Մեսրոպ Տիր Հարությունյան. Ո՞նց՝ ՔՊ -ն դեռ ՍՄՍ չի ստացե՞լ Երևանի հիմնը փոխելու պահանջով
Ո՞նց՝ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունը դեռ ՍՄՍ չի ստացե՞լ Երեւանի հիմնը փոխելու պահանջով․ չէ՞ որ այնտեղ առնվազն երկու տող կա, որ կարող է գնահատվել իբրեւ տարածքային հավակնություն հարևան երկրի նկատմամբ, և չի համապատասխանում Իրական Հայաստանի (էն իրենց տափակ ու երկար ձեւակերպումը հանեմ) գաղափարախոսությանը։
Ահա առաջինը՝
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Դվինը հասկացանք, Իրական Հայաստանում է։ Բա Անի՞ն․․․ Էս հո լրի՞վ հակասում է․․․
Երեւի Անիի փոխարեն գրենք Իրական Հայաստանի տարածքում գտնվող որեւէ նախկին մայրաքաղաք, ասենք սենց.
Երևան դարձած իմ Էրեբունի,
Մեր նոր Արտաշատ, մեր նոր Դվին։
Բայց ստեղ արմավիրցիք կնեղենան, կասեն ինչո՞ւ ոչ էսպես
Մեր նոր Արմավիր, մեր նոր Դվին։
Դե իսկ այս տողը՝
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան:
Արաքսը սահմանային գետ է և մերը չի։ Մասիսն էլ Արագածով դժվար է փոխել, հանգը չի բռնի․․․
Հաաաաա, հասկացա, չէ՞ որ շուտով Հատիսի վրա Հիսուսի արձանն է լինելու, ուրեմն՝
Քո Հատիս հորով, քո Զանգու մորով,
Մեծանաս դարով Երևան։
Կարծում եք կատա՞կ եմ անում...


