Երբ գա հատուցման ժամը, իսկ այն գալու է, այս բոլոր պաշտոնյաները նույնպես պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ. Բացատրագիր
Զարմանքով նկատել ենք վերջերս, որ կան շատերը, որոնք ազնվորեն չեն հասկանում պետական պաշտոնյայի ու քաղաքացու (իրավունքի ու պարտավորության) տարբերությունը։ Ձեր շրջապատում էլ կլինեն։ Վիճելու ու վիրավորելու կարիք չկա։ Հանգիստ ու սիրով բացատրեք։ Բացատրագիրն այս հուսանք ձեզ ապավեն կլինի այդ հարցում։
Դիցուք՝ իրենց իրավական պետություն հռչակած աշխարհի ԲՈԼՈՐ երկրներում քաղաքացիները բաժանվում են երկու խմբի։ Ի դեպ, «բոլոր»-ը, սիրելի ընթերցող, դա այն տիեզերական բազմությունն է, որն իր մեջ ներառում է բացարձակապես յուրաքանչյուր օբյեկտ՝ առանց բացառության, բացի, իհարկե, նրանցից, ովքեր կարծում են, թե իրենք օրենքից վեր են կամ ֆիզիկայի օրենքներից դուրս:
Եվ ուրեմն, կան քաղաքացիներ, որոնց օրենքով թույլատրվում է անել ԱՄԵՆ ԻՆՉ, ինչն օրենքով չի՛ արգելվում։ Հայաստանի դեպքում սա ամրագրված է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածով, որն ասում է. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին»:
Եվ կան քաղաքացիներ, որոնց թույլատրվում է անել ՄԻԱՅՆ ԱՅՆ, ինչը նրանց ուղղակիորեն թույլատրված է օրենքով։ Այ էս երկրորդ խմբի «դժբախտները» պետական պաշտոնյաներն են։ Հայաստանի դեպքում սա ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասն է, որը պողպատե տառերով արձանագրում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։
Հիմա կասեք՝ էլի նույն բացատրագրով նույն բանն է բացատրում։ Ինչքան կարելի է...Ինչ անենք, մեր գործն էլ էդ է. միտքը ծամել, մարսել, հանել դնել ձեր ոտներու տակը, որ դուք ալ կարդաք ու փոխանցեք։
Եվ ուրեմն՝ մարդ կա, որին կարելի է անել ԱՄԵՆ ԻՆՉ, ինչը օրենքով չի արգելվում, մարդ էլ կա, որին կարելի է ՄԻԱՅՆ ԱՅՆ, ինչը օրենքով սահմանված է որպես նրա անելիք կամ իրավասություն։ Ինչպես կասեր Արթուր Մեսչյանը՝ «ահա և վերջ»։
Դառնանք նորից մեր դարդին. ԱՅՈ, Հայ Առաքելական Եկեղեցին, ցանկացած հոգևորական, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՕՐԵՆՔՈՎ իրավունք ունե՛ր և ունի՛ պահանջելու Փաշինյանի հրաժարականը և կարծիք հայտնելու ցանկացած այլ սաստիկ քաղաքական հարցի շուրջ։ Իսկ Փաշինյանն ու ուսապարկերը Եկեղեցու գործերին միջամտելու իրավունք ՉՈՒՆԵ՛Ն, որովհետև օրենքն է այդպիսին։
ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է պետությանը միջամտել եկեղեցու ներքին կյանքին, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը վերահաստատում է պետության չմիջամտելու պարտավորությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետական պաշտոնյա ՉԷ՛, սիրելիներս։ Հասկանալի է, որ կզարմանաք։ Բայց այդպես է։ Հազարուքանի տարվա մեր ինքնության անբաժանելի մասը՝ այո՛, բայց պետական հաստատություն՝ Ո՛Չ։ Իրավական, օրենքի տեսանկյունից բոլոր հոգևորականները, Կաթողիկոսը ձեզնից յուրաքանչյուրի պես սովորական քաղաքացի են և ունեին, ունեն և պե՛տք է ունենան (եթե Եկեղեցու դեմ Նիկոլի լենկթեմուրյան արշավանքը չհաջողի) սեփական կարծիքը ցանկացած բանի մասին բարձրաձայն արտահայտելու իրավունք։
Ավելին, զուտ բարոյական տեսանկյունից չափազանց խնդրահարույց կլիներ, երբ Հայոց Ցեղասպանությունից հետո հայերին ու Հայաստանին պատած ամենամեծ աղետից՝ 2020թ․-ի պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ձայն չհաներ, կարծիք չասեր։
1918-ին, երբ թուրքերը Սարդարապատի մատույցներում էին, Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսը հրաժարվեց լքել Մայր Աթոռը՝ ասելով. «Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամուն կանգնեցնել, ես կմեռնեմ հենց այստեղ»: Նա չսպասեց «պաշտոնական թույլտվության» քաղաքականություն մտնելու համար:
