Լևոն Զուրաբյան. CNN-ի այս հոդվածը պետք է սառը ցնցուղ լինի բոլոր ոգևորվածների համար
CNN-ի այս հոդվածը պետք է սառը ցնցուղ լինի խաղաղ միջուկային էներգիայի բնագավառում ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ բոլոր ոգևորվածների համար:
Հոդվածում ասված է, որ
- այս պահին ԱՄՆ-ում գործող որևէ մոդուլային ատոմակայան գոյություն չունի,
- աշխարհում այդ տեխնոլոգիայով աշխատող երեք ատոմակայան կա` մեկը Ռուսաստանում, երկուսը` Չինաստանում,
- առաջին մոդուլային ատոմակայանները ԱՄՆ-ում սպասվում են 2030-ներին,
- փորձագետները զգուշացնում են, որ առայժմ չկա որևէ վերջնական հաջողված տեխնոլոգիա,
- որ դրանք կարող է արտադրեն շատ թանկ էլեկտրաէներգիա,
- որ կարող են լինել ոչ շահավետ:
Փաստորեն, մենք գործարք ենք կնքում դեռեևս գոյություն չունեցող և, ըստ ամերիկյան փորձագետների, կասկածելի հեռանկարներ ունեցող տեխնոլոգիաների վերաբերյալ, մերժելով փորձարկված և աշխատող տարբերակները:
Սա ուղղակի մեր ատոմային էներգետիկայի սահուն փակման ծրագիր է, Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական «նվերը» մեր ժողովրդին: Եվ դուք դեռ մտածում եք, որ նա արդեն բոլոր հնարավոր վնասները մեր ազգին հասցրե՞լ է:
Հայ Ազգային Կոնգրեսի, ծրագիրը էներգետիկայի բնագավառում.
1. Նոր 1.2 GW (Գիգավատ) հզորությամբ ատոմակայանի կառուցում Ռուսաստանի առաջարկի հիման վրա:
2. Արևային էներգետիկան հասել է տարեկան մոտավորապես 1 GWh (Գիգավատժամ) արտադրության ծավալի: Առանց կուտակային հզորությունների կառուցման, արևային էներգետիկայի հետագա զարգացումը սպառնում է ստեղծել անկայունություն և զանգվածային վթարային անջատումներ: Այսօր Հայաստանի կուտակային հզորությունները գտնվում են զրոյական մակարդակի վրա, ինչը գործող իշխանությունների կողմից ռազմավարական մոտեցման բացակայության հետևանք է: Միայն երբ կստեղծվեն բավարար չափով կուտակային հզորություններ, կարելի կլինի նոր թափով զարկ տալ արևային էներգետիկայի զարգացմանը:
3. Այս առումով առաջնային նշանակություն ունի Սևան-Հրազդանի կասկադի արդիականացումը 150 Mwh հզորությամբ հիդրո-կուտակիչ էլեկտրակայանի վերածելու նպատակով:
4. Առաջնային ուղղություն պետք է դառնա ԱՄՆ, Նիդերլանդների, Գերմանիայի և Իտալիայի հետ համագործակցությամբ` մետաղա-իոնային և կիսահաղորդիչ-մատրիցային փոխարկիչների տեխնոլոգիաների hիման վրա 1-2MWh հզորությամբ կուտակիչ սարքավորումների ձեքբերումն ու բաշխումը էներգետիկ համակարգում:


