Աշոտ Սարգսյան. Թե ինչու է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը հունից հանում ե՛ւ Ն. Փաշինյանին, ե՛ւ Ռ. Քոչարյանին
Այս հոդվածն ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի չէ։
Նա պաշտպանության կարիք չի ունեցել, չունի եւ չի ունենալու։
Պաշտպանության կարիք ունեցել է եւ ունի մեր օբյեկտիվ, իրական պատմությունը։
Այդ պատմությունը, հատկապես իր նորագույն մասով, կեղծվել ու կեղծվում է ամենաանամոթ ձեւով, կարծես՝ թշնամաբար։
Մինչդեռ պատմությունը կեղծելը ո՛չ գիտական, ո՛չ էլ բարոյական խնդիր է։
Մի կողմից՝ «հայրենասեր» հայ պատմաբանները, քաղաքական գործիչները եւ վերլուծաբանները զայրանում են մեր պատմության հետ կապված՝ թուրքական եւ ադրբեջանական պատմագրության զեղծարարություններից, մյուս կողմից՝ իրենք են կեղծում սեփական պատմությունը՝ հավասարվելով, երբեմն անգամ գերազանցելով նրանց։
Պատմությունը կեղծելը ծանր հանցագործություն է՝ հղի ազգի, պետության կործանման վտանգով ու հետեւանքներով։ Պատահական չէ, որ դեռ միջնադարում, ըստ Սերվանտեսին վերագրվող խոսքի, պատմության կեղծումը համարվում էր դրամանենգության հանցանքին հավասար եւ պատժի նույն՝ առավելագույն չափի արժանի հանցանք։
***
Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթները, նրա վերջին հոդվածը «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն» վերնագրով, արժանացավ լայն տարածման։ Որքան ավելի լայն է լինում նրա խոսքի տարածումը, նույնքան հախուռն ու մեծ է լինում դրա «հակազդեցությունը» իշխանական ճամբարից, որպես կանոն՝ անձամբ առաջին դեմքի՝ Ն. Փաշինյանի գրառումներով ու գլխավորությամբ։ Եւ, որքան մեծ ու հիստերիկ է լինում այդ «հակազդեցությունը», դա էլ ստույգ նշան է այն բանի, որ Առաջին նախագահը հերթական անգամ ճիշտ նշանակետին է խփել։
Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգության շարժառիթը, ինչպես միշտ, եղել ու մնում են Հայաստանի Հանրապետության ապահովությունը վտանգող այսօրվա երեւույթները, խնդիրները, վաղվա հնարավոր մարտահրավերների կանխումը։
Երկրի, պետության, նրա ժողովրդի համար որքան վտանգավոր են արտաքին չարակամ ուժերը, շատ ավելի վտանգավոր են նույն այդ ուժերի համար դուռ բացող ներքաղաքական անկայունությունն ու խառնաշփոթը։ Իսկ վերջինիս հիմքում, որպես կանոն, այլ բան չի լինում, քան հասարակության պառակտվածությունը, տարբեր շերտերի միջեւ թշնամության եւ ատելության հրահրումն ու խորացումը, հասարակական այս կամ այն խավի սուր կարիքների նկատմամբ անուշադրությունը եւ այլն։ Ահա այս հիմքերով է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշյալ հոդվածով Փաշինյանի գործողությունների ու գործելակերպի առիթով արտահայտել է իր անհանգստությունը։
Ն. Փաշինյանի «պատասխանում» այս թեման ընդհանրապես բացակայում է։
Բանական ու փաստարկված խոսքի դեմ, ընդհանրապես, ավելի խելամիտ է լռելը։ Իսկ «պատասխանել» նման դեպքերում՝ հնարավոր է միայն պատմական փաստերի կեղծմամբ, խեղաթյուրմամբ, դրանք պարզապես գլխիվայր շուռ տալով, հիմնական խնդիրները շրջանցելով ու բոլորովին այլ թեմաների անցնելով։ Իսկ դրա համար ոչ թե խելամտություն է պետք, այլ պարզապես կոխկրճել բարոյականության բոլոր նորմերը, կորցնել ամոթի ու պատկառանքի զգացումը, քայլել ընդհուպ սեփական մարդկային արժանապատվության վրայով, բացահայտ սուտ խոսել, ընդհուպ՝ ասել բաներ, տալ գնահատականներ, որոնց տրամագծորեն հակառակն ինքդ ասել ես տարիներ առաջ։
Երբ կեղծիքն ու հերյուրանքը չափից դուրս ցածրորակ են՝ մի տեսակ վիրավորական է դառնում դրանց արձագանքելը, հակադարձելը, ստացվում է, որ լրջացնում ես անհեթեթությունը, ակամա դրան կշիռ ես տալիս։ Ամբողջությամբ ցածրորակ նման հերյուրանք էր Ն. Փաշինյանի նաեւ հաջորդ օրն արած երկրորդ գրառումը՝ 1996 թ. նախագահական ընտրությունների, 1998-ին՝ պետական հեղաշրջման, 2008 թ. մարտի 1-ի հետ կապված՝ ամեն անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար օգտագործելով «փախչել» բառը։ Մեկ անգամ չէ, որ հրապարակվել են նույն Փաշինյանի՝ այս եւ նմանօրինակ այլ հարցերի առիթով տված տրամագծորեն հակառակ մեկնաբանություններն ու գնահատականները։ Հարյուրավոր ու հազարավոր տարաբնույթ փաստաթղթերով հաստատվող իրողություններն ու փաստերն են մնալու պատմության մեջ, անհիմն կեղծիքներն ու այսօրեական պետքերին ծառայող հերյուրանքները ցնդելու են։
