Լևոն Զուրաբյան. Ի՞նչ «անպարկեշտ, վիրավորական» բառով եմ ես բնութագրել վարչապետին (տեսանյութ)
Ի՞ՆՉ «ԱՆՊԱՐԿԵՇՏ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ» ԲԱՌՈՎ ԵՄ ԵՍ ԲՆՈւԹԱԳՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հանրային ռադիոյով իմ հեռացված հարցազրույցի շուրջ սկանդալը նոր զարգացումներ ստացավ: Հատուկ հայտարարությամբ հանդես է եկել նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը, որի տեքստ բերված է ստորև.
«ՀԱՐԳԵԼԻ ՕԳՏԱՏԵՐ
Հայաստանի հանրային ռադիոյում խոսքի ազատությունը չի սահմանափակվում և չի կարող սահմանափակվել նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ու կառույցի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի պարագայում:
Ասվածի վկայությունն է, որ հրավիրել էինք ընդդիմադիր գործչին՝ ներկայացնելու քաղաքական անցուդարձի վերաբերյալ իր դիրքորոշումները։ Չի եղել մտադրություն «ջնջելու» հարցազրույցը, քանի որ այդ դեպքում կհեռացվեին նաև անոնսային կտորները (reels):
Այդուհանդերձ, մեր թողարկումներում չի կարող լինել վիրավորական խոսք որևէ մեկի հասցեին՝ իշխանական, թե ընդդիմադիր։
Հարցազրույցում մեկ խիստ անպարկեշտ բառ հեռացվել է մոնտաժի եղանակով: Խոսքը ՄԵԿ ԲԱՌԻ ՄԱՍԻՆ Է: Այդ որոշումն անձամբ ես եմ ընդունել: Այն, որ հարցազրույցի առաջին տարբերակում պահպանվել Է այդ խոսքը, մեր բաղթողումն է, և հաղորդման հեղինակը ենթարկվել է կարգապահական խիստ տույժի։
Դիմում ենք բոլոր քաղաքական գործիչներին. Հանրային ռադիոյի առաքելությունն Է արտահայտվելու հնարավորություն ընձեռել բոլորիդ, բայց եթե վիրավորանք հնչի, առանց վարանելու կհեռացնենք, եթե, իհարկե, խոսքն ուղիղ, ասել Է թե, չվերասհկվող եթերի մասին չԷ:
Մոտենում են ընտրությունները, որոնք ենթադրաբար դյուրին չեն լինի. թող բոլորը գան՝ ներառյալ ՀԱԿ ներկայացուցիչները:
Եկեք խոսեք, միայն թե իրար ՄԻ՛ ՎԻՐԱՎՈՐԵՔ: Հանրային ռադիոն մեր ժողովրդինն Է. մեր ժողովուրդը վիրավորանքը մերժում Է:
Հարգանքով՝
Արմեն Քոլոյան
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն»
Խոսքը վերաբերում է 13:55 վայրկյանից իմ ասված հետեևյալ դրվագին.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ինչ֊որ դեպքերում միգուցե համագործակցեին Ազգային Անվտանգության Ծառայության հետ, հիմա մտածելու են, որ մի ... («ԱՆՊԱՐԿԵՇՏ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՌ») վարչապետ կարող է թելադրել կամ հրամայել ԱԱԾ֊ին բացահայտել իր գործակալների անունները, և այդ մարդիկ այսուհետ հայկական Ազգային Անվտանգության Ծառայության հետ այլևս չեն համագործակցի:»
Փաստորեն, Հանրային ռադիոն հեռացրել է իմ ամբողջ հարցազրույցը մի բառի պատճառով, հետո հանրային ճնշման տակ վերականգնել է այն, հեռացնելով այդ ՄԻ ԲԱՌԸ:
24 ժամ հետո ես կբացահայտեմ գրաքննությանն արժանացած այդ ՄԻ ԲԱՌԸ, իսկ այս ընթացքում առաջարկում եմ հանդես գալ ձեր սեփական վարկածներով: Լավագույն պատասխանները կարժանանան մրցանակների, իսկ վաղը ես կհրապարակեմ Հանրային ռադիոյի կողմից ջնջված այդ բառը և միասին կքննարկենք, թե ինչքանով համարժեք է այդ բնութագիրը երկրի գործող վարչապետի համար: Առայժմ մաղթում եմ հաճելի լսում:


