Եվրոպական խորհրդարանի բանաձևն ընդունվել է ի հեճուկս Փաշինյանի իշխանության. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին, այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
«Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։
Վերջերս, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրամիության պաշտոնյաների հետ։
Մեր օրակարգային հարցերի կենտրոնում էր նաև հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը։
Մենք վերահաստատեցինք և համոզվեցինք, որ Եվրամիությունը պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևն ընդունվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ և նրանց ջանքերով, այլ՝ ի հեճուկս նրանց։
Մինչ Եվրոպական խորհրդարանում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և պահանվջում ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին՝ ընդունելով այս բանաձևը, Նիկոլ Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ։
Այլևս անհերքելի է, որ Փաշինյանն Ալիևի կամակատարն է և երբեք չի համարձակվի հակադրվել իր տիրոջը և պաշտպանել Հայաստանի շահերը։
Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը կարող է հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց զիջումների։ Դրա համար պետք է լինել ուժեղ և համարձակորեն պաշտպանել մեր երկրի շահերը՝ չընկրկելով Ալիևի ճնշումների առաջ։ «Ուժեղ Հայաստանը» հաստատելու է խաղաղություն՝ առանց զիջումների»,- նշված է հայտարարության մեջ:
Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որով պահանջում է Ադրբեջանից անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին, ռազմագերիներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի (Արցախի) նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Այս բանաձևով Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները, միջազգային իրավունքի նորմերի անտեսումը և կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին ու կառույցներին ճնշում գործադրել Բաքվի վրա՝ ապահովելու բոլոր հայ պահվող անձանց անվտանգ վերադարձը հայրենիք:
Բանաձևն ընդունվել է 492 կողմ և 23 դեմ ձայներով։
Եվրախորհրդարանը նաև դատապարտել է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումները և պահանջել հարգել կալանավորվածների հիմնարար իրավունքները։


