Հրապարակվել է «ՈւԱԶ»-ի լուսանկարը, որով ադրբեջանցիները փորձել էին հատել ՀՀ պետական սահմանը
Banak.info-ն հրապարակել է այն «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարը, որով ադրբեջանցի զինծառայողները հուլիսի 12-ին, Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հակառակորդն հուլիսի 13-ի առավոտյան վերսկսել է հրետակոծել հայկական դիրքերը: