Ասողիկ աբեղա Կարապետյան. Թող Ամենասուրբ Աստված Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր, անդեմ ու աննկարագիր սպասավորներին
«Սիրելիներ,
Շնորհակալ եմ Ձեր հեռախոսների և գրառումների համար, որով Ձեր զորակցությունն եք հայտնում և անվերապահ նվիրումն ու հավատարմությունը հանդեպ Մայր Աթոռը և մեր ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետը:
Հայոց Եկեղեցին զորեղ է և այս փորձությունն ամրությամբ և իմաստությամբ կհաղթահարի՝ ինչպես անցյալի բոլոր փորձությունները:
Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ նույնատիպ մի քանի քահանաներ:
Որոշ է, որ բոլոր այս աստվածուրաց և հակաեկեղեցական՝ գայթակղեցնող գործողություններն ու անձերը, որոնք այլևս աստվածային պատժի ներքո են, արժանանալու են նաև մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին:
Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին:
Փառք Քեզ, Տեր, ամեն ինչի համար փառք Քեզ: Թող Լուսավորչյան տեսիլքի համաձայն մեր Սուրբ Եկեղեցին ազատվի այդ «խավար բեռից», որպեսզի աստվածային լույսն անստվեր ճառագայթի ու լուսավորի Հայաստան աշխարհը և հայ ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս:
Քահանայք և ժողովուրդ, սիրելի ուխտապահ հարազատներ, շարունակենք մեր նվիրյալ և հավատարիմ՝ անկասելի երթը, քանզի Աստված Իր ողջ արդարությամբ ու ճշմարտությամբ Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեզ ամենքիս հետ է»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյան
Նշենք՝ բազմաթիվ հոգևորականներ իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին: Նրանք այդ մասին հայտարարություններ են հրապարակում համացանցում։ Աջակցություն հայտնող հոգևորականների թիվը շարունակ աճում է։
«Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային»։( Սուրբ Հովհաննես Առաքյալ)
Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Նրանք մնալու են ամոթով։
Չարի բոլոր կապանքները փշրվելու են ։
Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի։
Ապաշխարեցե'ք և ետ դարձե'ք ձեր խոտոր ճանապարհից, վաղը ուշ է լինելու։
Եկեղեցին անպարտելի է։
Իմ որդիական սերն ու հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին»։
Աստված պահապան մեր ազգին և մեր ուխտապահ հոգևոր դասին։
Տեր Մաղաքիա քահանա Օհանյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․.«Փառքդ շա՜տ, Տէր Աստված, որովհետև այսօր իմացանք, թե ո՛ր քահանաների գինն է 5 միլիոնադրամ, իսկ ո՛ր Քահանաներն են, որ հոգին ու պատիվը չեն վաճառում...»։
Նշենք, որ հունվարի 9-ի երեկոյան և այսօր առավոտյան մեկ տասնյակից ավել հոգևորականներ՝ հիմնականում ծխական քահանաներ, որոնք պատկանում են Նիկոլ Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսների ղեկավարած թեմերին, հայտարարություններ են տարածել առ այն, թե միանում են Հայ Եկեղեցու այսպես կոչված ծրագրին:
«Եկեղեցու բարենորոգումը պետական այրերի իրավասության մեջ չէ և չի կարող կատարվել պետության ճնշման, արտաքին հարկադրանքների ներքո։ Տեղի ունեցող գործընթացները կոպտագույն խախտում են թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ Եկեղեցու ինքնիշխանության ու իրավունքների», 24News-ին փոխանցել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը:
Լրացված.
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։


