«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Երևանի տրանսպորտը վայել չէ երևանցուն. Հայկ Մարությանի հարցազրույցը

Երևանի տրանսպորտը վայել չէ երևանցուն. Հայկ Մարությանի հարցազրույցը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքում խիստ հետաքրքիր քաղաքաշինական ծրագրեր  է խոստանում: Նա վճռական է տրամադրված առկա խնդիրների լուծման ու խոստացված ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայկ Մարությանն ամփոփել է անցնող տարում կատարված աշխատանքները, նախանշել գործունեության նոր ուղղություններ:

Պարոն Մարության, ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ Դուք խոստացել էիք մի շարք ոլորտներում փոփոխություններ ու բարեփոխումներ իրականացնել: Դրանցից ամենակարևորն ու առաջնահերթը երևանցիների համար կար և մնում է տրանսպորտային համակարգի բարելավումը: Վերջերս Դուք մեկնել եք Բրյուսել՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։ Ի՞նչ նորություններով եք վերադարձել և մոտ ապագայում որքանո՞վ է Երևանի բնակիչների համար իրատեսական տրանսպորտային նոր համակարգ ունենալը:

Հանրային տրանսպորտի բարեփոխման հարցը, իհարկե, ամենաառաջնահերթ խնդիրներից մեկն է մեր քաղաքում, իսկ այս պահին՝ աղբահանության հարցի սկզբունքային լուծումից հետո, թերևս ամենաառաջնահերթը: Մենք չենք զլանում վերահաստատել այն գնահատականները, որոնք տվել ենք հարցի վերաբերյալ նախորդ տարիներին: Երևանի տրանսպորտն այսօր ոչ միայն հարմարավետ չէ կամ անվտանգ չէ, այլ բառի ամենակոնկրետ իմաստով՝ վայել չէ երևանցուն: Խնդիրը տասնամյակներով համակարգային լուծում չի ստացել, իսկ վերջին տասնամյակի ընթացքում էլ ավելի է վիճակը վատթարացել: Ուստի, տրանսպորտային նոր համակարգի ներդրման, ընդհանրապես, հանրային տրանսպորտի  վերաբերյալ մեր պատկերացումների արմատական փոփոխության խնդրի առաջ ենք այսօր: Առավել ևս, թեթև մարդատար մեքենաների այս ահռելի հոսքի պայմաններում մենք պետք է ստեղծենք հանրային տրանսպորտի մրցունակ համակարգ, պարզ ասած, որպեսզի մարդիկ հրաժարվեն քաղաքում երթևեկել իրենց մեքենաներով ու ավտոբուս նստեն: Այս տարվա ընթացքում վերջնականապես հաստատեցինք նոր տրանսպորտային ցանցի նախագիծը,  մշակեցինք դրա իրագործման ֆինանսական մոդելը, որը հավանության արժանացավ կառավարության կողմից, և արդեն հաջորդ տարվանից, այսպես ասենք, թղթի վրայից հարցը կփոխադրենք իրականացման դաշտ: Համաձայն նոր ցանցի, քաղաքը կսպասարկի տարբեր տարողության ու չափի շուրջ 850 ավտոբուս և ավելի քան 100 տրոլեյբուս: Արդեն մոտ ապագայում կհայտարարվեն առաջին խմբաքանակների ձեռքբերման մրցույթները: Համագործակցության դրական ակնկալիքներ կան նաև մեր ավանդական միջազգային գործընկերների ու բարեկամ երկրների կողմից: Այնպես որ, դեռևս անցյալ դեկտեմբերին ռեֆորմի իրագործման իմ հնչեցրած ժամկետներն ուժի մեջ են, և մենք ռեալ արդյունքները կտեսնենք արդեն 2021-22 թվականներին:   

Շարունակելով տրանսպորտային համակարգի հարցը, նշեմ, որ Ձեր խոստումներից մեկը եղել է նաև մետրոյի առնվազն մեկ կայարանի կառուցումը: Մետրոյի կառուցման ֆինանսավորման ի՞նչ աղբյուրներ է դիտարկում քաղաքապետարանը: Այս պահին, ի՞նչ փուլում են գտնվում ներդրողների հետ բանակցությունները:

