Լևոն Զուրաբյան. Նախընտրական զինադադարը, որը Ալիևը տվել է Փաշինյանին, փորձում են մատուցել որպես խաղաղություն
Երեկ՝ մայիսի 23-ին, Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը քարոզարշավով Շիրակի մարզում էր։
Կոնգրեսի փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ևս կարծում է, որ Փաշինյանի բանակցած խաղաղությունն իրատեսական չէ։
«Իշխանությունը փորձում է ժամանակավոր նախընտրական զինադադարը, որը Ալիևը տվել է Փաշինյանին, որ իր նման ապաշնորհ մարդուն ընտրել տա Հայաստանում, մատուցել որպես խաղաղություն», - ասել է ընդդիմադիր գործիչը։
Անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ծրագրին՝ Զուրաբյանը պնդել է, թե դրա ապագան վտանգված է, քանի որ ամերիկա-իրանական պատերազմից հետո Միջին Արևելքում բալանսը փոխվել է։
«Ստեղծել է մի նոր իրավիճակ, որն է՛լ ավելի է ամրապնդում մեզ էն գաղափարի մեջ, որ էստեղ պետք է հավասարակշռել գերտերությունների շահերը և իրականացնել պայմանականորեն կոչված՝ TRIPP+BRICS ծրագիրը, որտեղ ներկա կլինեն նաև Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի շահերը, և կստեղծվի երկաթուղային առանցք, նաև՝ հարավ-հյուսիս առանցքը։ Եվ եթե երկաթուղային էդ հանգույցը ստեղծվի, և՛ արևմուտք-արևելք, և՛ հարավ-հյուսիս, այդ դեպքում մենք կունենանք հարատև և կայուն խաղաղություն՝ երաշխավորված գերտերությունների շահերի ներդաշնակեցմամբ», - նշել է Լևոն Զուրաբյանը։


