Արայիկ Մանուկյան. Մենք դեռ չենք սովորել գնահատել այն մեծություններին, խոշորագույն անհատներին, որոնք մերն են (լուսանկարներ)
ներկա լինելու ականավոր գիտնական, Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին։
80-ականների կեսերին էր, հավանաբար, երբ կրկեսի դիմացի գրախանութից, որտեղից հաճախ էի գրքեր գնում «Երեկոյան Երևան»-իս խմբագրություն գնալիս, գնեցի Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ հին թարգմանական գրականություն» կապտավուն կազմով, ոսկեգույն նախշով ձևավորված գրքույկը՝ հրատարակված «Սովետական գրող» հրատարակչության կողմից։
Լևոն Տեր-Պետրոսյանին ճանաչելու պատիվը դեռ չունեի այդ ժամանակ, բայց այսօրվա պես հիշում եմ, թե ի՜նչ ոգևորությամբ կարդացի գիրքը, ինչպե՜ս էի լցված դրանով, ի՜նչ գրավչություն ուներ այն և ինչպե՜ս էի ուզում հանդիպել հեղինակի հետ։
Երբեք չէի մտածի, որ այդ հանդիպումը կկայանա տարիներ հետո, բայց արդեն անկախացող Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահի, հետո` անկախացած Հայաստանի նախագահի հետ և ի՜նչ մեծ քաղաքական, քաղաքագիտական, մշակութային ու մշակութաբանական դպրոց կլինի այն ինձ համար։
Հիշում եմ նաև, թե ինչքա՜ն գիրք կարդացի այդ գրքույկը կարդալուց հետո` այն խորությամբ հասկանալու համար։ Այն ժամանակ շա՜տ անծանոթ ու անհասկանալի խորություններ կային Տեր-Պետրոսյանի հետազոտության մեջ։
Այսօր էլ` թերևս։
Այսօր այդ գրքույկը՝ ի թիվս Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած այլ գրքերի, տեսա Մատենադարանում բացված ցուցադրությունում։
Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել իմ աննշան լուման ունենալ արդեն 2006-ին հրատարակված «Լևոն Տեր-Պետրոսյան․Ընտրանի» գրքի ստեղծման մեջ։
Այսօր Մատենադարանում բացված էր նաև լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված էր միջազգային համբավի ու ճանաչման գիտնականը, պետական գործիչը, ներկայացված էին դրվագներ նրա պետական այցերից ու հանդիպումներից։
Էլի հպարտորեն ասեմ, որ երջանիկ եմ, որ կյանքի ու մասնագիտությանս շնորհիվ պատիվ եմ ունեցել այդ այցերից շատերին ներկա լինել ու տեսնել աշխարհի գիտական, հասարակական, քաղաքական, քաղաքագիտական, մշակութային և այլ հանրույթների վերաբերմունքը Հայաստանի գիտնական նախագահի նկատմամբ։
Լսում էի աշխարհի տարբեր ծայրերի` Վիեննայի, Սոֆիայի Սանկտ Պետերբուրգի, Փարիզի գիտական կենտրոններից Հայաստան ժամանած մեծանուն գիտնականների, տեսաուղերձներով հանդես եկող ականավոր գիտական գործիչների, լսում էի նրանց գնահատականները Լևոն Տեր -Պետրոսյան գիտնականի հետազոտությունների` ասորագիտական լրջագույն ուսումնասիրությունների, Կիլիկյան Հայաստաանին վերաբերող ուսումնասիրությունների, աստվածաշնչյան թարգմանությունների և գիտական այլ կոթողային գործերի մասին, նայում էի Մատենադարանի երիտասարդ գիտքարտուղար Տեր-Պետրոսյնի լուսանկարներին և 81-ամյա նախագահին ու մտածում, որ մենք հարյուրամյակների ճանապարհ ունենք, գուցե, անցնելու, որպեսզի դառնանք այն հասարակություններից, որոնք ունեն զարգացած պետություններ, որովհետև մենք դեռ չենք սովորել գնահատել այն մեծություններին, խոշորագույն անհատներին, որոնք մերն են։
Տեր-Պետրոսյանի գիտական աշխատությունները կարդալու և հասկանալու համար երևի մի կյանքը չի բավականացնի, էլ չեմ ասում քաղաքական ժառանգությունը, բայց ցանկացած տգետ կարող է իրեն թույլ տալ գնահատել ողջ աշխարհի գիտական հանրույթի կողմից ընդունված ու հարգանք վայելող մարդուն։
Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի և ցուցահանդեսի լուսանկարները՝ Արայիկ Մանուկյանի ֆեյսբուքյաբ էջում:


