«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Ուկրաինայի Հայոց թեմի հոգևորական Տեր Արտաշես Հակոբյանը հորդորել է իրեն չշփոթել տիրադավ Արտաշեսի հետ

Ուկրաինայի Հայոց թեմի հոգևորական Տեր Արտաշես Հակոբյանը հորդորել է իրեն չշփոթել տիրադավ Արտաշեսի հետ

Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի իբր ես միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով, ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։

Իրականում տվյալ նախաձեռնությանը միացած է այլ հոգևորական՝ նույն անուն-ազգանունը կրող մեկ այլ Տեր Արտաշես, սակայն լրատվական որոշ հարթակներ դիտավորյալ կամ անփութությամբ օգտագործել են իմ լուսանկարները, դրանով իսկ մոլորեցնելով հանրությանը։

Կրկին և հստակ արձանագրում եմ․

ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որը իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը, խաթարմանը կամ տապալմանը, անկախ նրանից՝ ինչ անվան տակ է այն ներկայացվում։

Կարևոր եմ համարում նշել, որ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնության շրջանակում հնչող բազմաթիվ հայտարարություններ և քննադատություններ կրում են բանբասանքի և ընդհանրացումների բնույթ, առանց հստակ, ճշգրիտ և հիմնավոր ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ։

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր Հայրապետը հավատացյալ, հայրենասեր և Եկեղեցուն ու ազգին նվիրված անձ է, և նրա նկատմամբ հնչող չհիմնավորված մեղադրանքները կապ չունեն իրականության հետ։ Ես անձամբ պատիվ եմ ունեցել չորս տարի ծառայել նրա անմիջական տնօրինության ներքո: 

Խորապես ցավում եմ, որ այս կեղծ հրապարակումների հետևանքով շատ ընկերներ և հավատացյալներ նեղացել են ինձանից։ Այս գրառմամբ ցանկանում եմ նաև նրանց վստահեցնել, որ ոչ մի առիթ չկա կասկածի կամ տարակուսանքի։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգվել են, կապ են հաստատել և փորձել պարզել ճշմարտությունը։

Սիրելինե՛ր, անկախ քաղաքական հայացքներից, դիրքորոշումներից կամ կարծիքների տարբերություններից՝
ես բոլորիդ սպասավորն եմ։
Չեմ պատկանում որևէ կուսակցության, ճամբարի կամ գաղափարական խմբի։
Ես պատկանում եմ Աստծուն և ժողովրդին։

Իմ կոչումն է աղոթել բոլորի համար, լսել բոլորին, կանգնել յուրաքանչյուրի կողքին՝ ուրախության և ցավի պահին։
Այս օրերին, երբ մեր ժողովուրդը ցավալիորեն բաժանված է, առավել քան երբևէ անհրաժեշտ է հիշել, որ Եկեղեցին բաժանարար գիծ չէ, այլ տուն է բոլորի համար։

Թող Տերը խաղաղություն պարգևի մեր սրտերին, իմաստություն՝ մեր խոսքերին և միաբանություն՝ մեր ժողովրդին։

Տե՛ր, անսասան պահիր Քո սուրբ Եկեղեցին և Քո հիմնած Մայր Աթոռը։

Տեր Արտաշես Հակոբյան
Ուկրաինայի Հայոց թեմ


Լրացված.

նիկոլական տիրադավների նախաձեռնությանը երեկ միացած Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանն այսօր  հայտարարությամբ է հանդես եկել։
«Խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը։

Իմ ծուխի սիրելի անդամներ։ Իմ ողջ ծառայության ընթացքում ես փորձել եմ հավատարմորեն ծառայել ձեզնից յուրաքանչյուրին՝ պահպանելով Սուրբ Եկեղեցու կարգը, և նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ այսուհետ ևս շարունակելու եմ իմ սպասավորությունը։ Խոնարհաբար հայցում եմ ամենքիդ ներողամտությունը և խնդրում եմ՝ հիշել ինձ ձեր աղոթքներում։ «Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15։32)»,- նշել է Տեր Արտաշեսը։