Եւ, այնուամենայնիվ, արժե մատնանշել փաստի խեղաթյուրման թեկուզ մեկ նմուշ Ն. Փաշինյանի խոսքից։
Ասում է՝ Մարտի 1-ին «իրականության զգացումը կորցրած» Լեւոն Տեր-Պետրոսյանը նստեց տանը, եւ ինքն է, որ այնտեղ է եղել մինչեւ վերջ. «Ես այնտեղ էի մինչև վերջ, ես հրապարակից հեռացած վերջին մարդն եմ եղել, և որևէ մեկը հակառակը չի կարող ապացուցել»:
Հիշեցնենք թեկուզ միայն հայտնի լուսանկարը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի վաղ առավոտյան ծածկոցը ուսերին, միայնակ Ազատության հրապարակում՝ հրապարակվել է երեւի տասնյակ հազար անգամ՝ որպես ֆոտոփաստ այն բանի, որ նա Ազատության հրապարակում վերջինն էր։ Միայն դա արդեն փաստի արձանագրում է։ Նույնքան անգամ գրվել ու արձանագրվել է, որ նրան ոստիկանները բռնի ուժի գործադրությամբ են տարել իր առանձնատուն եւ ենթարկել տնային բանտարկության։ Փաստի արձանագրում է նաեւ այն, որ Ն. Փաշինյանը մարտի 1-ի — լույս 2-ի գիշերը անհետացավ. տարուց ավելի մնաց ընդհատակում։ Դա նույնպես փաստ է։ Ընդ որում, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, դա «փախչել» չպետք է համարել եւ այդ փաստի տակ հիմա էլ ոչ մի մեղադրական բան չպիտի դնել։
Իսկ մարտի 1-ին մինչեւ վերջ հրապարակում մնացած եւ բռնությամբ հեռացված ու տնային կալանքի ենթարկված Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակեց դժվարին պայքարը։ Չլիներ նրա ամենօրյա ջանադիր, տքնաջան, գրագետ ու հետեւողական քաղաքական աշխատանքը՝ զուգակցված նաեւ փողոցային պայքարով, հարյուրից ավելի քաղբանտարկյալները, այդ թվում նաեւ Ն. Փաշինյանը դեռ շատ տարիներ կմնային բանտերում։
Հիմա նաեւ անհեթեթության մի նմուշ Փաշինյանի խոսքից։
Ասում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչպես հիմա, այնպես էլ իր նախագահության տարիներին «կտրված է եղել իրականությունից»։
Եթե երկրի ղեկավարի «իրականությունից կտրված լինելը» կարող էր պայմանավորել մի քանի հարյուր հազար փախստականների, երկրաշարժից ավերված երկրի ու դրա հետեւանքով եւս մի քանի հարյուր հազար անօթեւանների հոգսը ուսերին, լիակատար տնտեսական շրջափակման պայմաններում իրենից մի քանի անգամ հզոր հակառակորդի դեմ հաղթանակը, ապա շատ կուզեինք, որ գոնե երբեմն, ինչ-որ չափով «իրականությունից կտրված» լինեին նրա հաջորդները՝ Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը։ Եթե «իրականությունից կտրված լինելը» այդպիսի մի հզոր կախարդական վիճակ է՝ գտնենք համապատասխան միջոց կամ մասնագետ, որ Ն. Փաշինյանին էլ վերջապես գոնե մեկ-մեկ «կտրի իրականությունից» եւ խոչընդոտի Հայաստանի թավագլոր այս ընթացքը դեպի անհայտություն։
***
Իսկ այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանի նույն ելույթի առիթով Ռոբերտ Քոչարյանի արձագանք-«հակադարձումը»՝ իր խոսափող թե ձայնափող Տիգրան Քոչարյանի կատարմամբ («Հրապարակ» 21.08.2025)։
Թվում է, թե այս երկու «արձագանքները» որեւէ ձեւով միմյանց հետ կապ չունեն, եւ ճիշտ կլիներ դրանց առանձին անդրադառնալ։ Մանավանդ՝ մեկը իշխանություն է, մյուսը նույն այդ իշխանության թիվ մեկ ընդդիմությունը։ Համոզված ենք, որ սրանց կապը ՕՐԳԱՆԱԿԱՆ է (վաղուց արդեն շատերն են այդ մասին գրում), ավելի քան օրգանական. Տեր-Պետրոսյանին «հակադարձելը» հավասարապես կենսական է թե՛ Ն. Փաշինյանի, թե՛ Ռ. Քոչարյանի համար, այս դեպքում նրանք նույն հիմքն ու շարժառիթն ունեն։
Ահա Տ. Քոչարյանի երկու հիմնական «մտքերը», որոնց պարզապես անհնար է այլ ոճով արձագանքել, քան սարկազմով.
1. Լեւոն Տեր-Պետրոսյանը իրականում մշտապես եղել է Ն. Փաշինյանի աջակիցը, խորհրդատուն եւ իշխանության պահապանը։ Եւ այս հոդվածով էլ հոգատարությամբ նրան զգուշացնում, խորհուրդ է տալիս չանել քայլեր, որոնք կարող են երկրի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնել, ժողովրդին գրգռել, ասում է՝ «քո երեսից կարող է հեղափոխություն լինի», դու կորցնես իշխանությունը եւ խափանվի մեր համատեղ ծրագիրը։
Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն, իր տասնամյակների քաղաքական, դիվանագիտական փորձառությամբ, տեխնիկական եւ այլ միջոցների այսօրվա հնարավորությունների պայմաններում եւ այլն, ուրիշ ձեւ չի գտել Փաշինյանին կարեւոր ու կոնսպիրատիվ այս ուղերձը հղելու, խորհուրդը փոխանցելու, եւ դա արել է հրապարակային կոշտ քննադատական խոսքով։ Տ. Քոչարյանի նման «դիտողունակ» քաղաքական վերլուծաբանն էլ, ահա, դա նկատել ու արձանագրում է որպես դավադրություն, ապացույց այն բանի, որ նրանք իրականում ոչ թե հակառակորդներ են, ինչպես ցույց են տալիս իրենց հրապարակային խոսքում, այլ նույն «ծրագրին» լծված համախոհներ ու աջակիցներ։
Կեցցե՜ բանականությունը ու տրամաբանությունը…
2. Իսկ ո՞րն է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Փաշինյանի համատեղ ծրագիրը ըստ գերդիտողունակ այս քաղաքագետ-վերլուծաբանի։
Ասում է՝ Հայաստանում պրոթուրքական կուսակցությունը գոյություն է ունեցել անկախությունից ի վեր, եւ այն գլխավորել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Անկախությունից ի վեր նա վարել է ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ (նաեւ հակաիրանական) քաղաքականություն։ 1996 թվականին էլ «նրան նշանակեցին նախագահ» (հայտնի չէ՝ ով), որպեսզի ի կատար ածի «Հայաստանի թուրքացման» ծրագիրը։ «Պրոթուրքական» այդ ծրագիրը վերջնականապես իրականացնել նրան թույլ չտվեց «Արցախյան եւ Հայաստանյան ռազմական էլիտան»։
Տեսնենք, թե ինչպիսին է Լեւոն Տեր-Պետրոսյանի «հակառուսական» եւ «պրոթուրքական» քաղաքականության դրսեւորումների շղթան՝ միայն մի քանի օղակներով։
- Երկրի ղեկավարի կարգավիճակով առաջին այցը նա կատարեց Մոսկվա, եւ դա ակնհայտ հակառուսական քայլ էր։
- Հակառուսականության դրսեւորում եւ արդյունք էին նախագահ Ելցինի հետ նրա ջերմ բարեկամական հարաբերությունները։
- Հակառուսականության ցցուն գործնական քայլ էր իր իսկ առաջարկությամբ Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայումը։
- Հակառուսական եւ ակնհայտ «պրոթուրքական» քայլ էր Հայ-թուրքական սահմանների պաշտպանությունը ռուսական սահմանապահներին վստահելը։
- Ի պատասխան եւ ի գնահատումն Լեւոն Տեր-Պետրոսյանի կոշտ հակառուսականության է, որ նույն Ռուսաստանից անվճար ստացավ այնքան զենք, որի միայն ոչ մեծ մի մասի հետքերի հայտնաբերումը Ռուսաստանում լուրջ ներքաղաքական ճգնաժամի հիմք էր դարձել՝ ընդհուպ սպառնալով նախագահ Ելցինի իշխանությանը։
- Հակառուսականության գագաթնակետն էլ 1997 թ. ստորագրած Հայ-ռուսական «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին Մեծ պայմանագիրն» էր։
- Եւ վերջապես, հաստատ, նրա, որպես հակառուսական գործչի գնահատականը տվել են Ռուսաստանի՝ ժամանակի ամենաբարձր ու հեղինակավոր պաշտոնյաները՝ ամենափառավոր բնորոշումներով ու գնահատականներով։
Չէ, այնպես չէ, որ Տ. Քոչարյանը այբուբենի մակարդակի այս իրողությունները չգիտի։
Ուստիեւ՝ շատ մեղմ կլինի, եթե ասենք կեղծում է, աղավաղում, օգտագործենք անբարոյականություն, անպատկառություն եւ նմանօրինակ որակումներ։
Ինչպես ամեն լեզու, առավել եւս՝ մեր հարուստ հայերենը, անշուշտ ունի ցանկացած երեւույթ, արարք որակելու, բնորոշելու համար ճշգրիտ ու արժանի բառեր ու հասկացություններ։ Նման դեպքերի համար՝ նույնպես։ Սակայն դրանք ընդունված չէ օգտագործել հրապարակային խոսքում, առավել եւս՝ գրավոր։
***
Հիմա տեսնենք, թե ինչու է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը նույնպիսի «հակադարձում» ստանում ինչպես Ն. Փաշինյանի, այնպես էլ նրա «թիվ 1 ընդդիմադիր» Ռ. Քոչարյանի կողմից հավասարապես։ Այդպես չպիտի լիներ. Փաշինյանին քննադատելը (ով էլ դա աներ) պետք է ուրախացներ նրա «մոլի քաղաքական հակառակորդ» Քոչարյանին» եւ՝ հակառակը։ Ինչո՞ւ է խախտվում այս տրամաբանությունը, եթե նրանք իրոք մոլի հակառակորդներ են.
1. Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես միշտ, հիմա էլ ՔԱՂԱՔԱԿԱՆ խոսք է ասում ՔԱՂԱՔԱԿԱՆ մտահոգությամբ, այն է՝ ելակետ ունենալով երկիրը, նրա ժողովուրդը, պետականությունը։ Այդպես է եղել միշտ, այդպիսին են եղել նաեւ նրա գործունեությունը եւ գործելակերպը ինչպես իր իշխանության շրջանում, այնպես էլ ընդդիմության դերում։ Այդ խորապատկերի վրա ընդգծվում է, որ տրամագծորեն հակառակ՝ անտիքաղաքական են քաղաքականության եւ իշխանության մասին Ն.Փաշինյանի եւ Ռ. Քոչարյանի պատկերացումը եւ գործելակերպը՝ ուղղված սեփական ամբիցիաները բավարարելուն, սեփական նյութական եւ այլ շահերի։ Ուստիեւ, ավելի քան բնական է, որ իրական քաղաքական խոսքը եւ գործելակերպը նրանց երկուսի համար էլ հավասարապես վտանգավոր է ու կործանարար։ Ընդ որում՝ ոչ միայն այսօր ասված խոսքը, այլեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` որպես պետական գործչի անցյալը՝ թե՛ որպես երկրի ղեկավար, թե՛ որպես ընդդիմադիր ուժի առաջնորդ։
2.Մամուլում եւ սոցալական հարթակներում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տարբեր տարիների եւ այսօրվա քաղաքական տեքստերի մեծածավալ շրջանառությունը դրանց նկատմամբ հետաքրքրության կտրուկ մեծացման մասին է վկայում։ Մեծանում է նրա հսկայական քաղաքական ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը. հատկապես երիտասարդության շրջանում դրա շնորհիվ տարածվում ու արմատավորվում են իրական քաղաքական պատկերացումներն ու մտածողությունը։ Դա նույն անհանգստությունը պետք է պատճառի ինչպես Ն. Փաշինյանին, այնպես էլ Ռ. Քոչարյանին։
3.Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական խոսքը որպես գործոն ազդում է երկրի քաղաքական օրակարգի, զարգացումների ընթացքի վրա։ Նրա մի քանի հրապարակումներն էին, որ կանխեցին Ն. Փաշինյանի պլանավորած ու հռչակած՝ Էջմիածնի վեհարանի վրա «հավատացյալ ժողովրդով» հարձակվելու եւ Վեհարանը կաթողիկոսից ազատելու արկածախնդրական, ներքաղաքական իրավիճակը խաթարելու վտանգով հղի ծրագիրը։
25 օգոստոսի, 2025թ.


