Երկրի ղեկավար համարվող անձը արդարացնում է եկեղեցի քանդելը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։
Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը»։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել.
«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Կովկասի մուսուլմանների վարչության վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի բռնապետական ռեժիմի բարբարոսություններն արդարացնող՝ կրոնական քողի տակ թաքնված խայտառակ և էժանագին սպասարկություն։
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը և այն «ապօրինի շինություն» անվանելու լկտիությունը բացահայտ ցինիզմի գագաթնակետն է։ Աստծո տունը, կրոնական սրբավայրը պղծողն ու հողին հավասարեցնողը ոչ թե իրավունք է հաստատում, այլ ստորագրում է սեփական վայրենի, ահաբեկիչ էության տակ։ Սա մշակութային եղեռնագործություն է՝ նպատակաուղղված Արցախից հայկական շունչն ու արմատը իսպառ վերացնելուն։
Անբարոյականության հասնող կեղծավորություն է, երբ հայկական եկեղեցիներ քանդողին ու խաչքարեր պղծողին արդարացնողները հանդգնում են Հայոց Եկեղեցուն մեղադրել «խաղաղությանը խոչընդոտելու» մեջ։ Լսե՛ք և լավ հիշե՛ք. էթնիկ զտումների, ավերված վանքերի, սրբապղծության և բռնի տեղահանված արցախահայության արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք։ Արժանապատվության ոտնահարմամբ և հիշողության ջնջմամբ պարտադրվողը խաղաղություն չէ, դա հանձնվողականության ու նվաստացման ակտ է, որը մենք երբե՛ք չենք ընդունելու։
Երբ որևէ հոգևոր կառույց արդարացնում է վանդալիզմը, այն դադարում է կրոնական լինելուց և վերածվում է ոճրագործի հանցակցի։ Բայց ոչ պակաս հանցակից է նաև միջազգային հանրությունը։ Ձեր կույր և խուլ լռությունը, ձեր ստանդարտացված ու անկարող «մտահոգությունները» Բաքվին տալիս են անպատժելիության անսահմանափակ լիցենզիա։
Մենք խստագույնս պահանջում ենք վերջ տալ միջազգային դիվանագիտական կեղծավորությանը: Իրավապաշտպան, կրոնական և մշակութային կառույցները (այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն) կամ դուրս են գալիս վախկոտ դիտորդի կարգավիճակից և կոշտ պատժամիջոցներ պահանջում Ադրբեջանի դեմ, կամ հավասարապես կիսում են այս մշակութային ցեղասպանության մեղքը։ Անհրաժեշտ է անհապաղ գործուղել անկախ միջազգային առաքելություն՝ Արցախ, մշտադիտարկելու խայտառակ ավերածություններն ու պատասխանատվության ենթարկելու այս բարբարոսության հեղինակներին ու կատարողներին։
Բարբարոսի բուլդոզերն ու պատվերով գրված վարչական հայտարարությունները չեն կարող ջնջել հայկական պատմությունը։ Արցախի եկեղեցիների քարերը նույնիսկ ավերված վիճակում ավելի զորեղ են, քան ձեր ողջ պետական քարոզչամեքենան»։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Բայց իրոք պատկերացնում ե՞ք՝ ինչ վիճակում ենք, որ այսօր՝ մեր աչքի առաջ, երկրի ղեկավար համարվող անձը արդարացնում ու նորմալ է դարձնում եկեղեցի քանդելը։ Սա այն անձն է, որ ամիսներ շարունակ մոլեռանդ պայքար էր մղում Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ իբր «բարեփոխելու»։ Իսկ ավելի մեծ անհեթեթությունն այն է, որ այս անձը փորձում է մնալ ՀՀ վարչապետ։ Ասենք էլի՝ ի՞նչ անի, ի՞նչ ասի, ո՞նց բացատրի հայ հանրությանը, որ ինքը սպասարկում է այլ պետության, ավելի ստույգ՝ Ադրբեջանի շահերը։ Չգիտեմ էլի՝ սրանից ուղիղ էլ ոնց պետք է խոսի․․․
Ես երբեմն հումոր եմ անում, բայց մեզ հետ կատարվողը իրականում աբսուրդ է»։
Նշենք, որ այսօր Փաշինյանը նաև հայտարարել է, որ չի պատրաստվում Ստեփանակերտի Մայր եկեղեցու ոչնչացումը «միջազգային հարց սարքել»:


