«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Լևոնի հաղթանակներին պիտակ կպցնելը միակ ձևն է սեփական խայտառակությունը մի կերպ մարսելու համար

Անահիտ Օհանյան. Լևոնի հաղթանակներին պիտակ կպցնելը միակ ձևն է սեփական խայտառակությունը մի կերպ մարսելու համար

Արդեն քանի տարի է  նիկոլական  «քաղաքական» դիսկուրսի գլխավոր «սենսացիան» մնում է նույնը. «Տեր-Պետրոսյանը ԿԳԲ-ի ագենտ է»։ 

Ի  դեպ, հասկանալի է նաև, թե ինչու է այս «ագենտոմանիան» վերջին տարիներին այսքան կենսունակ դարձել։ Դե, հո չե՞ն խոստովանելու, որ Լևոնի ժամանակ զրոյից պետություն ու բանակ սարքեցին, պատերազմ  հաղթեցին, իսկ իրենք եկան ու այդ ամենը մի երկու  լայվով հավասարեցրին հողին։ Շատ ավելի հարմարավետ է ասել  «Դե ինչ արել ա ԿԳԲ-ն ա նվեր տվել», քան հայելու մեջ նայել ու տեսնել, թե ինչպես սեփական անճարակությամբ ամբողջը ավիրեցին։ Լևոնի հաղթանակներին կասկածելի  պիտակ կպցնելը միակ ձևն է  սեփական խայտառակությունը մի կերպ մարսելու համար։

Մի պահ եթե հնարավոր է  լուրջ նստենք ու պատկերացնենք: 

Москва, Большая Лубянка, дом 2:  Այդ լեգենդար կաբինետը  1980-ականների վերջից մինչև մեր օրերը:

Փուլ առաջին- ԽՍՀՄ ղեկավարությունը, ՊԱԿ-ի գեներալներով հանդերձ, նստում են գաղտնի ժողովի ու որոշում.

— Ընկերներ,  Խորհրդային Միությունը քանդվում է:  Իսկ ո՞վ կարող է դա լավագույնս անել։ Իհարկե Մատենադարանի ավագ գիտաշխատող, ասորագետ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

Ու սկսվում է «հանճարեղ» գործողությունը:

Ագենտին տալիս են հատուկ հանձնարարություն համախմբել հարյուր հազարավոր մարդկանց ու դուրս բերել Թատերական հրապարակ Կրեմլի դեմ։

Որպեսզի լավ կոնսպիրացվի, նրան մի 6 ամսով կալանավորում են «Մատրոսսկայա տիշինա» բանտում (դե, ռուսական բանտերի ռոմանտիկան վայելելու համար)։

Հետո հանձնարարում են ջախջախել ԽՍՀՄ կազմում մնալու բոլոր ծրագրերը, անկախության հանրաքվե անել ու Միությունը վերջնականապես թաղել։

Վերջում էլ, որպես բոնուս, պատվիրում են ազատագրել Արցախը  խառնելով Մոսկվայի ու Բաքվի բոլոր հաշվարկները։

Միակ հարցը մնում է, որ  եթե ԿԳԲ-ն իր ագենտներին հանձնարարում էր կազմաքանդել հենց այն կայսրությունը, որի անվտանգությունն իրենք պիտի պահեին, ապա ԿԳԲ-ն ո՞ւմ ագենտն էր։

Փուլ  երկրորդ (1998 թ.). ԿԳԲ-ն տեսնում է, որ իր «ագենտը» չափից շատ է ուժեղացել, ու որոշում է... հեղաշրջում կազմակերպել սեփական ագենտի դեմ։ Ինչո՞ւ։ Որովհետև ԿԳԲ-ում պարապ են, իսկ սեփական աշխատակցին իշխանությունից զրկելը հատուկ ծառայությունների սիրած հոբբին է։

Փուլ երրորդ (2008 թ.). Տասը տարի անց «ագենտը» որոշում է վերադառնալ, որպեսզի (ըստ դավադրապաշտների) վերջապես կատարի Մոսկվայի հրամանն ու հանձնի Արցախը։ Բայց ԿԳԲ-ն նորից ասում է  «Չէ  ախպեր ջան, մենք թույլ չենք տալու մեր ագենտը իր ձեռքով հանձնի Արցախը» ու Մարտի 1-ի արյամբ կասեցնում է  սեփական ագենտի վերադարձը։ 

Տրամաբանությո՞ւն։ Չէ, չենք լսել, էդ ի՞նչ է որ:

Գագաթնակետ (2020-2026). Ու հիմա հասնում ենք ամենահիասքանչ պահին։ Ըստ իշխանական թեզի Արցախը ծրագրված հանձնել է Ռուսաստանը Լևոնի հին «պլանով»։ 

Այսինքն Կրեմլը 30 տարի պահել, փայփայել ու միլիոններ է ծախսել սեփական գործակալի վրա, նրա դեմ երկու անգամ օպերացիա է արել, որպեսզի վերջում իրենց 30 տարվա գաղտնի պլանը... գցեն   նիկոլի ջեբը:

Իրականում ծիծաղելի էլ չէ, թե ինչպես են 30 տարվա պետականության պատմությունն ու ողբերգությունները փորձում տեղավորել գավառական դետեկտիվի մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կարելի է հազար ու մի հարցում համաձայն չլինել, կարելի է անխնա քննադատել նրա քաղաքական կուրսը, բայց այս ամենի տակ «չեկիստական պլան» փնտրելու համար պետք է կամ տարրական տրամաբանության հետ թշնամացած լինել, կամ հավատալ, որ ԿԳԲ-ն մազոխիստների ակումբ է։ 

Ի վերջո, եթե Լևոնն իսկապես ԿԳԲ-ի ագենտ էր, ապա Լյուբյանկայի ողջ պատմության մեջ նրանից ավելի անպիտան, սեփական գրասենյակը քանդող ու շեֆերի գլխին անընդհատ պատուհաս դարձող «աշխատակից» պարզապես գոյություն չի ունեցել:

Անահիտ Օհանյան