Մայր Աթոռ. Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Տ․ Արշակ սրբազանի անձի թիրախավորումը՝ անթույլատրելի
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։
Այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։
Հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով և չէր կարող ընդունելի նկատվել Հայոց Հովվապետի կողմից։
Տեղեկացվեց նաև, որ նոյեմբերի 24-ին հանձախմբի ատենապետ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։
Այսու, ակնհայտ է, որ հայտարարության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի։
Դատապարտելի և անընդունելի համարելով որդեգրված սույն կեցվածքը՝ ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում, և չխաթարեն Եկեղեցու միաբանությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Վարդապետաց դասը հայտարարություն է արել․
«Վերահաստատում ենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալ Վեհափառին և նրա ճշմարիտ խոսքին»
«Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով» (Ա Կորնթ. Ա 10)
Մտահոգ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ և եկեղեցու ներսում ծավալվող իրադարձություններով՝ վերահաստատում ենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալով ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրությանը և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ «ուղիղ վարդապետությամբ մեզ ուսուցանում է ճշմարտության խոսքը» (Խորհրդատետր)։
Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները։
Անհանդուրժելի ենք նկատում իշխանական մեքենայությունների միջոցով բարձրաստիճան հոգևորականներին և քահանաներին թիրախավորելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը։
Եկեղեցու ներսում ծագած դավանական, վարդապետական, ծիսականոնական և կարգապահական խնդիրները բացառապես լուծվում են Սուրբ Հոգու ներշնչմամբ, Հայ Եկեղեցու կանոնական ընթացակարգերով, «միակամ և միախորհուրդ»՝ առանց հոգևորականների և իրավասու ժողովական մարմինների իրավունքների յուրացման։
Ազգային-եկեղեցական ժողովով ընտրված և վավերական օծում ունեցող Հայոց Հայրապետն ունի Սուրբ Հոգու պարգևելի բոլոր շնորհները, որոնք բաշխվում են հոգևոր սպասավորներին՝ ձեռնադրության խորհրդով կամ հայրապետական տվչությամբ։
Նվիրապետական կարգի մեջ բոլորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ըստ այն շնորհների, որոնք հիշվում են ձեռնադրության աղոթքների մեջ։ Ո՛չ ոք չի կարող եկեղեցական իր իշխանության սեփականություն դարձնել այնպիսի իրավունքներ, որոնք ձեռք են բերվում քաղաքական հանգամանքներով կամ արտաքին միջամտությամբ։ Եվ քանի որ հոգևորականը ձեռնադրությամբ ստանում է այնքան, որքան հիշվում է Սուրբ Խորհրդի ընթացքում, այս սկզբունքից շեղվողը չարաշահում է իր իշխանությունը և դատապարտելի է Հայ Եկեղեցու վարդապետությամբ։
Աներեր մնալով մեր հոգևոր առաքելության մեջ՝ պատգամում ենք մեր եկեղեցու քահանայից դասին և հավատացյալներին՝ չգայթակղվել և չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից և հալածանքներից, չօտարանալ Մայր Եկեղեցու հոգևոր կյանքից։ Փորձություններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցությունը եկեղեցու աղոթական և խորհրդական կյանքին՝ հայցելով, որ Աստված ապաշխարության ճանապարհով մաքրագործի ու հավատի մեջ զորացնի մեզ ամենքիս՝ միասնության մեջ պահելով մեր Սուրբ Եկեղեցին և անսասան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
«Եկեղեցիները ո՛չ պարգևն են թագավորների, ո՛չ ճարտար արվեստ են, ո՛չ գյուտն են իմաստունների, ո՛չ ավարը զինվորների քաջության և ո՛չ էլ խաբեությունը դևերի, այլ շնորհն են Մեծ Աստծո։ Նրա հիմքերը դրված են հաստատուն վեմի վրա, որ ոչ ներքևինները կարող են խախտել, ոչ վերինները շարժել։ Եվ այն, ինչ երկինքն ու երկիրը չեն կարող սարսել, մարդկանցից ոչ ոք թող չհավակնի հաղթել նրան» (Սուրբ Եղիշե Վարդապետ)։


