Լևոն Զուրաբյան. Ես համագործակցության առաջարկ եմ անում բոլոր այն ուժերին, ովքեր ուզում են խաղաղության այլընտրանքային ծրագիր
Մենք վստահ ասում ենք, որ հետապնդում ենք խաղաղություն և գնալու ենք դեպի խաղաղություն՝ առաջարկելով խաղաղության հստակ, աշխարհաքաղաքական առումով հավասարակշռված ծրագիր:
Մենք TRIPP-ի մասին հռչակագիրը արդեն համարում ենք կատարված իրողություն, որը ենթադրում է միջազգային պարտավորություններ և որոնք ալյևս չենք կարող մերժել և դարձնել պատերազմի հրահրման պատճառ:
Բայց այս «Զանգեզուրյան միջանցքը» պիտի վերածվի Զանգեզուրյան հանգույցի՝ համապատասխան երկաթուղիների կառուցման և կոնսորցիումի ստեղծման միջոցով:
TRIPP-ին զուգահեռ, BRICS-ի օգնությամբ և ներգրավմամբ կստեղծվի կոնսորցիում, որը կհամատեղի աշխարհաքաղաքական խաղացողների շահերը:
Այսինքն TRIPP-ին կգումարվի նաև BRICS-ը՝ Զանգեզուրը դարձնելով հանգույց (hub)` միգուցե անգամ ընդհանուր կոնսորցիումի կառավարմամբ։
Սա Հայաստանը կդարձնի ավելի անկախ ու կգործի միայն մեր ինքնիշխանության շրջանակում: Ավելին` երկրորդ երկաթուղային նախագծի մերժումը հայկական կառավարության կողմից կնշանակի, որ իրականում ոչ մի ինքնիշխանություն մեզ թողնված չէ:
Ես համարում եմ, որ Զանգեզուրյան հանգույցի ստեղծման ծրագիրը, որը Փաշինյանի չեղած «խաղաղություն»-խաբեությանը իրական խաղաղություն է առաջարկում և գործելու է TRIPP+BRICS տրամաբանությամբ, կարող է դառնալ ընդդիմության համախմբման կետ:
Ես համագործակցության առաջարկ եմ անում բոլոր այն ուժերին, որոնք հետաքրքրված են այս ծրագրով: Բոլոր նրանք, ովքեր ուզում են խաղաղության այլընտրանքային ծրագիր ներկայացնել, եկեք այս ծրագիրը դնենք կիզակետում և ընտրությունների գնանք միասնական՝ Փաշինյանի չեղած խաղաղությանը այլընտրանքային խաղաղության ծրագրով:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան


