«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

«Պապը սոսկ պապ չէ, ՊԱՊԸ այս խորհրդավոր օրվա ամենախոսուն խորհրդանիշն է» (տեսանյութ)

«Պապը սոսկ պապ չէ, ՊԱՊԸ այս խորհրդավոր օրվա ամենախոսուն խորհրդանիշն է» (տեսանյութ)

Հայոց Ցեղասպանության 105-ամյակի ոգեկոչման փառահեղ արարողության ամենասրտառուչ ու խորհրդանշական դրվագը 82-ամյա Արտուշ պապի այցելությունն էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ճերմակ վարդերի փնջով, հուզված, անհանգիստ, սպասումներով լի՝ միգուցե կարողանա հասնել անմար կրակի մոտ ու խոնարհել հիշատակի ծաղիկները:
Ճանապարհը փակ էր, օրենքը՝ հստակ սահմանված, արգելքը՝ պարտադիր պայման: Չգործեց նաև բացառության կարգը և նշանակություն չուներ, թե Քարահունջից-Երևան, ապա՝ անմահ զոհերի հուշահամալիրի բարձունք շտապող ծերունին ի՞նչ աղոթքներ ուներ Բարձրյալին մրմնջալու, ի՞նչ ցավ կար նրա անթեղված հոգում, որը պետք է դուրս թռչեր մորմոքվող սրտից, սլանար դեպի պապերի էրգիր, խառնվեր Մասիսների ձյուներին ու ծխար Դեր-Զորի կենդանի, սգացող ավազների մեջ, դառնար աշխարհասփյուռ հայի ճիչն ու կանչը, անջնջելի խարանը՝ ոճրագործ ու անիրավ ազգերի:
Առաջին անգամ Ապրիլի 24-ը անցավ առանց երթի, որովհետև մեր կամքից անկախ և գիտակցաբար «բանտված ենք», մինչդեռ Արտուշ պապի տեսակը կոտրում է շղթաները, ոչնչացնում ճաղերն ու ապացուցում բոլորին, որ նվիրյալ հոգիների համար աշխարհի կապանքները ոչինչ են, երբ մղումն ազնիվ է, նպատակաուղղված:
Ծերունու արտասվախառն աչքերում ու հայացքում մանկան մեղավորություն կար, որ հստակ ընդգծում էր անտեղյակությունը ու, ենթարկվելով համընդհանուր պահանջին, թախանձագին ավելացրեց՝ եկել եմ, որ անմեղ զոհերին խոնարհվեմ, ծաղիկ դնեմ, գնամ տուն։ Ես ոչ մեկի չեմ խանգարում, թերթ չեմ կարդացել, եթե իմանայի՝ տնից դուրս չէի գա։ Էսօր չեն թողնում, գիշերը կգնամ: Բոլոր անմեղ զոհերն էլ իմ մարմինն են, իմ աչքի լույսն են, իմ կյանքն են: Բոլորս մեկ ենք...
82-ամյա ծերունու լուռ հուսահատությունն ու հոգեմաշ խոսքերը շատերիս սրտին և հոգիներին ծանրացան, ալեհեր, հաղթանդամ ծերունին կարծես թե սեղմվեց, մի բուռ դարձավ ու նրա ցավը ավելացավ յուրաքանչյուրիս տանջող անթիվ ցավերին:
Ծանրացած խղճով մեզանից ամեն մեկը փորձեց մտովի ելքեր փնտրել՝ կարելի էր պապիկին ուղեկցել, տեղ հասցնել, կատարել այնքան նվիրական ցանկությունը, միգուցե՝ եկող տարի այլևս բախտ չվիճակվի հուշահամալիր այցելելու, գուցե սա վերջի՞նն էր, գուցե ասելիք կար, որը հենց այսօրվա համար էր, իսկ վաղն արդեն ուշ էր...
Ինչևէ, օրենքը հստակ սահմանված էր, իսկ Արտուշ պապը ստիպված էր ենթարկվել՝ առանց ավելորդ աղմուկի, հակաճառելու, բարձրագոչ ելույթների և բողոքի նշանների:
Ոգեկոչման միջոցառումը կայացավ, գովասանքի խոսքերի արժանի արարողություն՝ զուսպ, բայց այնքան խոսուն, և հաջողված օրվա ավարտին յուրաքանչյուրս մեր սրբազան պարտքը կատարված համարեցինք, հենց՝ վիրտուալ ներկայությամբ՝ աշխարհի սուր ու քննադատ հայացքի ներքո: Գրեթե ողջ հայության հայացքը սևեռված էր դեպի անմեղ նահատակների հուշահամալիր, այն, ինչ տեղի ունեցավ՝ աննախադեպ էր, չսպասված, հզոր, սակայն ողջ հմայքի մեջ մի բան կիսատ էր, անկատար, թերի:
