Աշոտ Սարգսյան. ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության գնահատականն ապօրինի է, անգրագետ և խայտառակ
ՈՉ ԹԵ «ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ» ԱՅԼ՝ ԽԱՅՏԱՌԱԿ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգեւոր Գերագույն Խորհրդի մայիսի 19-ի հայտարարության մեջ ասվում է.
«Խիստ տարակուսելի է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ արձանագրված գնահատականը, որը նկատում ենք ապատեղեկատվությամբ ուղղորդյալ...»։
ՀՀ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի» 18-րդ հոդվածի համաձայն՝
«Կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու ՔԱՂԱՔԱԿԱՆ ՒՅԱՆՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ՝ ԱՅԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐ»։
Այսինքն՝
Եկեղեցու ծառայող-սպասավորները վերից վար, բոլորը կարող են մասնակցել երկրի քաղաքական կյանքին, բնականաբար, նաեւ նախընտրական քարոզարշավին՝ ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Ընդ որում՝ որեւէ տեղ, որեւէ այլ օրենքում գրված չէ անգամ, թե դա նրանք չեն կարող անել կրոնական համազգեստով կամ հենց եկեղեցու շենքում։
Իսկ այս դեպքում եւ այս պայմաններում՝
- երբ գործող իշխանությունն ինքն է Սահմանադրության եւ օրենքների կոպտագույն խախտումներով հարձակվել Եկեղեցու վրա,
- երբ իշխող քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրում խոստանում է Սահմանադրության եւ օրենքների նույնպիսի խախտումներով շարունակել եկեղեցու դեմ արշավը,
- երբ, ի դեմս ՀՀ քաղաքացիների, ըստ էության, վտանգված է նաեւ ՀԱԵ-ի հոգեւոր հոտը, Եկեղեցու ոչ միայն ՕՐԻՆԱԿԱՆ իրավունքը, այլ նաեւ ԲԱՐՈՅԱԿԱՆ պարտականությունն է ամենաակտիվ կերպով ներգրավվել քաղաքական կյանքում, նաեւ ակտիվորեն մասնակցել նախընտրական միջոցառումներին՝ ընդդեմ եկեղեցու կառույցին եւ իր հոգեւոր հոտին սպառնացող վտանգի։
Այնպես որ՝ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության գնահատականը եթե անգամ հենված չլիներ «ապատեակատվության» վրա, այլ իրականության՝ այն ոչ թե «տարակուսելի» պետք է գնահատել, այլ ԱՊՕՐԻՆԻ ու ԱՆԳՐԱԳԵՏ՝ ՀՀ օրենքների, եւ ԽԱՅՏԱՌԱԿ՝ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի հիմքով։
ՀԱԿ վարչության անդամ
Աշոտ Սարգսյան


