Հարութ Ուլոյան. Մի բան, որը պատմական առումով ոչ այլ ինչ է, եթե ոչ աներևակայելի սխրանք
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր արժանիքը
Դեռ 90-ականներից սկսած թե՛ հայ, թե՛ արտասահմանյան տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագորղներ, ինչպես նաև հասարակության տարբեր շրջանակներ, գնահատելով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը հայ ժողովրդի պատմության մեջ, գրեթե մշտապես, որպես առաջնային արժանիք, մատնանշում են Տեր-Պետրոսյանի ներդրումը կոնկրետ 1988 թվականից սկիզբ առած Ղարաբաղյան շարժման, Հայաստանի անկախության ձեռքբերման և Ղարաբաղյան առաջին պատերազմում ձեռք վերված հաղթանակի մեջ։ Իմ կարծիքով, սակայն, այդ բոլոր ձևակերպումների մեջ կորում կամ լղոզվում է շատ ավելի մեծ արժանիք, առանց որի շեշտադրման, մյուս արժանիքները կորցնում են իրանց բովանդակությունը։
1988 թվականին, երբ ինքնաբուխ կերպով պոռթկացած Ղարաբաղյան շարժման ղեկավարումը ստանձնեց Ղարաբաղ կոմիտեն և շարունակեց առաջ տանել Շարժման օրակարգը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխել Հայաստանի կազմ, այդ ողջ ժամանակահատվածում Հայկական խորհրդային հանրապետության համար, այնուամենայնիվ, Շարժումը պատասխանատվություն չէր կրում։ Կար Խորհրադային Միությունը և, ըստ էության, այդ Միության կազմում եղած հանրապետությունները որևէ դերակատարում չունեին միմյանց հետ քաղաքականապես փոխհարաբերվելու և գրեթե ամեն ինչ կառավարվում էր Կրեմլից՝ ԽՄ վերնախավի կողմից։ Հենց այս պարզ իրողության գիտակցմամբ էր, որ Շարժումն ու Կոմիտեն իրենց խոսույթը գլխավորապես ուղղում էին ոչ թե տեղի՝ Հայաստանի կոմկուսի իշխանություններին, այլ՝ Կրեմլին։ Նրանք, ըստ էության, ուղիղ բանավեճի կամ առճակատման մեջ էին հենց ԽՄ ղեկավարության ու անձամբ Գարբաչովի հետ։
Երբ ակնհայտ դարձավ, որ Խորհրդային պետությունը չի պատրաստվում այդ հարցը լուծել, կամ, ավելի ճիշտ, Ադրբեջանին «լիազորել» է այդ հարցը լուծել բռնի ուժի գործադրմամբ, Շարժումն աջակցեց Ղարաբաղի ինքնապաշտպանվելու իրավունքն իրացնելուն։ Սակայն այդ դիրքորոշումը, ևս, չէր կարող անդրադառնալ Հայակական խորհրդային հանրապետության ճակատագրի վրա․ վատագույն դեպքում՝ Ղարաբաղ կոմիտեի ու Շարժման ղեկավարությունը կգնդակահարվեր, Հայաստանի կոմկուսի ղեկավարը հերթական անգամ կնշանակվեր Կրեմլին հնազանդ ինչ-որ մեկը և դրանով հարցը կփակվեր։ Սակայն աշխարհաքաղաքական զարգացումների, ԽՄ ներքին ճգնաժամերի, Ղարաբաղյան շարժման տարերային բնույթի ներքո, արդեն 1990 թվականի օգոստոսին, Շարժումը, նախ, դարձավ Խորհրդային Հայաստանի ղեկավարություն, այնուհետև առաջնորդեց Հայաստանի անկախացման գործընթացը և 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը։
ԽՄ փլուզումից հետո, Ղարաբաղի խնդիրն այլևս չէր կարող դիտարկվել ընդհանուր Պետության ներսում եղած «տեղային» խնդիր, և այդ պայմաններում, ընտրվելով Հայաստանի նախագահ, միանգամից կրելով Հայաստանի գոյության պատասխանատվությունը, Տեր-Պետրոսյանը չընկրկեց, չդավաճանեց Շարժմանը և շարունակեց առաջ տանել Ղարաբաղի ինքնորոշման օրակարգը՝ այն հարմարեցնելով այդ պահին առկա միջազգային տրամաբանությանը։
Նորանկախ Հայաստանի իշխանությունները մի կողմից, դիվանագիտական ասպարեզում, ամեն ինչ անում էին, որպեսզի իրադրությունը չսրվի ու հակամարտությունը չվերածվի ռազմական բախման, իսկ մյուս կողմից ամեն ինչ անում էին, որպեսզի ռազմական միջամտություններն արժանանան համարժեք պատասխանի։ Ու չնայած արտաքին ու տեղի որոշ սադրանքներին, որոնց նպատակը Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ ներքաշելն էր, Տեր-Պետրոսյանի ու իր թիմի դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ոչ միայն կասեցվեց նման սցենարի հավանականությունը, ոչ միայն Հայաստանը որևէ պաշտոնական դիրքորոշմամբ ռազմական գործողությունների պատասխանատվություն չկրեց, այլև արձանագրվեց Ղարաբաղի հաղթանակն ու Ղարաբաղը ճանաչվեց որպես հակամարտության կողմ։
Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակաբար օրակարգում պահեց Ղարաբաղի հարցը՝ շատ լավ գիտակցելով, որպես անկախ պետություն, դրա պատասխանատվությունն ու դրանից բխող հետևանքները, որոնք Հայաստանի համար դրսևորվեցին տարատեսակ ճգնաժամերի ու շրջափակման՝ որոշ դուսպրծուկների ու թշվառների կողմից որպես «ցուրտ ու մութ», կամ, արդեն, որպես «ավանտյուրա» որակվող տարիների տեսքով։
Մինչև 2023 թվականի հայտնի դեպքերը, «Ղարաբաղը հայկական պահելու» օրակարգը եղել է Տեր-Պետրոսյանի գլխավոր, եթե ոչ՝ միակ, մտահոգությունը։ Մինչև Ղարաբաղի հայաթափումը, չի եղել Տեր-Պետրոսյանի մի ֆունդամենտալ ելույթ կամ հայտարարություն, որում կարմիր թելի պես չարձանագրվի այդ մտահոգությունն ու չմատնանշվի տվյալ պահի առաջնահերթությունները։
Ո՞րն է, ըստ այդմ, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր արժանիքը։ Այդ արժանիքը, իմ համեստ կարծիքով, հենց այդ հանգամանքն է՝ Ղարաբաղի խնդիրն չդավաճանելը, Ղարաբաղի խաչն արժանապատվորեն կրելը։ Մի բան, որը պատմական առումով ոչ այլ ինչ է, եթե ոչ աներևակայելի սխրանք։