Տեսնես՝ ի՞նչ հոգեվիճակում էր Արտուշ պապը, ծանրացած սրտով ինչպե՞ս էր լուսացնելու, չէ՞ որ իր քայլով որևէ մեկի չէր վնասելու, չէր նեղացնելու ու պարտքը կատարելուց հետո կհեռանար նույնքան լուռ, որքան գալն էր՝ կշռադատված, առանց ավելորդությունների:
Ինչու՞ մերժեցին, ինչու՞ չհասկացան ծերունուն, որի տարիքի առաջ խոնարհվել է պետք, մինչդեռ ինքն էր բերել իր խոնարհումը ու խոնարհ հայացքով էլ հեռացավ:
Պապը սոսկ պապ չէր, ՊԱՊԸ այս խորհրդավոր օրվա ամենախոսուն խորհրդանիշն էր, որի մասին աշխարհը դեռ խոսելու է, որի քայլից պետք է ամաչի ոճրագործ պետությունը և պարտավորված լինի հաշվի նստել, որովհետև մեր նահատակված պապերի հիշատակը դաջված է Արտուշ պապերի հոգիներում:
Արդյո՞ք մենք այդքան ակնհայտ պետք է սխալվեինք և ինչպե՞ս էինք ապրելու ծանրացած խղճով, իսկ գուցե ժամանակ կար սխալը շտկելու և Արտուշ պապին դարձնելու արարողության պատվավոր մասնակիցը, արժևորելու ալեզարդ ծերունու տեսակը և, ինչու՞ չէ, նաև՝ ներում հայցելու: Մեզանից շատերը կորցրին էկրաններին պապիկին տեսնելու հույսը, մնում էր համբերել և սպասել բացվող օրվա զարգացումներին, այնինչ, կեսգիշերն անց՝ ճերմակ վարդերի փունջը ձեռքին, շփոթված, կորացած մեջքով, հաստատուն քայլերով դեպի «անհաղթահարելի» բարձունքն էր շտապում այսօրվա ու ապագայի խորհրդանիշ դարձած 82-ամյա ծերունին: Ի՞նչ էր զգում ալեհերը՝ ոչ ոք չիմացավ, լուրը անմիջապես տարածվեց. շատերին էր ոգևորել անակնկալը, ամեն մեկը շտապում էր առաջինը տեղեկացնել այդ մասին ու ինչպիսի խանդավառություն, ինչպիսի հրճվանք՝ օրը ամբողջացել էր, ոգեկոչման արարողությունը անթերի էր այևս, կատարյալ, որովհետև անմար կրակի մոտ, համայն հայության փոխարեն, կորացած մեջքը խոնարհած՝ աղոթում էր իմ ու քո պապը, հայի պապը: Լուռ ու բարձրաձայն ասված մեր աղոթքները Արտուշ պապի աղոթքների հետ ամբողջացան, սլացան երկինք, հասան Բարձրյալին, միախառնվեցին Մասիսների ձյուներին, ձգվեցին մինչև Դեր-Զոր...
Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր խոյացող հուշարձանի պես խոնարհ ու վեհ էր Արտուշ պապը՝ արցունքն աչքերին, լուռ, մտախոհ, առանց այլևայլությունների, հստակ, գիտակցված քայլերով: Ծերունու հայացքում անսահման երախտագիտություն կար,ակնհայտ էր, որ հոգին խաղաղված է, սրբազան պարտքը՝ կատարված:
Հիշատակի այս խորհրդավոր օրը ալեզարդ ծերունու մեջ մենք գտանք մեր պապերին, որոնցից շատերն են անցել գաղթի ճանապարհով, հետո հպարտությամբ իրենց սերունդներին փոխանցել սերը՝ առ հայրենիք, հավատը՝ առ Աստված և հույսը՝ ապրելու, արարելու:
Այսօրվա դիպվածը չի մոռացվի, ավելին՝ երկար է գրվելու, պատմվելու, ինչպես չեն մոռացվի մեր պատմության ցավալի ու փառահեղ էջերը, որ ուժ են տալիս ապրելու, պայքարելու և հավատալու, որովհետև Բարձրյալի ստեղծած սրբազան հողում ապրում է Արտուշ պապի տեսակը՝ անսահման բարությամբ, հստակ ու գիտակցված առաքելությամբ:

Լուսինե Խաչատրյան