Անահիտ Օհանյան. Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը շփոթել է Վիգենի «Վիվառոյի» բուքմեյքերական գրասենյակի հետ
Արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը լուրջ ինստիտուտ է։
Դա լուրջ մանևրների արվեստ է, հեռատեսության գիտություն, որը կառուցվում է ոչ թե միայն այսօրվա կամ վաղվա հաշվարկով, այլ տարիներ առաջ նայելու կարողությամբ։
նիկոլ փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը շփոթել է Վիգենի «Վիվառոյի» բուքմեյքերական գրասենյակի հետ․ որտեղ վտանգում է ոչ թե սեփական գրպանը, այլ ամբողջ պետությունը։
Խաղի առաջին րոպեներին Պուտինի Ռուսաստանը «գոլ» է բաց թողնում, և նիկոլը մի ակնթարթում մոռանում է, թե երեկ ինչ ոգևորությամբ էր պատմում Պուտինի «օպերատիվ հարցեր լուծելու» տաղանդի մասին։ Մի շարժումով փոխում է խաղադրույքը և ամբողջը դնում «Եվրոպաի» վրա։ Մոռանալով մի «մանրուք»․ խաղը դեռ չսկսված ինքը խորապես պարտք էր նույն այդ Պուտինին, որի շնորհիվ 2021-ին դուրս եկավ բունկերից և վերարտադրվեց «никол не предатель»։ Բայց խաղակեսի վերջում Ռուսաստանը հանկարծ երկու «գոլ» է խփում։ Եվ նիկոլը փոխում է մարտավարությունը խաղադրույք դնելով ոչ-ոքիի վրա.
«Մենք երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ»։
Հիմա հույս ունի, որ գոնե այս անգամ ոչ-ոքիի վրա դրված խաղադրույքը կփրկի իրեն, ոչ թե պետությանը։
Իսկ եթե դա էլ չաշխատի, միշտ կա բուքմեյքերական փրկօղակ «угловой»-ներ, «больше-меньше», պատահական խաղադրույքներ… գուցե մեկը «կպնի», և վերարտադրվելու շանսերը մի քիչ երկարեն։
Պետական մտածողությունն այստեղ վաղուց է փոխարինվել մի խաղի, որտեղ կարևորը հաղթած դուրս գա ոչ թե Հայաստանը, այլ նիկոլը։
Միայն մի բան է մոռանում․
«ֆուտբոլում» երկու դեղին քարտը միշտ վերածվում է կարմիրի։
Իսկ կարմիր քարտից հետո խաղացողին պարզապես հեռացնում են խաղից։
Ամենացավալին այն է, որ պետության դեպքում երբեմն ոչ թե խաղացողին են հանում դաշտից, այլ ամբողջ երկիրն է դուրս մնում խաղից։