-  Այս ուղղությամբ ևս բավական ծավալուն «տնային աշխատանք» ենք կատարել անցնող տարվա ընթացքում: Մշակվել է մի քանի էսքիզ, որոնցից առանձնացվել են առավել նախընտրելիները, մշակել ենք ֆինանսավորման մոդելը, այն է՝ անել գրավիչ առաջարկ պոտենցիալ ներդրողին՝ կառուցել կայարանն ու տեղում ծավալուն բիզնես-նախագծեր իրագործելու հնարավորություն ստանալ: Ըստ մեր հրապարակած էսքիզի, կայարանը պետք է տեղակայվի Հրազդանի կիրճի երկու ափերն իրար կապող կառուցվելիք կամրջի վրա, այսինքն, հենց կամրջի վրա կլինի կառամատույցը: Սա հնարավորություն կտա զգալիորեն օպտիմալացնել ծախսերը, ինչպես նաև դեպի կայարան մուտքի հնարավորություն կլինի երկու կողմից՝ Հալաբյանից ու Կիևյանի հետ հատվող Բարբյուսի փողոցի կողմից:  Հիմա արդեն առարկայական բանակցությունների մեջ ենք պոտենցիալ ներդրողի հետ, որոնք լավատեսության բավական ամուր հիմք են ստեղծում: Մետրոյի կայարանի կառուցումը քաղաքի այդ հատվածի համար զարգացման լուրջ խթան կդառնա:

Պարոն Մարության, վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցումը ևս, ըստ Ձեզ, Երևանի համար գերակա լուծում պահանջող հարցերից է: Ինչպիսի՞ դինամիկա է նկատվում այդ գործընթացում: Առաջիկայում քանի՞ ավտոկայանատեղ է նախատեսվում  կառուցել և հանձնել շահագործման. ինչպիսի՞ տարածքներում կա դրանց անհրաժեշտությունը: 

Երևանի զարգացման 2020 թվականի տարեկան և 2019-2023 թվականների հնգամյա ծրագրերով քաղաքում վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղերի անբավարարության հարցն ամրագրում ենք որպես հիմնախնդիրներից մեկը:  Անցնող տարվա ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Շահումյանի  հրապարակի  և  Վազգեն Սարգսյանի    փողոցների  միջև ընկած  հատվածում  նոր  ստորգետնյա  ավտոկայանատեղերի  էսքիզ-առաջարկը՝ մոտ 510 տեղով: Մտադիր ենք քաղաքի տրանսպորտի, Ճանապարհային ցանցի ու դրա հետ անմիջական կապ ունեցող ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների վերհանման լուծումների փնտրտուքի ընթացքում այս հարցերը համալիր կերպով դիտարկել: Բայց արդեն այսօր քաղաքաշինական պրոյեկտների հաստատման ընթացքում կարևոր տեղ ենք տալիս կայանատեղերին: Բոլոր նախագծային թույլտվությունները, օրինակ՝ բազմաբնակարան շենքերի և հասարակական շենքերի թույլտվությունները տրամադրելիս պարտադիր պահանջներում ամրագրվում ենք, որ կառուցապատման մակերեսի նկատմամբ հնարավորինս մեծ հարաբերակցությամբ ավտոկայանատեղ կառուցեն նախագծվող տարածքի սահմաններում՝ կանխարգելելով հետագայում հանրային տարածքներում ավտոկայանման արդեն իսկ առկա ծանր իրավիճակի վատթարացումը: Բացի դրանից, ճանապարհների երթևեկելի գոտիները կայանատեղերից ազատելու, դրանք բուն նպատակին  ծառայեցնելու համար, դիտարկում ենք բակային գոտիների ընդհանրական բարեկարգման վերակառուցումներին ուղղված մասնավոր-առաջարկներ՝ ստորգետնյա ավտոկայանատեղերի բաղադրիչով, որպես լուծմանն ուղղված քայլերից:

Ձեր պաշտոնավարման 1 տարվա ընթացքում Դուք կարողացաք լուծել աղբահանության հարցը: Այս պահին ստեղծվել է Երևանի աղբահանության համայնքային հիմնարկ, որն էլ իրականացնում  է աղբահանությունը: Նախատեսվո՞ւմ է արդյոք մասնավորի նույնպես ներգրավել այս գործընթացում:

