Մայր Աթոռ. Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով
Կարգալույծ է հռչակվել Տ․ Տարոն քահանա Հունանյանը
Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ստորև ներկայացված հիմնավորումներով կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝
ա/ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից,
բ/ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ,
գ/ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին,
դ/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին,
ե/ Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների կարգալույծը հոգևորական է, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից և նրան արգելված է ցանկացած եկեղեցական խորհրդի մատուցում՝ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ։ Ի՞նչ հետևանք ունի, եթե նա մատուցի պատարագ: Կատարած արարքը չի համարվում վավեր՝ ոչ աստվածաբանական, ոչ կանոնական իմաստով։ Նման քայլը դիտվում է որպես համառ հնազանդության խախտում և եկեղեցու բաժանման փորձ, որը կարող է գնահատվել նաև որպես աղանդավորական կամ հակաեկեղեցական գործողություն։
Այսպիսով կարգալույծ հոգևորականի կողմից, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից մատուցած որևէ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ այլևս որևէ կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ և չի համարվում վավեր՝ ոչ աստվածաբանական, ոչ կանոնական իմաստով։
«Կանոնագիրք Հայոցի» կանոնը հրամայում է կարգալույծ անել այն քահանային, ով աղոթակից կլինի քահանայությունից արդեն իսկ լուծարյալին՝ իբրեւ քահանայի. «Եթէ ոք լուծեալ ի քահանայութենէ՝ այլ ոք քահանայ աղաւթակից լիցի իբրեւ քահանայի՝ լուծցի» (Կանոնք երկրորդ առաքելականք, կանոն ԽԵ. (ԽԴ.) ԺԱ.):
Լուսանկարում՝ կարգալույծ հռչակված Վարդան Հունանյանն է:



