Էրո Ասիլյան. Խնդիրը ոչ թե հայրապետն է, այլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես հոգևոր, ազգային և աստվածային հենասյուն
Քրիստոնեական պատմության մեջ երբեք չի եղել ժամանակ, երբ ճշմարիտ Եկեղեցին խաղաղ թողնված լինի։ Հալածանքը, զրպարտությունը, ներսից քայքայման փորձերը միշտ ուղեկցել են նրան, որովհետև Եկեղեցին պարզապես ինստիտուտ չէ, նա Քրիստոսի կենդանի մարմինն է երկրի վրա։
Խնդիրը ոչ թե հայրապետն է որպես անձ, այլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես հոգևոր, ազգային և աստվածային հենասյուն։ Հայրապետը այստեղ խորհրդանիշ է, ոչ թե պատճառ։ Ինչպես բոլոր ժամանակներում, իշխանական կամ աշխարհիկ ուժերը երբեք չեն բավարարվել միայն դեմքերով, նրանց նպատակը եղել է այն համակարգը, որը չի ենթարկվում աշխարհիկ իշխանությանը, որովհետև ծառայում է միայն Աստծուն։
Հայ Առաքելական Եկեղեցին՝ հակաքրիստոնեական աշխարհակարգի կոկորդին է կանգնած։ Եվ հենց սա է նրա «մեղքը» ժամանակակից հակաքրիստոնեական աշխարհակարգի աչքում։ Եկեղեցու դեմ հարձակումը երբեք չի սկսվում հավատքից բացահայտ հրաժարումով։ Այն սկսվում է հոգևոր հեղինակության նվաստացմամբ, հոգևորականների ծաղրով, սրբության նկատմամբ արհամարհանքով։ Սա սատանայական ռազմավարություն է, ոչ թե քաղաքական պատահականություն։
Աստվածաբանական ճշմարտությունը պարզ է.
Սատանան երբեք չի կարող հաղթել Աստծուն։ Բայց սատանայի որդիները կարող են ժամանակավորապես մոլորեցնել նրանց, ովքեր դադարում են ապրել որպես Աստծո զավակներ։
Եթե մենք իսկապես Տիրոջ զավակներն ենք, ապա չենք մասնակցում սրբապղծությանը, նույնիսկ եթե այն փաթեթավորված է «առաջադեմ», «ժողովրդավարական» կամ «նոր Հայաստանի» բառերով։