- Ինչպես գիտեք, մեր պաշտոնավարման առաջին ամիսներից սկսած, «Սանիթեք» ընկերությունը ստեղծեց մի այնպիսի իրավիճակ, երբ անհրաժեշտ էր արագ կերպով մայրաքաղաքի աղբահանության խնդիրը լուծելու ճանապարհներ փնտրել: Մենք պետք է քայլեր ձեռնարկեինք, որպեսզի մասնավոր օպերատորը չփորձի քաղաքի հետ խոսել սաբոտաժի լեզվով՝ «պատանդի մեջ պահելով» միլիոնանոց քաղաքի բնակիչներին:  Ապրիլին արդեն, ավագանին հաստատեց իմ որոշումը՝ ձևավորել  «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը», որն այսօր ամբողջությամբ ստանձնել է մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման, իսկ ձյան տեղումների դեպքում՝ նաև ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործառույթները: Բարեբախտաբար, աղբահանության ամառային սեզոնի որոշակի խնդիրները հնարավորինս արագ հաղթահարվեցին՝ մեր թիմի աներևակայելի ջանքերի շնորհիվ ու երևանցիների բացառիկ աջակցության պայմաններում: Սակայն, անգամ այդ պարագայում դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ հիմնարկի միջոցով ծառայությունների մատուցման և կատարվող աշխատանքների արդյունավետությանը: Առաջիկայում այդ ուղղությամբ կլինի խորը մասնագիտական վերլուծություն, ու այդ պարագայում, հնարավոր կլինի դատողություններ անել մասնավոր այլ կազմակերպության ներգրավման նպատակահարմարության մասին:

- Հայտնի է, որ աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը, որի հետ Երևանի քաղաքապետարանը խզեց պայմանագիրը, դիմել է արբիտրաժ: Ինչպիսի՞ սցենարներ են կանխատեսվում, ունեք արդյոք հակափաստարկներ: Ձեր ընդդիմախոսները նշում են, որ եթե արբիտրաժը բավարարի ընկերության հայցը, Երևանի քաղաքապետարանը ստիպված է լինելու հսկայական գումարներ վճարել: Պատրաստ եք արդյոք նման որոշման:

Այս հարցում մանրամասներին հասկանալի պատճառներով չեմ անդրադառնա: Եթե կլինի արբիտրաժի գործընթաց, քաղաքապետարանը բավարար փաստական և մասնագիտական ռեսուրսներ ունի՝ ապացուցելու քաղաքի ճիշտ լինելը: Եկեք ուղղակի վերհիշենք, որ քաղաքը այս ամռան ամիսներին բառացիորեն կանգնած էր աղբային աղետի նախաշեմին՝ իր հնարավոր ամենավատ հետևանքներով: Մենք մեր քաղաքի կենսական շահն ենք պաշտպանել,  այս հարցում մեր դիրքերն առավել քան ամուր են: 

- Աղբի վերամշակման գործարան կառուցվելո՞ւ է: 

Աղբի վերամշակման գործարանի վերաբերյալ նշեմ, որ Երևանի քաղաքապետարանը ստացել է ու շարունակում է  ստանալ բազմաթիվ բիզնես-առաջարկներ՝ տարբեր ընկերությունների կողմից: Դրանք այժմ ուսումնասիրման փուլում են: Դարձյալ մասնագիտական համակողմանի դիտարկումների արդյունքում կընտրվի այն ընկերությունը, որի փաթեթային առաջարկը ամենաընդունելին կլինի քաղաքապետարանի համար՝ ելնելով բնապահպանական, քաղաքաշինական, առողջապահական և սոցիալական մի շարք չափորոշիչներից: Բացի դրանից, ստեղծել ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որն ի թիվս այլ գործառույթների, զբաղվելու է նաև աղբի տեսակավորման, կոշտ ու վտանգավոր թափոնների կառավարման հարցերով: Արդեն սեպտեմբերից սկսած տեսակավորում ենք ստվարաթուղթը, որը դեռևս միայն տնտեսվարողներից հավաքում ենք ու հանձնում վերամշակման:  

Այս մեկ տարվա ընթացքում ապամոնտաժվել են բազմաթիվ ապօրինի և ինքնակամ շինություններ՝ Նար-Դոսի փողոցում և Կոմիտասի պողոտայում: Այդ շինությունների գույքագրում կա՞, թե որ փողոցներում և քանի հատ են դրանք: Ինչ փուլում է Օպերայի հարակից տարածքի բարեկարգման և կանաչապատման գործընթացը:

- 2019թ. ընթացքում բազմաթիվ ինքնակամ օբյեկտներ, այդ թվում՝ կրպակներ են ապամոնտաժել, ու գործընթացը շարունակվում է հենց հիմա: Մասնավորապես, տարվա ընթացքում Կենտրոնում ապամոնտաժվել են Նար-Դոս փողոցում տեղադրված կրպակաշարը, Կոմիտասի պողոտայում՝ 16 կրպակ, Կոմիտաս 15 հասցեում զավթված մայթը վերադարձվել է հետիոտնին, կանխվել են մի շարք ապօրինի շինարարության փորձեր: Ընդհանրապես, 2019-ի ընթացքում Արաբկիրում ապամոնտաժվել են 65-ից ավելի կրպակ, քարե հիմքով մասնակի շինություններ, տաղավարներ Կոմիտասի պողոտայում, մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում, Հր. Քոչար, Ա. Խաչատրյան, Կիևյան փողոցներում, Ազատության պողոտայում: Ինքնակամ կրպակները քանդվում են նաև մյուս շրջաններում:

