«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Գայանե Աբրահամյան. «Ուղիղ 1 տարի առաջ Մարտի 1-ի պատասխանատուներից մեկը մեզ սպառնում էր Մարտի 1-ով»

Գայանե Աբրահամյան. «Ուղիղ 1 տարի առաջ Մարտի 1-ի պատասխանատուներից մեկը մեզ սպառնում էր Մարտի 1-ով»

Իսկապես խորհրդանշական էր, որ մարտի մեկի տուժածների աջակցության տրամադրման օրինագծի քննարկումը օրակարգով համընկավ հենց այս օրվա հետ, ցավոք մտքերի փոխանակման համար նախատեսված տասը րոպեի ժամանակը կրճատվեց և ստիպված հընթացս կրճատեցի նաև ասելիքս, բայց մարտի 1-ի մասին չխոսել չէի կարող, ստորև ամբողջ ասելիքս, որ հապշտապ գրեցի հենց նիստերի դահլիճում։ Այսօր Ազգային ժողովում «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«2008-ի մարտի 1-ը նորանկախ Հայաստանի մեծագույն ողբերգությունն ու խարանն է: Սա այն սահմանագիծն է, որը մեր պետությունն ու ժողովրդին վերադարձրեց ԽՍՀՄ ռեպրեսիաների հիշողությունը, սակայն ոչ թե մի երրորդ կողմի ձեռամբ, այլև մեր իսկ պետության իշխանության։

2008-ի մարտի 1-ի սպանությունների եւ վիրավորված անձանց հետ կապված խնդիրների վերջնական բացահայտումը, ինչպես նաեւ պետական մակարդակով համապատասխան իրավա-քաղաքական գնահատականի բացակայությունը դարձել էին Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը:

Աշխարհի շատ երկրներ ու ժողովուրդներ են անցել անկախացման ու ինքնիշխանության հասնելու փշոտ ճանապարհը: Դրանք ծանրագույն զոհողություններ են պահանջել մարդուց` քաղաքացուց: Գուցե սա էլ մեր ժողովրդի ճանապարհն է, որ պիտի անցնենք պատվով ու պարզ ճակատով, սակայն այս նպատակին հասնելու համար պետք է շատ հստակ գնահատական տանք անցյալի սխալներին ու դժնդակ էջերին: Անձամբ ինձ համար մարտի 1-ը հենց այդ անկյունաքարն է որին պետք է տանք շատ հստակ քաղաքական ու իրավական գնահատական: Աներկբա է, որ հենց սա է դառնալու մեր երկրի ու ժողովրդի անվտանգ ու բնականոն ապագայի գրավականը:

Աջակցության կամ փոխհատուցման մասին տասը տարի շարունակ խոսցել է, սակայն միայն այսօր է այս նախաձեռնությունը կյանքի կոչվել և ուզում եմ շեշտել, որ աջակցության այս ինստիտուտը կարևոր է որպես նախադեպ, սա անուղղակի քաղաքական հանձնառույթուն է պետության կողմից քաղաքացու առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման ուղղությամբ։

Մարտի մեկն այն ողբերգությունն էր, որի հետևանքով մենք կորցրեցինք քաղաքացի լինելու մեր իրավունքը, իսպա՛ռ կորցրեցինք, ու հնարավոր եղավ այն վերականգնել միայն տասը տարի անց, սա հանրությանը տոտալ վախի մթնոլորտի մեջ գցելու, սեփական քաղաքացիական իրավունքների իրացման բացարձակ խախտման, խոսքի ազատության և արտահայտման ազատության աննախադեպ խախտումների մի շրջափուլ էր, որին միայն տասը տարի անց տրվեց քաղաքական և իրավական գնահատական և միայն տասը տարի անց քաղաքական կամք դրսևորվեց այս հանցագործության բացահայտման համար։

Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է, պետությունն ու տվյալ պահի իշխանությունն էր պարտավոր իր քաղաքացիների կյանքի իրավունքի պաշտպանությունն ապահովել և սա ոչ այնքան ֆինանսական աջակցության հարց է, այլ առավելապես բարոյական տիրույթում է, քաղաքական գնահատականի, քաղաքական պատասխանատվության ստանձնման հարթության վրա։

Սա կարևորագույն քայլ է հանրային համերաշխության արմատավորման ուղղությամբ։

Ես ուզում եմ այսօր այստեղ վերահաստատել այն քաղաքական գնահատականն ու հայտարարությունը, որն արվել էր «Իմ քայլը» խմբակցության կողմից մարտի 1-ին՝ շեշտելով, որ մենք հանձն ենք առնում ջանքեր գործադրել թե՛ օրենդրական մակարդակում, թե՛ առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրականացնելու, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը և քաղաքական ճնշումները ներհասարակական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները և ազատությունները անկաշկանդ իրացնելու ուղղությամբ։

2008թ․ այս դահլիճում ներկա գտնվող պատգամավորներն այն ժամանակ կարող էին կանխել այդ զարհուրելի իրադարձությունները, քաղաքական այս թիվ մեկ մարմինը կարող էր դառնալ մարդկանց կյանքի փրկության ատյանը, սակայն այն ոչ միայն չկանխեց, այլև հետագայում հաստատեց ու լեգիտիմացրեց դրան հաջորդած քաղաքական հետևանքները։ Այսօր ունենք հնարավորություն, տասը տարի ուշացումով, մեղմելու այն անգործությունը որը ժամանակին դրսևորեցին շատերը: Ձեր քվեարկությունը այն կարևոր տուրքն է լինելու այդ օրերի իրադարձությունների զոհերի և տուժածների հարազատներին։

Խոնարհվում եմ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների ու հարազատների առջև, վստահեցնում եմ, որ անելու ենք մեր ուժերի ներածին չափով հնարավորինը նրանց անդառնալի վիշտն ամոքելու համար, ջանք չենք խնայելու նրանց հետագա սերունդների երջանիկ ապագան կերտելու գործում»: