Ավետ Գրիգորյան. Լևոն Տեր-Պետրոսյանին այսօր ներկայացվող «մեղքերից» մեկը նրա հրաժարականն է։ Բայց...
Լեւոն Տեր-Պետրոսյանին այսօր ներկայացվող «մեղքերից» մեկը նրա հրաժարականն է։
Ասվում է «...եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահ էր, որ արցախյան հիմնահարցի լուծման իր առաջարկը ճիշտ էր, թող հրաժարական չտար, իշխանությունից հեռացներ էդ եռյակին՝ Ռոբին, Սերժին, Վազգենին ու առաջ տաներ իր գիծը»։
Առաջին հայացքից դա չանելը թվում է սխալ, նույնիսկ թուլության նշան։
Բայց…
Հրաժարականի հայտարարությամբ նա ասել է «Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր»: Հետագայում այս ասածը հիմնավորելու համար բացահայտել է, որ հակառակ դեպքում քաղաքացիական պատերազմ հրահրելու վտանգ կար։
Հրաժարականի հիմնավորումը այսքանով չբավարարվողներին հիշեցնենք նաեւ Ազգային ժողովում Վանո Սիրադեղյանի ելույթից մի հատված։
«Նախեւառաջ ուզում են ամրապնդել իշխանությունը եւ ամրանալ Հայաստանում (Ռոբերտն ու Սերժը)։ Ինչի համար նախ հարկավոր էր զավթել իշխանությունը։ Ինչպես միշտ, անխափան գործեց շանտաժը։ Նախագահին եւ պաշտպանության նախարարին սպառնացին, որ պատանդ կպահեն մեր զորակոչիկներին, եւ Նախագահը հրաժարական տվեց։»
Հրաժարականից մի քանի ամիս առաջ նրանք՝ Ռոբերտը, Սերժը եւ նրանց հավատացած Վազգենը, իրոք զավթեցին իշխանությունը։ Ազգային ժողովում ուժային ճնշումներով իրականացվեց հայտնի առնետավազքը (թե ինչպես դա արվեց, որպես վկա, մի օր կխոսեմ այդ մասին), ինչի արդյունքում Ազգային ժողովում ձեւավորված «Երկրապահ» խմբակցությունը ունեցավ որակյալ մեծամասնություն՝ որոշումներ կայացնելու բացարձակ հնարավորությամբ, իսկ Նախագահին կողմնակից պատգամավորների թիվը կտրուկ նվազեց եւ նրանք զրկվեցին քաղաքական որոշումների վրա ներազդելու հնարավորությունից։
Չգիտես ինչու առնետավազքից հետո ստեղծված այս իրողությունը չի հիշատակվում որպես հրաժարականի էական դրդապատճառ։
Բանն այն է, որ համաձայն այդ ժամանակ գործող սահմանադրության, չնայած վարչապետին նշանակում էր ՀՀ Նախագահը, Ազգային ժողովը, չունենալով նրան հաստատելու իրավասություն, կարող էր նրա կողմից ձեւավորած կառավարությանը հայտնել անվստահություն՝ դա անելով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնից հեռացներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, մեր երկիրը կհայտնվեր նոր կառավարություն ձեւավորելու անհնարինության մեջ, քանի որ իրենց ոչ ցանկանալի նշանակված ցանկացած նոր վարչապետի ձեւավորած կառավարությանը Ազգային ժողովը անվստահություն կհայտներ։
Արդյունքում երկիրը կհայտնվեր անկառավարելիության քաոսի մեջ ինչից անխուսափելիորեն կօգտվեր հակառակորդը։
Ահա նաեւ սա՝ երկիրը նորանոր ցնցումների չտանելը, բերեց պետական մտածողության կրող առաջին Նախագահի հրաժարականին։


