Անահիտ Օհանյան. Փաշինյանի յուրաքանչյուր նոր հայտարարություն վերածվում է իր դեմ լրացուցիչ ցուցմունքի
փաշինյանի քարոզարշավի ելույթները խորհուրդ կտամ ամբողջությամբ պահպանել։ Նյարդայնանալու փոխարեն պետք է լսել և հավաքագրել նրա ամեն մի խոսքը, որովհետև փաշինյանն այնքան է խճճվել իր ստերի մեջ, որ յուրաքանչյուր նոր հայտարարություն վերածվում է իր դեմ լրացուցիչ ցուցմունքի։
Օրինակ, փաշինյսնը հայտարարում է, որ վարչապետ դառնալուց հետո «իներցիայի մեջ» ասել է «Արցախը Հայաստան է», որովհետև հավատարիմ է եղել այն գաղափարներին, որոնցով 30 տարի դաստիարակվել է, և միայն հետո է հասկացել, որ թակարդի մեջ է եղել։
Եկեք քանդենք այս աննախադեպ սուտը։
Սկսենք «30 տարվա դաստիարակությունից»։
Նույն փաշինյանը դեռ Սասնա Ծռերի ապստամբության օրերին Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էր Սերժ Սարգսյանի հետ միասին Արցախը հանձնելու մտադրության մեջ։ Իսկ վարչապետ դառնալուց հետո նույն Տեր-Պետրոսյանին մեղադրեց իրեն «հողերը տուր» խորհուրդ տալու համար։
Եթե դեռ 2016 թվականից գիտեիր, որ «հողերը տալիս են», և քեզ էլ, քո խոսքով, նույն բանն էին ասում, որ հողերը տուր, ապա դու ո՞ւմ 30-ամյա դաստիարակության արդյունքն ես։
Եթե ոչ մի բան չես հասկացել և սխալ ես դաստիարակվել, ապա ի՞նչ կապ ունեն նախկինները քո դաստիարակության հետ։
«Իներցիայի մեջ էի ընկել». սա արդեն մանիպուլյացիա էլ չէ, սա պատասխանատվությունից փախչելու ամենատխմար միջոցն է։
Եթե փաշինյանը մի քանի տարին մեկ «իներցիայի մեջ ընկնի» և դրա հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեն, հողեր կորցնենք, ապա Հայաստանը ուղղակի կվերանա:
Ոչ մի դատարան հանցագործին չի արդարացնում այն հիմնավորմամբ, որ նա «իներցիայի մեջ» էր։ Պատասխանատվությունը չի վերանում միայն այն պատճառով, որ մարդը հետագայում հասկացել է իր սխալը։
Գուցե Քոչարյանն էլ «իներցիայով» էր թալանում, «իներցիայով» էր Մարտի 1 արել։
Գուցե Նաիրի Հունանյանն իր դաստիարակության պատճառով և իներցիայով էր գնդակահարել Վազգենին... հետագայում սխալը հասկացել, հետո՞։
Ավելին, եթե այսօր կարելի է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը արդարացնել դաստիարակությամբ և իներցիայով, ապա ի՞նչ երաշխիք կա, որ վաղը նույն տրամաբանությամբ չեն ասի «Հայաստանը Եվրոպա է և վերջը» կրկին սխալ դաստիարակության և իներցիայի հետևանք էր, հերթական բերածս աղետից հետո միայն հասկացա սխալվել էի:
Այս հորինվածքները կարող են աշխատել իր լսարանի որոշ հատվածի վրա, բայց ոչ մի դատարան, լուրջ քաղաքական գնահատական, ոչ մի պատմական վերլուծություն չի ընդունի որպես արդարացում «իներցիան» և «դաստիարակությունը»։


