Փաշինյանն առնվազն իր հայտարարություններով ձեռնոց է նետում ոչ միայն ՀԱԵ-ին, այլև Սահմանադրությանը. «Հետք»
Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ կրկին բորբոքված կրքերին եւ, մասնավորապես, Հովհաննավանքի այլեւս նախկին հոգեւոր հովիվ տեր Արամին, որը Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ է հռչակվել եւ այժմ պաշտոնապես աշխարհական է՝ Ստեփան Ասատրյան անունով, հայտարարեց.
«Եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են Կառավարության հաշվեկշռում, եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Ես կարծում եմ, որ էնտեղ, որտեղ չկա հոգեւոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերեցների թե երեցֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք, կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ տեր Արամին եւ նրա նման քահանաներին բոլոր ձեւերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգեւոր կյանքը»:
Փաշինյանի պնդումը Հովհաննավանքի վերաբերյալ հիմք չունի, այլ կերպ ասած՝ նա ճիշտ չգիտի, թե ում է պատկանում Հովհաննավանքը, բայց առանց փաստերը ստուգելու, շարունակել է թեման ու խոսել «բարոյական եւ իրավական» հիմքերով հուշարձանները Մայր Աթոռից հետ վերցնելուց:
Բանն այն է, որ Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, սեփականության իրավունքով պատկանում են Մայր Աթոռին: Ավելին՝ 2005 թ. փետրվարի 17-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշել էր անհատույց սեփականության իրավունքով ՀԱԵ-ին օտարել վերջինիս պատկանող վանքերի ու եկեղեցիների զբաղեցրած եւ դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք մինչ այդ Մայր Աթոռին էին հանձնված անհատույց օգտագործման իրավունքով:
ՀԱԵ-ն այս ամենը հավաստող ապացույց ունի՝ սեփականության վկայական կամ, Փաշինյանի ասած, «կադաստրի թուղթ»:
Համաձայն Կադաստրի կոմիտեից «Հետքի» ձեռք բերած տեղեկանքի՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանն են պատկանում թե՛ Հովհաննավանքի հողամասը, թե՛ դրա վրա կառուցված շենք-շինությունները: ՀԱԵ-ի այս իրավունքը կադաստրի կողմից պետական գրանցում է ստացել ավելի քան 20 տարի առաջ՝ 2005-ի մարտի 25-ին (տեղեկանքը՝ ստորեւ):
Քանի որ վերջին շրջանում Փաշինյանը (խոսքը ոչ թե ՀՀ քաղաքացի Ն. Փաշինյանի, այլ Կառավարության կամ ԱԺ նիստում հանդես եկող իշխանության գործադիր թեւի ղեկավարի՝ վարչապետի մասին է), նրա օրինակով էլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող պաշտոնյաները պարբերաբար հանդես են գալիս Գարեգին Բ-ի եւ ՀԱԵ-ի տարբեր ներկայացուցիչների հասցեին կոշտ, այդ թվում՝ անպարկեշտ բառամթերքով քննադատությամբ, իսկ մյուս կողմից՝ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարում է հոգեւոր կյանքի բացակայության, ինչ-որ խարդավանքների ու «ֆեյքերեցների» մասին, կարգալույծ արված նախկին հոգեւորականի մասին էլ ասում, թե «տեր Արամին եւ նրա նման քահանաներին բոլոր ձեւերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգեւոր կյանքը», հարկ է հիշեցնել, որ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ ամրագրում է. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»:
Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն առնվազն իր հայտարարություններով ձեռնոց է նետում ոչ միայն ՀԱԵ-ին, այլեւ Սահմանադրությանը:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում


