Հայր Հովհաննես. Զինված Ուժերում ծառայող գնդերեց եղբայրներին փորձում են ներքաշել ազգակործան, տիրադավ շարժման մեջ
Լուսանկարում՝ Մանուկ քահանա Զեյնալյանն է
«Ես՝ որպես նախկին գնդերեց, ամենայն քաջությամբ և նախանձախնդրությամբ ծառայել եմ Հայոց բանակում՝ գիտակցելով, որ մեր ծառայությունը ուխտ է՝ Աստծո, իմ Սուրբ Հայրենիքի և զինվորի առաջ։ Գնդերեցի ծառայությունը եղել է սուրբ պարտք, ոչ երբեք գործիք շահի կամ դավադրության համար։
Խստորեն դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորություններն ու իշխանությունը, համարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա՝ փորձելով նրանց ներքաշել անամոթ տիրադավների շարքերում։
Սա ծանր մեղք է՝ ոչ միայն զինվորական կարգապահության, այլև ազգային խղճի դեմ։ Ով զինվորական կոչումն օգտագործում է պառակտում սերմանելու, խաբեությամբ ու հարկադրանքով մարդկանց դավաճանության տանելու համար, նա ոտնահարում է իր իսկ ուսադիրի պատիվը։
Խիստ հորդորում և զգուշացնում ենք․ գնդերեցներին չլինել դավաճան։ Դուք կոչված եք ծառայելու ճշմարտությանը, հայրենիքին և ժողովրդի միասնությանը։ Ցանկացած փորձ՝ գնդերեցներին շեղելու այդ ճանապարհից, դատապարտված է պատմության, խղճի և Աստծո առաջ»։
Խոնարհ աղոթքով'
Մանուկ քահանա Զեյնալյան
«Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր եմ ստանում, որ ՀՀ Զինված Ուժերում ծառայող մեր գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ:
Որպես նախկին գնդերեց, ով երկար տարիներ իր հոգևոր ծառայությունն է իրականացրել և՛ Արցախում և՛ Հայաստանում, կոչ եմ անում բոլոր այն սպաներին, որոնց մեջ դեռ մնացել է Հայ Քրիստոնեայի նվիրական կերպարը. սաստե՛ք ձեր ծառայակից մյուս զինվորականներին, ովքեր փորձում են տիրադավերից ավելի տիրադավ և եկեղեցադավ լինել:
Դուք լավ գիտեք, թե ինչ մեծ դեր ու նշանակություն ունի գնդերեցը զինվորի կյանքում: Բազմիցս վկայել եք, որ շատ դեպքեր բանակում կանխվել են անգամ հոգևորականի լուռ ներկայության շնորհով:
Այսօրվա պայքարը բացառապես հոգևոր է՝ չարի և բարու: Այն հարցադրումները, որոնք դրվում են հոգևոր սպասավորների առաջ, թե արդյոք միանո՞ւմ են վարչապետի կեղծ բարենորոգման կոչին, նման է նրան, որ պատերազմի ժամանակ զինվորականի առաջ ընտրություն դրվի՝ պաշտպանել կամ դավաճանել Հայրենիքը:
Բանակը նվիրական կառույց է և պետք է հավատարիմ մնա իր առաքելությանը՝ այն է Հայրենիքի պաշտպանությունը»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության։
Քննչական կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանություն տալ, «Չենք մեկնաբանում»։


