Ինչպես է Փաշինյանի թիկնապահ Աշոտ Մկրտումյանը եկեղեցում հարվածում այսօր կալանավորված դպրոցական Դավիթին (տեսանյութ)
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատողը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում այսօր կալանավորված 18-ամյա Դավիթին։
Տեսանյութի կադրերում հստակ երևում է, թե ինչպես է Փաշինյանի թիկնազորի անդամներից մեկը՝ ՊՊԾ աշխատակից Աշոտ Մկրտումյանը բռունցքով հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին, ինչից հետո տղան վայր է ընկնում։ Ընդ որում, սա անում է այն ժամանակ, երբ կողքին գտնվող տղամարդիկ արդեն հետ էին քաշել վրդովված Դավիթին:
News.am-ի փոխանցմամբ՝ Աշոտ Մկրտումյանը այն թիկնապահն է, որը ամիսներ առաջ ևս մեկ սկանդալային միջադեպի կենտրոնում էր հայտնվել, երբ Հովհաննավանքում Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ ձեռքով փակել էր Վեհափառի անունը հնչեցրած երիտասարդի բերանը և քաշ տալով դուրս բերել եկեղեցուց։
Նշենք, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանն այսօր 2 ամսով կալանավորվեց։
Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։
Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Հիշեցնենք՝ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։


