Ավետ Գրիգորյան. Լիովին պաշտպանելով այս առաջարկը ցանկանում եմ մի դիտողություն-լրացում անել
Քանի որ Հայ Ազգային Կոնգրեսի միջոցառմանը որոշվեց ներկայացված նախընտրական ծրագրային դրույթների վերաբերյալ անել դիտողություններ, առաջարկներ, փորձեմ կարծիք հայտնել դրանցից մի շատ կարեւորի մասին։
Խոսքս հյուսիս-հարավ երկաթուղու կառուցման մասին է, առաջարկ, որը թվում է երազանքների շարքից է։ Այս առաջարկը տարիներ առաջ մշակված մի նախագիծ է, որի արժեքը գնահատված է 3.2 մլդ դոլար։ Այս թիվը կարող է շատերի մոտ առաջացնել կարծիք, թե ՀԱԿ-ը կորցրել է իրականության մասին պատկերացումները։ Բայց... հիշենք թե ինչպես 1995-ին Հեյդար Ալիեւի հեռատես մտածողության արդյունքում կառուցվեց, էլի միլիարդների արժեք ունեցող, Բաքու-Ջեյհան նավթամուղը։ Այդ նավթամուղը կառուցվեց ոչ միայն Ադրբեջանի ներդրումով, այլեւ ութ այլ պետություններ ներկայացնող ընկերություններից կազմված կոնսորցիումի միջոցներով (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Հունգարիա, Թուրքիա, Հնկաստան, Ճապոնիա)։
ՀԱԿ-ի առաջարկված նախագիծը նույնպես պետք է իրականացնել միջազգային կոնսորցիումի ձեւավորմամբ՝ այն երկրների, որոնք անշուշտ շահագրգռված կլինեն այդ լոգիստիկ ճանապարհի գործարկմամբ։ Նախագծի իրականացմանը միջազգային կոնսորցիում ներգրավելը կլինի Հայաստանի համար անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիք։
Լիովին պաշտպանելով այս առաջարկը ցանկանում եմ մի դիտողություն-լրացում անել։
Հայաստանում առկա երկաթուղային ճանապարհների ցանցը տեղ-տեղ գտնվում է շատ անմխիթար վիճակում։ Չնայած դրան առաջարկվող երկաթուղու արդյունավետ գործունեության համար արժե դիտարկել լրացուցիչ մի փոքր հատվածի կառուցում։
Հիմնավորեմ առաջարկս։
Եթե առաջարկվող երթուղին հասնի մինչեւ Գագարին, ապա այդտեղից Վրաստան գնալու համար գնացքը պիտի կատարի մեծ պտույտ Հրազդան-Երեւան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի երթուղով։ Նույնը Գյումրիից Թուրքիա մտնելու համար։
Առաջարկում եմ քննարկել Հրազդան-Մեղրաձոր-Ֆիոլետովո առկա, սակայն չշահագործվող երկաթգծի նորոգման ու Ֆիոլետովոյից մինչեւ Վանաձոր-Ալավերդի երկաթգծին միացող մի հատվածի կառուցման տարբերակը։
Այդ հատվածի երկարությունը կլինի ամենաշատը 28-30 կմ, իսկ Վրաստան կամ Թուրքիա երթուղիների կրճատումը շատ զգալի։


