Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Եռաբլուրում. «Եվրոպան պետք է բացի աչքերը և վերջապես դուրս գա լռությունից»
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամինն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն եւ լուսանկարներ հրապարակել:
«Եռաբլուր զինվորական գերեզմանատուն: Այս հազարավոր դրոշներից յուրաքանչյուրի տակ զինվոր է ամփոփված, որ զոհվել է անցյալ տարի՝ Հայաստանը պաշտպանելով ագրեսիայից: Նրանց մեծ մասը հազիվ 20 տարեկան էր: Ամբողջ Եվրոպան պետք է բացի աչքերը և վերջապես դուրս գա լռությունից»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը ֆեյսբուքի իր էջում:
Նա մեջբերել է Լուի Արագոնի «Կարմիր պաստառ» բանաստեղծությունից քառյակ, որը գրվել է 1954 թվականին Փարիզի ХХ շրջանի փողոցի անվանման մեջ Մանուշյանի խմբի հիշատակի հավերժացման առիթով: Բանաստեղծությունը գրվել է Մելինե Մանուշյանի՝ մահապատժի ենթարկված իր ամուսնու մասին գրքի տպավորության տակ.
«Մնաք բարով թախիծ ու խինդ,
Մնաք բարով վարդեր,
Մնաս բարով կյանք, մնաք բարով լույս ու քամի:
Ամուսնացիր եւ երջանիկ եղիր, իմ մասին էլ հաճախ մտածիր.
Դու, որ շարունակելու ես ապրել հիասքանչ աշխարհում,
Երևանում – հետո, երբ ամեն ինչ ավարտվի»: