Հարութ Ուլոյան. Անկախության 35-ամյակին ընդառաջ․ Ղարաբաղը՝ որպես հակամարտության առանձին կողմ ճանաչելու ճանապարհին
Լուսանկարում ՝ Բորիս Ելցին, Լևոն Տեր-Պետրոսյան, Նուրսուլթան Նազարբաև, Հայազ Մութալիբով (սեպտեմբեր 1991թ., Ժելեզնովոդսկ)
Անկախության 35-ամյակին ընդառաջ․ Ղարաբաղը՝ որպես հակամարտության առանձին կողմ ճանաչելու ճանապարհին
1991 թվականի գարնանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԽՄ և ադրբեջանական ուժայինների կողմից իրականացված տեղահանություններից ու վայրագություններից հետո, չնայած լայն դիմադրությանը, երբ թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում գործող կոնկրետ շրջանակներ պահանջում էին, որպեսզի Հայաստանը հրապարակայնորեն, որպես իրականացվող քաղաքականություն, Ղարաբաղի խնդիրը հայտարարի որպես ռազմական՝ ազգային-ազատագրական խնդիր, այնուամենայնիվ թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում ազդեցություն ունեցող շրջանակներում գտնվում են քաղաքական-դիվանագիտական մտածելակերպ ունեցող անձինք, որոնք շատ արագ հասկանում են, որ հրապարակայնորեն նման նպատակադրումների սահմանումը ոչ միայն հեռանկարային չէ ( առաջին հերթին՝ ԽՄ ուժայինների հետ առճակատման գնալու առումով), այլև անընդունելի և անընկալելի է լինելու միջազգային հարաբերությունների տեսակետից։
Այս իրավիճակում թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում առաջ է քաշվում «առճակատման քաղաքականությունից երկխոսության քաղաքականություն» անցնելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, չէր ժխտում ինքնապաշտպանության դիմելու իրավունքը։
Նույն այդ ժամանակաշրջանում, օրինակ, Հայոց համազգային շարժումը տարածում է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում էր հետևյալը․
«[…] Մի՞թե առաջին իսկ վտանգի, թշնամու առաջին իսկ գրոհի դեպքում արցախցին կարող է թողնել իր օջախը, հեշտորեն կորցնելով հայրենիքը:
Բայց այդպես, գաղթականի ու դատապարտվածի, տան, հայրենիքի պաշտպանությունը կրկին օտարին ապավինելու հոգեբանությամբ, ո՞ւր ենք գնում: Այդ հոգեբանությամբ, եթե պահանջեն, պիտի լքենք նաեւ Զանգեզուրը, Արարատյան դա՞շտը։
Ոչ ոք, մեզնից բացի, չի պաշտպանելու մեր տունը: Հայաստանը կպաշտպանի Արցախը իր բոլոր հնարավորություններով, բայց դրա համար նախ արցախցին պիտի ամուր մնա իր հողին, հաղթահարելով խուճապն ու զրկանքները: Բանակի ու ադրբեջանցիների կողմից տեղահանված առաջին իսկ արցախցու մուտքը Հայաստան՝ Արցախի կորստի սկիզբն է նշանակում:
Հայրենիքը կորցնողը ոչ միայն կորցնում է ապրելու բարոյական իրավունքը, այլեւ՝ հնարավորությունը:
Մենք հավատում ենք դարերով իրենց ազատությունն ու հողը սեփական ուժերով պահպանած արցախահայության՝ հայրենիքն ամեն գնով պաշտպանելու վճռականությանը»:
***
Մայիսի 16-ին ԼՂԻՄ տեղական ղեկավար մարմինների ժողովը որոշում է ընդունում՝ կոչ անելով ադրբեջանական կողմի հետ երկխոսության և ԼՂԻՄ-ի վերաբերյալ ընդունված հակասահմանադրական որոշումների չեղարկման։ Առանձին նամակ է հղվում նաև Գորբաչովին, որտեղ նշվում է, որ պետք է վերջ տալ առճակատմանն ու հակասահմանադրական գործողություններին և հարցերը քննարկել բանակցությունների միջոցով։
Նմանատիպ որոշում է ընդունվում նաև հունիսի 20-ին ԼՂԻՄ մարզային և շրջանային ղեկավար մարմինների խորհրդակցության ժամանակ։ Նույն ժամանահատվածում տեղի է ունենում ԼՂԻՄ ներկայացուցիչների և Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հանդիպումը, որտեղ ԼՂԻՄ ներկայացուցիչները բարձրացնում են ԼՂԻՄ սահմանադրական մարմինների լիազորությունների վերականգնման հարցը։ Հանդիպումներ են տեղի ունենում նաև ԽՍՀՄ ղեկավարության հետ։
Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահ Մաքսիմ Միրզոյանը, ով մասնակցում էր այդ քննարկումներին, հայտարարում է հետևյալը․ «Կա ընդդիմություն, որը, մեղմ ասած, չի ընդունում մեր ջանքերը։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր մտածում են իրենց տակ ամուր հիմք չունեցող հռչակագրերի կատեգորիաներով։ Մենք ցանկացած ընդդիմադրին պատրաստ ենք լսել միայն այն դեպքում, եթե նա ունենա հստակ ծրագիր։ Ղարաբաղը գյուղեր է կորցնում, կորցնում է իր բնակչությունը։ Իսկ մենք մինչեւ կոկորդը կուշտ ենք հռչակագրերից։ Եթե Երեւանում նստած ինչ-որ մեկը մտածում է, որ իր հոգին Ղարաբաղի համար ավելի շատ է ցավում, ապա չարաչար սխալվում է։ Նրանք մնում են ծագումով ղարաբաղցիներ, որոնք հանգիստ ապրում են Երեւանում։»
***
Արդեն օգոստոսյան պուտչից հետո, հասկանալի էր, որ ԽՍՀՄ ղեկավարությունն այլևս չունի այն ազդեցությունը, ինչ ուներ մինչ այդ։ Ավելին, շատ ավելի առարկայական էր դառնում ԽՍՀՄ-ի փլուզման հեռանկարը։ Այդ պայմաններում հրատապ խնդիր էր դառնում, մի կողմից, Ադրբեջանից Ղարաբաղի տարանջատման, իսկ, մյուս կողմից, միջնորդների ներգրավման հարցերը։ Հարցեր, որոնց լուծումը պետք է ծառայեցվեր Ղարաբաղը որպես հակամարտության առանձին կողմ դիտարկելուն։
Ադրբեջանի և Ղարաբաղի (ռեակցիոն քաղաքականության արդյունքում), ապաև Հայաստանի անկախության (նախապես ծրագրված քաղաքականության արդյունքում) հռչակման իրադարձությունների պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործադրած ջանքերի արդյունքում միջնորդական առաքելություն են ստանձնում Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները։ Սեպտեմբերի 16-ին ԽՍՀՄ Պետական խորհրդի նիստում, ըստ էության, Գորբաչովը տեղի է տալիս։ Տեր-Պետրոսյանն առաջարկում է նաև, որպեսզի միջնորդական առաքելությամբ Ադրբեջան, Ղարաբաղ և Հայաստան այցելեն Ելցինն ու Նազարբաևը։ Չնայած Ղարաբաղում սահմանադրական մարմինների վերականգմանը վերաբերող բանակցային դրույթի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիմադրությանը, այնուամենայնիվ, հաջողվում է ձեռք բերել պայմանավորվածություններ։
Օրեր անց, Տեր-Պետրոսյանն իր առաջարկությունը մեկնաբանում է հետևյալ կերպ․ «Այցելության նշանակությունը, բացի երկու ժողովուրդներին համապատասխան երաշխիքների մատուցումից, այն պայմանավորվածությունն է, որ հրամանագրի ստորագրումից հետո կսկսվեն լուրջ, համակողմանի բանակցություններ Հայաստանի, Ադրբեջանի եւ, որ ամենակարեւորն է, Արցախի ներկայացուցիչների միջեւ: Ի դեպ, մինչեւ այժմ բանակցությունները հաջողության չէին հասցնում նաեւ այն պատճառով, որ դրանցում Արցախը հանդես չէր գալիս որպես բանակցությունների սուբյեկտ։ Կարծում եմ, բանակցություններն արդյունքի կհանգեցնեն միայն այն դեպքում, երբ ապահովվի դրանցում Արցախի լիիրավ մասնակցությունը։» (19.09.1991թ․)
Դրանից օրեր անց, Հայաստանի անկախության հանրաքվեի օրը՝ սեպտեմբերի 21-ին, Ելցինն ու Նազարբաևը ժամանում են Բաքու, Գյանջա, ապա Ստեփանակերտ, այնուհետև Երևան, իսկ սեպտեմբերի 23-ին բոլոր կողմերի ներկայացուցիչները, այդ թվում՝ ԼՂ-ի, մեկնում են Ժելեզնավոդսկ, որտեղ շուրջ 12 ժամ տևած բանակցություններն ամփոփվում են համատեղ համաձայնագրով, որի հիմնական դրույթը սահմանում էր հետևյալը․ «Կողմերը գտնում են, որ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը հակամարտության կարգավորման համար կարևոր ու պարտադիր պայմաններ են կրակի դադարեցումը, ԱՀ և ՀՀ կողմից ընդունված ԼՂԻՄ-ին վերաբերող հակասահմանադրական որոշումներն անվավեր ճանաչելը, օրինական իշխանությունների իրավասությունների ընդունումը, հակամարտության գոտուց բոլոր զինված կազմավորումների դուրսբերումը՝ բացառությամբ ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի և Զինված Ուժերի ստորաբաժանումների»։
Բանակցություններից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է հետևյալը․ «Նախ, կկամենայի նշել, որ չի կարելի ասել, թե այսօր մենք լուծեցինք Ղարաբաղի խնդիրը։ Մենք կատարեցինք սոսկ առաջին, զգույշ քայլը այդ շատ բարդ խնդիրը լուծելու ուղղությամբ: Կոմյունիկեն լուրջ աշխատանքի արդյունք է, փոխզիջողական փաստաթուղթ։ Դա նշանակում է, որ այն լիովին չի բավարարում ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայկական կողմին: Երկու կողմերի միջեւ չկա լիակատար փոխըմբռնում բոլոր հարցերում: Սա պետք է ընդգծել՝ գիտակցելու համար, որ առաջիկայում դեռեւս լուրջ աշխատանք է սպասվում»։
***
Ի՞նչ խնդիրներ էր լուծում հայկական կողմը տվյալ իրադարձությունների ֆոնին․
1․ ԽՄ ապագայի անկանխատեսելիության պայմաններում, լուծվում էր, մի կողմից, «ժամանակ ձգելու», իսկ, մյուս կողմից, ինքնապաշտպանական կարողություններն ամրապնդելու ու համակարգելու խնդիրները։
2․ Դիվանագիտական ասպարեզում սահմանվում էր, որ Հայաստանն իր առջև ծավալապաշտական ու ռազմական խնդիրներ չի դրել և հանուն խաղաղության հաստատման ի զորու է բանակցությունների սեղանին ճկունություն դրսևորել՝ միաժամանակ չհրաժարվելով պաշտպանել հայկական կողմի շահերը։
3․ Լուծվում էր ԼՂԻՄ-ը՝ որպես սահմանադրական միավոր, վերականգնելու Ադրբեջանի պարտավորության հարցը, ինչը և ապագայում հայկական կողմի համար հիմք է հանդիսացել այլ շրջափուլերում բարենպաստ բանակցություններ վարելու համար։
4․ Այս ամենով, ըստ էության, հիմք էր դրվում ապագայում Ղարաբաղը որպես հակամարտության առանձին կողմ ներկայացնելու և ճանաչել տալու համար։ Ինչը տեղի ունեցավ 1994 թվականին ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում և վերահաստատվեց 1995 թվականին՝ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ հայտարարությամբ։ Խնդիր, որը չէր լուծվի, եթե հայկական կողմը դիվանագիտական հետևողականություն չցուցաբերեր, և չէր լուծվի, եթե հայկական կողմը, չնայած խաղաղասիրական դիվանագիտությանը, լուրջ ինքնապաշտպանական քաղաքականություն չիրականացներ և չաջակցեր ղարաբաղցիների պայքարին։
5․ Վերջին հաշվով լուծվում էր մեկ խնդիր․ «Ղարաբաղը չլքելու, Ղարաբաղին ապավեն կանգնելու, Ղարաբաղը հայկական պահելու» խնդիրը։


