Հարութ Ուլոյան. Ուզում եք՝ թռեք վեր, ուզում եք՝ ցած իջեք, բայց սա է իրականությունը
թՔՊ-ամերձ լրատվականներն ու շրջանակները, որ ընկած ադրբեջանցի գործիչների հայտարարություններից խոշորացույցով ի օգուտ փաշինյանական «խաղաղության» տողեր են փորձում գտնել, բա ինչո՞ւ նույն ջանասիրությամբ չեն մեջբերում, օրինակ, Ալիևի հետևյալ հայտարարությունը։
Քննադատելով Մինսկի խմբի գործունեությունը, Ալիևը հայտարարել է․ «Մինսկի խումբը ցանկանում էր վերցնել Ղարաբաղը։ Եվ ոչ միայն Ղարաբաղը, այլև Լաչինն ու Քելբաջարը և տալ Հայաստանին։ Եվ դրա դիմաց մեզ խոստանում էին վերադարձնել 5 շրջանները»։
Որ չթվա, թե սա զուտ «ուժեղ տղա» ձևացողի կողմից հետին թվով արված հոխորտանք է (այն կոնտեքստում, թե նա հաղթել է միջազգային հանրությանը), հիշեցնեմ, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի առաջին տասնօրյակի ժամանակ նույն Ալիևը նույն խոսույթով էր հանդես գալիս․ որ պետք է վերադարձվեն 5 շրջանները և ժամկետներ նշվեն՝ մյուս 2-ը վերադարձնելու վերաբերյալ։ Եվ միայն մեկ ամիս անց էր Ալիևն արդեն խոսում Շուշի՝ ադրբեջանցիների վերադարձի ու նմանատիպ թեմաներից։ Իսկ թե ինչ խոսույթով էր հանդես գալիս պաշտոնական Երևանը, հայտնի է բոլորին։
Ադրբեջանի համար «իրատեսական» զարգացումներն այս շրջանակներում են գեներացվել և Ալիևն ու Ադրբեջանը երբեք չէին կարող երազել այն, ինչ նվեր ստացան Փաշինյանի օրոք։
Ու պնդում եմ՝ Փաշինյանը 2 անգամ իր ընտրողների կողմից վերընտրվել է այս իրողությունների հստակ գիտակցման պայմաններում։ Ուզում եք՝ թռեք վեր, ուզում եք՝ ցած իջեք, բայց սա է իրականությունը։


