ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը. «Զանգեզուրի միջանցքը» արհեստական տերմին է. ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն Իրանը չի հանդուրժի (ուղիղ)
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի ասուլիսը մեկնարկեց մեկ րոպե լռութամբ, ներկաները հարգեցին ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, օրերս Իրանում զոհված աշակերտների հիշատակը:
Շիրղոլամին ասաց, որ շաբաթ օրը վաղ առավոտյան ԱՄՆ օրինազանց իշխանությունները, սիոնիստական ռեժիմը ևս մեկ անգամ բանակցությունների մեջտեղում անհանդուրժելի, ոչ մի արդարացում չունեցող հարձակում իրականացրին ԻԻՀ-ի և նրա տարածքային ամբողջականության դեմ:
Դեսպանի դիտարկմամբ, սա տեղի ունեցավ մի պայմանում, երբ ԻԻՀ-ն ներկայացրել էր կոոպերատիվ, ճշգրիտ և իրականանալի առաջարկներ ԱՄՆ-ին, և դա իրականացավ մի պայմաններում, երբ Իրանը դրսևորում էր առավելագույն կամքն այս բանակցությունների արդյունքում հաջողություն գրանցելու ուղղությամբ:
«Հոգևոր առաջնորդը բացառիկ պատմական կերպար էր, ով դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի հանդեպ:
Բարեկամ և հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար կարևոր է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է:
Մենք ուժեղ Հայաստան ենք ուզում տեսնել. «Զանգեզուրի միջանցքը» արհեստական տերմին է. ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն Իրանը չի հանդուրժի:
Այս պատերազմում Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին, ասուլիսում ասաց դեսպան Խալիլ Շիրղոլամին` ընդգծելով, որ դա ասում է ոչ թե որպես դեսպան, այլ որպես վերլուծաբան։ «Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ առկա որոշ երկրների նկրտումները, թեև այս պահին կարող ենք ասել, որ մոխիրների տակ թաքնված կրակների նման են, սակայն դրանք դեռ առկա են։ Ըստ այդմ էլ մեր սրտի ցանկությունն է, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն։ Աստված մեզ օգնական՝ այս պատերազմում Իրանը պարտություն չկրի, և Հայաստանն էլ դրա հետևանքով վնաս չկրի»,- ասաց դեսպանը։
«Իրանն իր ընկերներից ու բարեկամներից դժվարին օրերին ակնկալում է զորակցություն և համագործակցություն, իսկ Հայաստանն ու Իրանը դարավոր բարեկամներ են:
Ի վերջո բոլոր դժվար օրերն էլ անցնում են, բայց մենք իրար կողքի ենք ու մշտապես աջակցում ենք իրար։ Ես իմ գնահատանքն ու շնորհակալությունն եմ հայտնում մինչ այժմ հնչած ցավակցական և զորակցական բոլոր խոսքերի համար»,- ասաց դեսպան Շիրղոլամին։
Նշենք՝ Մինաբայի "Շաջարե Թայեբե" դպրոցը աղջիկների համար տարրական դպրոց է։ Հարվածը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան ՝ ուսումնական օրվա սկզբին, երբ երեխաները դասարաններում էին ։ Ըստ Hengaw-ի և Իրանի իշխանությունների, հարվածի պահին ներկա է եղել մոտ 170 աշակերտ:
165 զոհ, գրեթե բոլոր երեխաները...
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով ՝ մարտի 1-ի երեկոյան ԱՄՆ-ն և Իսրայելը հրթիռային հարվածներ են հասցրել Թեհրանի մի քանի հիվանդանոցների: Գնդակոծության տակ են հայտնվել "Գանդին", "Խաթամ ալ Անբիան", "Մոտահարին", ինչպես նաև Կարմիր մահիկի ընկերության շենքը: Ինչպես հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, "Գանդի" հիվանդանոցին հարված է հասցվել նույն տեսակի հրթիռներով, ինչ Մինաբայի աղջիկների դպրոցին:
«Րոպեներ առաջ Թեհրանում ռմբակոծության է ենթարկվել շտապօգնության կայանը», ասուլիսի ժամանակ հաղորդել է Շիրղոլամին:
Ամբողջական՝ տեսանյութում