Իսկ ինչու՞ է Եկեղեցին օրենքով անջատ պետությունից։ Որպեսզի պետությունը՛ չխառնվի Եկեղեցու գործերին։ Ժողովուրդ ջան, ախպեր ջան, ընկեր ջան, բալամ, այդ անջատումը սահմանված է ոչ թե պետությունը Եկեղեցուց, այլ Եկեղեցի՛ն պետությունից պաշտպանելու համար։ Ինչու՞։ Եկեղեցին, ինչպես ցանկացած կրոնական կազմակերպություն, օրենքի տեսանկյունից համարվում է մարդու խիղճն ու հոգին։
Մարդկությունը պատմության բովով անցած կակաշների արդյունքում հասկացել է, որ պետք է օրենքով ԱՐԳԵԼԵԼ պետությանը ազդելու, խառնվելու, միջամտելու մարդու խղճին ու հոգուն վերաբերող բոլոր հարցերին։
Բա ո՞նց դա կարգավորել։ Մարդիկ մտածել են, գլուխները քորել են լիքը (հատկապես Թոմաս Ջեֆերսոնը շատ է քորել այս թեմայով) և հասկացել են, որ սա օրենքով սահմանելու լավագույն ձևը հետևյալն է. օրենքի մեջ գրել, որ եթե դու պետական պաշտոնյա ես, տոբիշ՝ ձեռքիդ տակ կա հարկադրանքի՝ մարդկանց ստիպելու միջոց կամ գործիք (ոստիկան, ԱԱԾ, տանկ, հարկային, դատախազ), ապա օրենքով սահմանվի, թե դու ինչպես, երբ, ինչքան, որտեղ, քանի անգամ կարող ես օգտագործել այդ հարկադրանքի միջոցները։
Երբ վարչապետը որոշում է, թե ով է ինչ-որ թեմի առաջնորդ, ով պիտի պատարագ մատուցի ու ինչպես, և պատժիչ գործողություններ է ձեռնարկում Եկեղեցու դեմ, նա չարաշահում է իր լիազորությունները, խախտում է Սահմանադրությունը, տապալում է սահմանադրական կարգը, ինչը ԾԱՆՐԱԳՈՒՅՆ քրեական հանցագործություն է, քանի որ ՕՐԵՆՔՈՎ նա այդպիսի բան անելու լիազորություն ՉՈՒՆԻ՛։ ՀՀ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն (Սահմանադրական կարգը տապալելը)՝ նման արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
Իսկ երբ մենք խոսում ենք սահմանադրական կարգի տապալման մասին, պետք է հասկանալ մի պարզ բան. դա մեկ մարդու «սոլո-համերգ» չէ։ Դա մի ամբողջ նվագախումբ է, որտեղ ամեն մի «ուսապարկ», ամեն մի դատախազ ու քննչականի պետ իր նոտան է նվագում։ Ու եթե վարչապետը «կեղծ նոտա» է վերցնում, իսկ մնացածը շարունակում են ծափահարել կամ նվագակցել, նրանք դառնում են հանցակից։
Իրավական պետության մեջ պետական մեքենան ունի զսպումների և հակակշիռների համակարգ հենց նրա համար, որ եթե «գլուխը» (վարչապետը) խենթանա, «ձեռքերն ու աչքերը» (իրավապահները և խորհրդարանը) կանգնեցնեն նրան։
Եթե նրանք ոչ միայն չեն կանգնեցնում, այլև մասնակցում են այդ «ծիսակարգերին», նրանք դառնում են հանցակիցներ։ ՀՀ Քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ ով է հանցակիցը։ Դա միայն այն մարդը չէ, ով սեղմում է ձգանը կամ ստորագրում ապօրինի թուղթը։ Հանցակից են նաև դրդիչները և օժանդակողները։
Գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի նախագահը այն մարդիկ են, ում օրենքը տվել է «աչքեր» և «սուր»՝ պետական կարգը պաշտպանելու համար։ Երբ նրանք տեսնում են, որ վարչապետը բացահայտ խախտում է Սահմանադրության 17-րդ հոդվածը (միջամտություն եկեղեցու գործերին), բայց փոխանակ քրեական գործ հարուցելու՝ գնում նստում են նրա «մասսայական» հավաքներին, նրանք խախտում են.
- Հոդված 441 (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում կամ անցում). Երբ պաշտոնյան իր դիրքն օգտագործում է ոչ թե օրենքը պաշտպանելու, այլ քաղաքական կամայականությանը ծառայելու համար։
- Հոդված 450 (Հանցագործության մասին չհայտնելը կամ այն չխափանելը). Եթե իրավապահը տեսնում է սահմանադրական կարգի տապալման փորձ և չի գործում, նա դառնում է այդ հանցագործության պասիվ մասնակիցը։
Երբ գա հատուցման ժամը (իսկ այն գալու է, նորից ցիտելով Մեսչյանին՝ «մենք դեռ հանդիպելու ենք նույն այս դժոխքում»), այս բոլոր պաշտոնյաները չեն կարող ասել՝ «մենք հրաման էինք կատարում», որովհետև սահմանադրական կարգի տապալմանը (Հոդված 418) օժանդակելը նույնպես պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ։
Ահա և վերջ։