Ինչ վերաբերում է Օպերայի հարակից տարածքի կանաչապատմանն ու բարեկարգմանը, ապա գործընթացն այս պահին քանդված սրճարանների տարածքում արդեն ավարտված է: Այնտեղ համալրվել է բուսահողի շերտը, նոր սիզամարգեր են տնկվել, ոռոգման ցանց է անցկացվել: Իհարկե, տարվա կտրվածքով այստեղ արդյունքը մեզ չի գոհացնում, բայց ես առիթ ունեցել եմ ասելու, որ ամեն ինչ արվելու է օրենքի տառին համապատասխան: Գուցե, հանրային տարածքները վերադարձնելու հարցում այդ սկզբունքը մի քիչ ավելի շատ ժամանակ տանի, բայց մենք պատրաստ ենք դրան:  

Ի դեպ, Մաշտոցի պողոտայում ու Տերյան, Թումանյան, Սայաթ-Նովա փողոցներում խիստ հետաքրքիր քաղաքաշինական ծրագրեր ունենք:

Ի՞նչ փուլում է բարձրահարկ շենքերում առկա վթարային վերելակների վերանորոգումը:

Այս տարի իրականացրինք 20 վերելակ նորով փոխարինելու փորձնական ծրագիրը, մյուս տարի ակնկալում ենք առնվազն 100 վերելակի փոխարինում: Փորձնական ծրագրի նպատակներից մեկը՝ հնարավոր քողարկված խնդիրների վերհանումն է, որպեսզի հաջորդ տարի, երբ մեկնարկի հիմնական ծրագիրը, մենք չբախվենք չնախատեսված արգելքների հետ: Բացի դրանից, զգալի ավելացրել ենք գործող վերելակների վերանորոգման ու սպասարկման ծախսերը: Քաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Սա ահռելի թիվ է ու լրջագույն մարտահրավեր մեր քաղաքի համար, բայց մենք վստահ ենք, որ երևանցիների ակտիվ մասնակցությամբ կկարողանանք այս հարցին լուծում տալ մոտակա տարիներին:

- Այս տարի ներդրվել է մանկապարտեզների և դպրոցների գրանցման օնլայն հարթակ: Ի՞նչ արձագանքներ կան, ինչպիսի՞ արդյունք է տվել այս հարթակների ստեղծումը:

«Մանկապարտեզ» կառավարման համակարգի մաս հանդիսացող mankapartez.yerevan.am կայքը բացվել է 2019 թվականի փետրվարին: Դրանով ներդրել ենք  Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների մասին համապարփակ տեղեկություն տրամադրելու, հերթագրման ցանկերը հրապարակելու, երեխայի հերթին հետևելու և քաղաքացիներին առցանց հերթագրման հնարավորություն ապահովելու մեխանիզմը: Դեկտեմբերի 10-ի դրությամբ կայք է այցելել շուրջ 356 հազար մարդ, որպես օգտատեր գրանցվել է 4922-ը, 12.762 քաղաքացի օգտվել է «Հետևել հերթին» ծառայությունից, իսկ ապրիլից գործարկված առցանց հերթագրման միջոցով 1583 երեխա հերթագրվել է մանկապարտեզում: Կարծում ենք, որ համակարգի ներդրման շնորհիվ անհավասարության պրակտիկայից ենք ազատվել: Հիմա ցանկացած ոք՝ անկախ նրանից, մանկապարտեզում «ծանոթ» ունի, թե ոչ, գրանցվում է ու սպասում է իր հերթին:
- Մի շարք համայնքային տարածքներ վերադարձվել են համայնքներին: Նախկինում մանկապարտեզներից օտարված 6500 քմ տարածք վերադարձվել է, ինչի շնորհիվ շուրջ 1000-ով ավելի երեխա հնարավորություն ունի հաճախելու մանկապարտեզ: Այդ ծրագիրը շարունակվելո՞ւ է: Օրինակ, նման լուծում ստացավ «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրի շենքի հարցը, որոշվեց, որ Ալեքսանյանների ընտանիքը այն կվերադարձնի համայնքին, ի՞նչ փուլում է գործընթացը:    

