Այսօր իշխանությունների կողմից բռնությունների ենթարկված զոհված հերոսների ծնողների օրն է (տեսանյութեր)
«2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ 2022 թվականին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Եռաբլուր չայցելեց։
2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին Եռաբլուր չայցելեց։
2020 թվականի պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ նահատակվեցին, 2022 թվականի ագրեսիայից հետո՝ ևս մի քանի հարյուր մարդ զոհվեց, սակայն, իշխանությունն այդ օրերին, թեման մոռացության մատնեց և շրջանցեց:
Երբեք չի մոռացվելու ժողովրդի սրբավայր Եռաբլուրում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը, որովհետև հենց այդ խայտառակությունն ու խարանն են բնութագրում այս իշխանության էությունն ու վերաբերմունքը հայրենիքի պաշտպանին և նրա առաքելությանը», ֆեյսբուքի իր էջում գրում է փաստաբան Տիգրան Աբրահամյանը:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կերպարը հենց այսօրվա «պետականորեն» նշվող օրվա «խորհրդի» մեջ է:
Հանուն սեփական իշխանության ու օտար տերերի ակնկալիքների զոհաբերել հազարավոր մարդկանց կյանքը և միլիոնավոր մարդկանց անվտանգությունն ու արժանապառվությունը («որ մեզ չասեն դավաճան», «որ հաշտությունը Ադրբեջանի հետ և երկխոսությունը Թուրքիայի հետ հնարավոր դառնա»), իսկ հետո հայտարարել զոհաբերված մարդկանց հիշատակի օր և խոնարհվել նրանց առաջ:
Ավելի շնորհալի սրբապիղծ մեր հողը դեռ չէր ծնել»:
Նշենք՝ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»։ Նախաձեռնության հեղինակներն են ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
Այս նախաձեռնության հեղինակների սահմանած օրը՝ հունվարի 27-ը, զոհված զինծառայողների ծնողների մոտ զայրույթ է առաջացրել: Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է զոհվածի հայր Գեղամ Նազարյանը ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հետ որոշել հիշատակության օր սահմանել ոչ թե սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, այլ հունվարի 27-ը, որից մեկ օր անց Բանակի օրն է։
Այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուրում տեղակայվել են դիպուկահարներ, որոնք հսկում էին Փաշինյանի անվտանգությունը։
Ինչի՞ սեպտեմբերի 27-ին ոչ մի բան չի ընդունվում պետական մակարդակով, չի թողնո՞ւմ ադրբեջանցին. զոհվածի ծնող
Տեսանյութում՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, ոստիկանները ուժ կիրառելով՝ Եռաբլուրից հեռացրեցին զոհված զինծառայողների ծնողներին և խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը:


