մոլորեցրեց հանրությանը, թե իբր բանակցելու առաջարկ չկա։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը փակեց դիվանագիտական բոլոր հնարավորությունները և փաստացի ճանապարհ հարթեց պատերազմի համար։

փաշինյանը  չէր կարող չհասկանալ, որ պատերազմն անխուսափելի է դարձնում: Նա չէր կարող անտեղյակ լինել բանակի իրական վիճակից։

Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել, սակայն նա դա էլ  չարեց մինչև պարտությունն այլևս անշրջելի դարձավ։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց պարտության պայմաններում, բայց դրանից հետո այն համակարգված կերպով չկատարվեց։ Հաջորդ քայլերը պատահական չէին․ Արցախը քաղաքականապես անպաշտպան թողնվեց, բնակչությունը մատնվեց շրջափակման և սովի, ստեղծվեցին պայմաններ, որպեսզի Արցախում պարզապես հայ չմնա  և ռուս խաղաղապահների ներկայությունը դառնա անիմաստ։

Երբ Արցախը հանձնվեց ամբողջությամբ, փաշինյանը  դա ներկայացրեց որպես «մեր վզին փաթաթված հարցից ազատում»  մեղքը բարդելով նախկինների և Ռուսաստանի վրա։ Պարտությունը ներկայացվեց որպես ինքնիշխանության վերականգնում։ Սա սխալների շղթա չէր։ Սա հետևողական, գիտակցված քաղաքականություն էր։
Այս գործողությունները առանձին վերցրած կարող էին մեկնաբանվել որպես սխալ։ Բայց դրանց ամբողջությունը բացառում է պատահականության տարբերակը։

Երբ պետության ղեկավարի կայացրած բոլոր առանցքային որոշումները համակարգված կերպով բերում են տարածքային կորստի, անվտանգության փլուզման և ազգային սուբյեկտության չեզոքացման, ձեռք է բարձրացվում Սահմանադրության և Եկեղեցու վրա, դա խոսում է միայն պետական դավաճանության մասին:

Միջազգային հանրությանը կարևոր չէր  լուծումն արդար կլինի, թե ոչ։ Նրանց պետք էր պարզապես լուծում։ Արևմուտքը փաշինյանի միջոցով միաժամանակ փակեց Արցախի հարցը և ստեղծեց խնդիրներ Ռուսաստանի համար։
Այսօր փաշինյանից ազատվելու միակ իրական ճանապարհը մեկն է և դա ամբողջ ճշմարտությունը բացել հանրության առաջ։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ճիշտ լինելու համար, այլ Հայաստանի փրկության համար։ Որովհետև այս ստերի վրա է պահվում նիկոլի իշխանությունը։
Եթե դա չարվի հիմա, վաղը ձեր երեխաներն ու թոռները կապրեն պարտությունը օրինականացված, պետությունազուրկ, նվաստացած և ադրբեջանացված Հայաստանում, մի իրականության մեջ, որի ձևավորողը իրենք չեն եղել, բայց որը ստիպողաբար ժառանգելու են։

Անահիտ Օհանյան