Հրայր Պալեան. «Հայաստանի շարունակական զիջումները բերում են ոչ թե խաղաղություն, այլ նոր պահանջներ». CivilNet
2020 և 2023 թվականների պատերազմներում պարտված, առանց ռազմական զսպման կարողության և պաշտպանական դաշնակցի՝ Հայաստանի համար նոր պատերազմից խուսափելու միակ իրատեսական ճանապարհը Ադրբեջանի հետ լարվածության թուլացումն է բանակցությունների միջոցով։
Սակայն թուլությունը, որը բանակցությունները դարձնում է անհրաժեշտ, դրանք դարձնում է նաև վտանգավոր։ Եթե Երևանը հստակ կարմիր գծեր չունենա այն հարցերում, որոնք պաշտոնապես սեղանին չեն, նոր զիջումները կարող են Հայաստանը վերածել կախյալ պետության։ Դրանք Բաքվին կհամոզեն նաև, որ պահանջները կարելի է անվերջ մեծացնել՝ գրեթե առանց գին վճարելու։ Ու այդ ամենը չի երաշխավորում, որ նոր հարձակում չի լինի։
Գործընթացը բերել է լարվածության ժամանակավոր թուլացման, բայց ոչ վավերացված պայմանագրի, իսկ դրա հիմքում ընկած անհամաչափությունը մնում է չլուծված։
Համեմատական օրինակներն ու անհամաչափ բանակցությունների մասին գրականությունը միակարծիք են. ամենափխրունն այն կարգավորումներն են, որոնք պահպանում են ուժերի սկզբնական անհավասարությունը և հենվում են մեկ հովանավորի բարի կամքի, այլ ոչ թե պարտադիր բազմակողմ վերահսկողության վրա։
<< >>
Նախաստորագրված, բայց ոչ ստորագրված
2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին, ոչ թե ստորագրեցին խաղաղության համաձայնագիր։ Մեկ տարի անց ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը վերահաստատեց համաձայնագրի «տառին և ոգուն» հավատարիմ մնալու հանձնառությունը, սակայն ստորագրման համար Ադրբեջանի նախապայմանն անփոփոխ մնաց։ RAND-ի վերլուծաբանների ձևակերպմամբ՝ «ներկայում խաղաղության համաձայնագիրը դիվանագիտական անորոշության մեջ է. այն համաձայնեցված է, բայց ստորագրված չէ, ապագայի ճանապարհային քարտեզ է, բայց նաև վեճի առարկա՝ ներկայում»։
<< >>
Ինչ է դուրս մնում պայմանագրից
Պայմանագրի տեքստից դուրս երեք հարց է որոշում՝ արդյոք ստորագրությունը կլուծի հակամարտությունը, թե միայն ձևակերպում կտա էլիտաների միջև սառը խաղաղությանը։ Այդ հարցերից է կախված նաև, թե հայերը արդյունքը կընկալեն որպես բանակցված խաղաղություն, թե որպես կապիտուլյացիա։
Պատանդները. Պատերազմների ընթացքում և դրանցից հետո գերեվարված 19 հայ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ և նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, դատապարտվել են Ադրբեջանի զինվորական դատարանների փակ նիստերում։ Հինգը դատապարտվել են ցմահ, մյուսները՝ 15-ից 20 տարի ազատազրկման։ Amnesty International-ը և նրանց փաստաբանները մեղադրանքներն անվանում են դատավարական առումով անվավեր կամ կեղծված։ Նրանց զրկել են իրենց ընտրած փաստաբաններից, իսկ միջազգային դիտորդներին թույլ չեն տվել ներկա գտնվել։ Խաղաղության գործընթացը նրանց ազատման կամ գործերի անկախ վերանայման որևէ մեխանիզմ չի առաջարկում։ Իսկապես, «շատ հայերի համար բանտարկյալները... շարունակում են մնալ ամենաակնառու վկայությունն այն բանի, որ պատերազմը դեռ ամբողջությամբ չի ավարտվել»։
Տարածքը. Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից մոտ 240 քառակուսի կիլոմետր, որը զավթվել է 2021–2022 թվականներին, շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ։ 996 կիլոմետրանոց սահմանից սահմանազատված և սահմանագծված է միայն մոտ 12 կիլոմետրը՝ Տավուշի մեկ հատվածը, որը կարգավորվեց 2024-ին։ Մաս-մաս սահմանազատումը փակում է տարածքային փոխանակումների ճանապարհը, որոնք կարող էին լուծել երկու կողմերում մնացած խորհրդային շրջանի անկլավների հարցը։
«Արևմտյան Ադրբեջանը». 2026-ի ընթացքում ադրբեջանական պետական և կիսապետական կառույցներն ակտիվացրին արշավը, որով պնդում են 300 հազար ադրբեջանցու «վերադարձի իրավունքը» այսօրվա Հայաստանի տարածքում գտնվող հորինված «Արևմտյան Ադրբեջան»։ Այս պահանջը որևէ հիմք չունի ոչ պայմանագրում, ոչ պատմության մեջ։ Փաշինյանը ստիպված է եղել բազմիցս հերքել այն։ Իսկ արշավն ամրապնդում է այն տպավորությունը, որ գործընթացը ոչ թե փակում է հին պահանջները, այլ ծնում է նորերը։
Հրայր Պալեան
Ամբողջական հոդվածը՝ Civilnet.am-ում:


