Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվեց ցմահ ազատազրկման: Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը`20 տարվա ազատազրկման
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը,Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շինծու քրեական գործերով Բաքվում դատապարտվեցին ցմահ ազատազրկման։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարի ազատազրկման, քանի որ Ադրբեջանի օրնեսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազարկել։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի:
Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության՝ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք՝ Բաքվի կողմից կազմակերպված շինծու դատավարությունը սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու:
Հիշեցնեմ, որ պատանդի կարգավիճակում ապօրինի պահվող հայերի նկատմամբ կեղծ դատավարության հիմքում ՀՀ-ի դեմ ռազմական հանցագործի և ցեղասպանություն իրագործածի ծանր մեղադրանքն է:
Սա նշանակում է, որ մարդկային ճակատագրերից բացի, գործ է «կարվել» Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը ցանկացած քաղաքական ելքի պարագայում էլ պահվելու է համապատասխան դարակներում և ըստ իրավիճակի ու անհրաժեշտության օգտագործվելու Հայաստանի դեմ»:


