Դավիթ Իշխանյան. Մեզ անուղղակիորեն հասկացնում էին. դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները (աուդիո ուղերձ)
Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել։ Իշխանյանի ուղերձը հրապարակվել է Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում։
«...ես հիմա մի նյութի մասին պիտի խոսեմ, որ կարծում եմ հանրության համար էլ դա հասկանալի կլինի։
Երկու-երեք ամիս, երբ որ մենք այստեղ էինք, դեռևս 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին, այն անհատները, պաշտոնական անձինք, որ մեր հետ շփվում էին, հարաբերում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացնում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները։
Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք՝ ինչպես կարող է այդպես լինել, ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է և հասկանալի, որ ցավոք այդպես է։
Ցավոք, զարգացումները և այս դատավարության գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թվում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում, որ ուրիշ կարծիք ունենանք, այլ այդ կարծիքը դառնում է համոզմունք, հատկապես վերջին զարգացումների ֆոնին, երբ որ ղարաբաղցիների հասցեին ինչ-որ, այսպես ասած, իրականությանը չհամապատասխանող բաներ են փոխանցվում։ Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց երբևէ առիթ կլինի, պարզապես պիտի ասեմ, բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը, ով և ում, այսպես ասած, գործունեության արդյունքում է այս ամենը տեղի ունեցավ։ Ինչևէ, երեք տարի է մենք այստեղ ենք, մոտավորապես երեք տարի է։
Պիտի ասեմ՝ ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ ոգու և ոչ կամքի ուժը մեզ չեն լքել և չեն դավաճանել։ Այսուհետ էլ այդպես է լինելու։ Ցավալի է, ինչ որ կա, բայց մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։ Ես պիտի առիթը օգտագործեմ շնորհակալություն հայտնելու բոլոր այն մարդկանց, բոլոր այն կառույցներին, այն կազմակերպություններին, ովքեր իրենց ջանքերն են գործադրել, որոշումներ կայացրել, հայտարարություններ արել, որպեսզի մեզ անհապաղ ազատեն։ Այդ բոլոր կառույցները, կազմակերպությունները, անհատները համոզված են, որ մենք անմեղ ենք և անմիջական պետք է վերադառնանք մեր ընտանիքների կողքը...»։
Հիշեցնենք՝ Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը շինծու քրեական գործերով Բաքվում դատապարտվեցին ցմահ ազատազրկման։
Ամբողջական ուղերձը՝ ստորև․


