Կիևը խնդրել է փակել նեղուցները ՌԴ նավերի համար, իսկ Անկարան հիշեցրել է Մոնտրեի կոնվենցիան

Կիևն Անկարային պաշտոնապես խնդրել է սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ՌԴ ռազմանավերի անցումը։ Տեղեկությունը հաստատել են Թուրքիայի ԱԳՆ-ից, հաղորդում է hurriyet-ը։
Ավելի վաղ Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևն Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար, պատրաստ են համապատասխան ապացույցներ ներկայացնել, որ Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական տարածքի վրա։
Ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին նշել է, որ մինչ օրս Թուրքիան անվերապահորեն կատարել է Մոնտրեի կոնվենցիան։ «Պատերազմում, որտեղ Թուրքիան կողմերից մեկը չէ, կարող են միջոցներ ձեռնարկվել դրան մասնակցող երկրների նկատմամբ։ Թուրքիան կարող է սահմանափակել նեղուցներով ռազմանավերի անցումը։ Սակայն Մոնտրեի կոնվենցիան նաեւ նախատեսում է, որ պատերազմին մասնակցող երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաներ, և դա նրանց պետք է թույլատրվի», - Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Hurriyet թերթը։
Նշենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել, ավելի քան 300-ը՝ տուժել:
«Վերջին տվյալներով՝ զոհվել են Ուկրաինայի 137 քաղաքացի, նրանց թվում ՝ 10 սպա, վիրավորվել են 316–ը»,-ասել է Զելենսկին իր ուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում:
Զելենսկին հայտարարել է, որ Կիևում է մնացել իր ժողովրդի հետ։
«Մենք մենակ ենք մնացել մեր երկրի պաշտպանության գործում։ Բոլորը վախենում են, ոչ ոք չի ցանկանում պատերազմել մեզ հետ», - հավելել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ռուսաստանի զինված ուժերը հաջողությամբ կատարել են Ուկրաինայում ռազմական գործողության առաջին օրվա համար դրված բոլոր խնդիրները։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Ղրիմի ուղղությամբ ռեյդային ջոկատների և օդային դեսանտի համատեղ օգտագործմամբ ապահովվել է ռուսական զորքերի մուտքը Խերսոն քաղաք: Դա թույլ է տվել բացել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը և վերականգնել ջրի մատակարարումը Ղրիմի թերակղզի։
«Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զորքերի խմբավորումները ճեղքել են Ուկրաինայի զինված ուժերի լավ սարքավորված էշելոնացված պաշտպանությունը, 6-8 կիլոմետր առաջ են գնացել: Գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ դա հնարավոր է դարձել ռուսական հրետանու ու բանակային ավիացիայի կրակային աջակցության շնորհիվ»,- հայտնում է Իգոր Կոնաշենկովը:
Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական զինված ուժերի հարվածների արդյունքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 83 վերգետնյա օբյեկտ։
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցվել է երկու Սու-27, երկու Սու-24, մեկ ուղղաթիռ և Ուկրաինայի զինված ուժերի «Բայրաքթար -ՏԲ-2» չորս հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Ռուսական զինված ուժերն Ուկրաինայում զբաղեցրել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: