Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել դատարան
Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին ղեկավարներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
Երաշխավորագիրը դատարան ներկայացրեցին Քոչարյանի պաշտպանները։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը։
«Այն անձը, ով երաշխավոր է հանդես գալու, նման ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է դատարան ներկայանա և իր կամարտահայտությունը վերահաստատի։ Այդ է պահանջում նաև Քրեական դատավարության օրենսգիրքը, բացի այդ դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի նրա իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ նրան նախազգուշացնի այն հետևանքների մասին, խոսքը վերաբերում է հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, որովհետև շատ լավ տեղյակ եք, որ անձը, որը երաշխավորում է, բացի որոշակի գումար մուծելուց, կրում է նաև պատասխանատվություն հետագայում, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի», — ասաց դատավորը։