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքները համակարգվում են վարչական շրջանների կողմից: Քաղաքապետի անունից, մայրաքաղաքի շրջանների ղեկավարները լիազորվել են իրենց տարածքներում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող մանկապարտեզների զբաղեցրած տարածքներն ազատելու  նպատակով օգտագործողներին ծանուցելու, որ նրանք պետք է հրաժարվեն վարձակալության պայմանագրերից՝ օրենսդրությամբ նախատեսված պայմաններով: Այստեղ ևս ունենք շարունակական գործընթաց, հանձնարարել եմ պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն նշված լիազորագրի շրջանակներում կատարված աշխատանքների մասով: Ինչ վերաբերում է Ալեքսանյանների ընտանիքին տարիներ առաջ տրված մանկապարտեզին, ապա դրա անհատույց օգտագործման պայմանագրի գործողությունը դադարեցված է, այսինքն, համայնքը վերադարձրել է մանկապարտեզը: 

- Նախկին Երիտասարդական պալատի տեղում կառուցվելիք շենքի հարցը պարբերաբար դառնում է հասարակության քննարկման թոփ թեմաներից, մանավանդ երբ տարբեր նախաձեռնություններով ինչ-ինչ նախագծեր են հրապարակ բերվում: Ի՞նչ է ի վերջո կառուցվելու այդտեղ և ե՞րբ:

Երևան քաղաքում անավարտ, չիրացված, փաստացի չօգտագործվող, անբարեկարգ և նմանատիպ  անշարժ  գույքի  պատշաճ  օգտագործումը  ապահովելու  նպատակով, ընդհուպ՝ նշված գույքերի մասով հանրային գերակա շահ ճանաչելու և ներդրումային այլ ծրագրերում օգտագործելու գործընթացի իրականացման շրջանակներում հանդիպումներ են ընթացել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի մոտ  կառուցապատող «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի ղեկավարի հետ: Քննարկվել են, մասնավորապես, նախկին «Երիտասարդության պալատի» տեղում  հետագա կառուցապատման ծրագրին  նոր շունչ հաղորդելու հարցն ու հետագա քայլերը: Ընդհանրապես, մենք շահագրգռված ենք, որ հատկապես քաղաքի կենտրոնում      տարիներ շարունակ կիսատ մնացած նախագծերը հնարավորինս արագ ավարտին հասնեն: Այնուհանդերձ, մենք ձգտում ենք արդեն գոյություն ունեցող ծրագրերը հնարավորինս բերել մեր պատկերացումների դաշտ: Փորձում ենք վնաս չտալ կառուցապատողին՝ ամեն դեպքում ընտրում ենք քաղաքի համար օպտիմալ տարբերակը: Արձանագրեմ նաև կարևոր մի փաստ՝ մենք արդեն փաստացի կասեցրել ենք Երևանի փոքր կենտրոնում բարձրահարկ շինարարության թույլտվություն տալու պրակտիկան: Քաղաքը պետք է զարգանա նաև թաղամասերում, այն պետք է ոչ միայն «բարձրանա», այլև «լայնանա»՝ ընդարձակվի: 

- Ձեր հայտարարած հավակնոտ ծրագրերից մեկն էլ Նոր Նորքը կենտրոնին կապող ճոպանուղու կառուցումն էր: Այդ հարցով ներդրող ներգրավելու շուրջ բանակցություններ տարվո՞ւմ են: Կա արդյոք  նախագիծ, ինչ ժամկետներում է պլանավորվում դրա կառուցումը:

Նորքի զանգվածը քաղաքի կենտրոնի  հետ  կապող  տրանսպորտային  միջոցի  ստեղծման  նպատակով մեր մասնագետները՝ գլխավոր ճարտարապետի հետ միասին, ուսումնասիրել  են  ավստրիական  «Դոպելմայեր»  ընկերության  կողմից  կազմված նախնական հաշվարկները: Ակնկալվում է, որ ֆինանսավորման աղբյուր կարող է լինել պետական երաշխիքով վարկի ներգրավումը: Այս ուղղությամբ տարվա ընթացքում քննարկումներ ենք ունեցել ՀՀ  տարածքային  կառավարման  և ենթակառուցվածքների  նախարարությունում:  Ներկայումս  ակտիվ բանակցություններ են ընթանում «Դոպելմայեր»  ընկերության  հետ: Կառուցման ժամկետները որոշակի կդառնան վերոհիշյալ աշխատանքների արդյունքներից կախված: