Արման Պետրոսյան. Եթե արձագանք չլինի, պատրաստվում եմ հունվարի 22-ից դուրս գալ պայքարի
Արդեն 12 օր է Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ կալանավայրում։ Նա ունի առողջական խնդիրներ, և այս իրավիճակը կարող է իրական վտանգ ստեղծել նրա կյանքի համար։
Քաղաքական հայացքներով մենք կարող ենք տարբեր լինել, բայց այստեղ խնդիրը քաղաքական չէ։ Խնդիրը մարդկային է։
Ես չեմ ուզում ևս մեկ անգամ ականատես լինել այն բանին, ինչն արդեն տեղի է ունեցել մեր անուշադրության պատճառով։
Մեզանից մեկի՝ Արմեն Գրիգորյանի մահը դատարանում պիտի դաս լիներ բոլորիս համար։ Մարդը չպետք է մահանա, որ հետո լուրջ դեմքերով գնանք հոգեհանգստի ու ձևացնենք, թե զարմացած ենք։
Ատելությունը մեզ հասցրել է մի կետի, որտեղ դադարել ենք տեսնել մարդուն։
Ես կոչ եմ անում, որ դատարանն ու պատասխանատու մարմինները վերանայեն Նարեկ Սամսոնյանի հարցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակն ու կյանքի իրավունքը։
Եթե այսօր կամ վաղը արձագանք կամ քայլ չլինի, ես որպես քաղաքացի պատրաստվում եմ հունվարի 22-ից դուրս գալ պայքարի հանրային ու խաղաղ ձևով բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի կանխենք անդառնալի հետևանքները։
Սա կոչ է ոչ թե բախման, այլ պատասխանատվության։
Եթե այսօր լռենք, վաղը կարող է ուշ լինել։
Կոչ եմ անում քաղաքական ուժերին համատեղ գործողությունների քայլեր ձեռնարկել, գրել է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը: «Ընդհանրապես, ավելի շատ աղմուկ պիտի լինի Հայաստանում քաղբանտարկյալների գոյության խայտառակ փաստի դեմ։ Հատկապես, որ դրսի վրա էս պարագայում հույս դնելն իմաստ չունի», նշել է նա:
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Դատարանը 3 ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։
Դատարանի որոշումը լսելուց հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում՝ իրավական խայտառակությունը դադարեցնելու պահանջով։
Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց: Նա ունի առողջական շատ լուրջ խնդիր:


