Արտակ Հարությունյան. Սա է հիբրիդային պատերազմը ու մղվում է Հայաստանի դեմ՝ իշխանության կողմից
Կարդում ենք. «հիբրիդային պատերազմը բացահայտ և քողարկված պատերազմական գործողությունների, սադրանքների և դիվերսիաների համակցությունն է, որը զուգորդվում է սեփական մասնակցության ժխտմամբ, ինչը զգալիորեն դժվարացնում է հիբրիդային ռազմական գործողություներին լիարժեք պատասխան տալ»։
Սրա տակ ավելի շուտ հասկանում ենք արտաքին ուժերի, հակառակորդների, թշնամի պետությունների կողմից արվողը։
Բայց թերևս ավելի սարսափելի է, երբ հիբրիդային պատերազմը պետության ներսից է։
Հիմա նայենք.
- Պետության փաստացի ղեկավարը հրապարակային մտնում է բամբասանքի դաշտ, հայտարարում, որ կաթողիկոսը երեխա ունի, հոգևորականներից մեկը քեռակնոջն է դոմփել, ու առաջացնում է հասարակության հույզեր ու երկպառակտություն, սրանով թիրախավորում է ազգային ինստիտուտ եկեղեցին։
- Հանկարծ «պարզվում է», որ արքեպիսկոպոսներից ոմանք «հանցագործ» են, ամենահանցագործը էս պետության մեջ։ Իրարից տարբերվող պատճառներով կալանավորվում են 4 արքեպիսկոպոսներ, շինծու մեղադրանքներով, իրավական ու դատական համակարգը միաբուռ լծվում է այս խնդրւ լուծմանը։
- Էլի շինծու մեղադրանքով կալանավորվում են Կաթողիկոսի ոչ հոգևորական եղբայրն ու եղբորորդին։
- Հետո հանկարծ հայտարարվում է, էլի վարչապետի կողմից, որ Կաթողիկոսը արտաքին ուժերի պատվեր է կատարում: Լրիվ պատահականորեն ԱԱԾ-ն որոշում է իշխանական մամուլին տրամադրել Կաթողիկոսի արքեպիսկոպոս եղբոր, մինչ ՀՀ անկախացումը, ՊԱԿ-ում հաշվառված լինելու թուղթը, երբ դրանից կարճ ժամանակ առաջ այլ լրատվամիջոցի ասել էր, որ դա գաղտնի տեղեկատվություն է, դրանից հետո այլ հոգևորականների մասին հարցումներին պատասխանում է, որ գաղտնի տեղեկատվություն է։
- Հանկարծ վարչապետի շուրջն են հավաքվում ինչ-որ հոգևորականներ, որոնց մի մասին վարչապետը նախկինում ինչ ասես ասում էր, մի մասն էլ մինչ դա անթույլատրելի էին համարում եկեղեցու դեմ արշավը։
- Իրենց եկեղեցուց դուրս դրած, այդ թվում կարգալույծ հոգևորականները տարբեր եկեղեցիներում «պատարագներ» են մատուցում, որոնց գնում է վարչապետն ու իր թիմը, պատարագի լինելը ապահովում են մեծաքանակ ուժայինները։
- Դատարանը իրեն թույլատրում է մտնել եկեղեցական գործերի մեջ ու կաթողիկոսի որոշումը բեկանել։
- Հարկադիր ծառայությունը, քննչականը, որոշում են մտնել եկեղեցու գործերի մեջ ու քրեական գործ հարուցել հոգևորականին կարգալույծ անելու համար, որը բացառապես եկեղեցու գործն է։
- ՊՆ-ն հանկարծ որոշում է վերացնել գնդերեցների ինստիտուտը, որոնց շնորհիվ այնքան վատ բարքեր են կանխվել բանակում, ինքնասպանություններ կանխվել և այլն։
- Արտերկրում կազմակերպվելիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար տարբեր արքեպիսկոպոսների դեմ շինծու քրեական գործ է հարուցվում ու խափանման միջոց ընտրվում երկրից բացակայելու արգելքը։
Էս շարքը երկար շարունակելի է։ Բայց այսքանն էլ հերիք ա, տեսնելու համար, որ չնայած ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով պետությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու գործերին, բայց հիբրիդային պատերազմի գործիքակազմով հարձակում է գործել Հայ Առաքելական Եկեղեցու, հայ ազգային ինստիտուտի ու վերջին հաշվով՝ Հայաստանի Հանրապետության դեմ։
Սա ա հիբրիդային պատերազմը ու մղվում ա Հայաստանի դեմ՝ իշխանության կողմից։


