Նարեկ Գալստյան. Ինչքան ատելություն կա այս մարդու մեջ դեպի մեր Արցախը, մեր պատմությունը, մեր ինքնությունը, մեր Եկեղեցին...
Արցախից բռնի տեղահանվածներին փախած ասողը մի օր էլ նմանատիպ որակում է տալու Ցեղասպանության հետևանքով գաղթած մեր պապերին: Ի՞նչ տարբերություն Սասունից ու Զեյթունից դուրս եկած մեր պապերի ու Ստեփանակերտից կամ Մարտունուց բռնագաղթած մեր եղբայրների մեջ: Նիկոլական տրամաբանությամբ, այդ մարդիկ՝ կանայք, ծերերը, երեխաները պետք է մնային ու մեռնեին: Որովհետև մնալու հետևանքը անխուսափելի մահն էր: Ով դա չի հասկանում՝ վերջին տականքն է: Ու դա այն դեպքում, երբ նույն նիկոլական հրահանգով Հայաստանի բանակի սպաները հեռադիտակով նայում էին, թե ինչպես են մեռնում, անմռունչ զոհվում իրենց երբեմնի զինակից ընկերները՝ 18-ից մինչև 60 տարեկան և ավել: Ուղղակի նայում էին, որովհետև Արցախի ընկնելը, ինչպես ասաց քպ-ական մի քստմնելի մի կերպար, Հայաստանի «անկախության» օրն էր: Այս պահվածքն ուղղակի սադիզմ է: Կրկնակի սադիզմ է այդ ամենը գոռալ մի կնոջն ու իր փոքր տղային, որոնք իր հետ հանդիպում չէին փնտրել, ուղղակի դժբախտություն էին ունեցել հայտնվել մետրոյի այդ չարաբաստիկ վագոնում:
Ինչ վերաբերվում է միլիարդներով «մեր հարկերի մասին», որոնցով իբր պահվել է Արցախը: Նախանիկոլական Հայաստանում Արցախն ընկալվել է իբրև մեր հայրենիքի մաս: Որքան զզվելի է քյավառցուն կամ գյումրեցուն երեսով տալը, թե դուք մեր հարկերի հաշվին եք ապրում, այնքան զզվելի է նույնը ասել արցախցուն: Հետո ու ամենակարևորը՝ Արցախն ինքը հարկեր գեներացնող, ՀՀ-ի տնտեսությանը խթան տվող, առաջնային պարենով ապահովող էր: Գումարած այն անվտանգային միջավայրը, որի պարագայում Կապանի կենտրոնից շան դրոշը չէր երևում, իսկ Ներքին Հանդի բնակիչները իրենց հարազատների գերեզմաններ հանգիստ գնում էին: Եվ, ընդհանրապես, սա ի՞նչ դիսկուրս է, սա ի՞նչ պահվածք է, սա ի՞նչ ձև է… Եթե հարցը հարկերն է, ես նախընտրում եմ, որ դրանք բաժին հասնեին Արցախին, քան քպ-ական շայկային, որոնց մի մասը մինչև 2018 թ-ը փակ շշով գարեջուր էր փնտրում, որ հետը սելֆի աներ…
Ինչքան ատելություն կա այս մարդու/մարդկանց մեջ դեպի մեր Արցախը, մեր հայրենակիցները, մեր արժեքները, մեր պատմությունը, մեր ինքնությունը, մեր Եկեղեցին: Ատում են ամեն ինչ, ինչ մեզ համար թանկ է եղել ու կշարունակի թանկ մնալ:


