«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Ռուբեն Բանուչյան. Փաշինյանը երեկ հայտարարեց իր հերթական պարտության մասին, որը հերթական անգամ ուղեկցվեց Սահմանադրության կոպտագույն խախտմամբ

Ռուբեն Բանուչյան. Փաշինյանը երեկ հայտարարեց իր հերթական պարտության մասին, որը հերթական անգամ ուղեկցվեց Սահմանադրության կոպտագույն խախտմամբ

Փաշինյանն, ըստ էության, երեկ իր վարչապետական ստորագրությամբ հայտարարեց իր հերթական պարտության մասին՝ հերթական «բարենորոգման» գործընթացը տանուլ տալով։ Պարտությունն այդ հերթական անգամ ուղեկցվեց Սահմանադրության կոպտագույն խախտմամբ։ Այն նույն Փաշինյանը, որը իր քաղաքական գործունեության ընթացքում գրեթե միշտ կարողանում էր լավագույնս հաշվարկել հանրային տրամադրությունները և համարժեքորեն ապահովել հանրային հաղորդակցություն, այսօր արդեն հայտնվել է շախմատային լեզվով ասված ցուգցվանգի մեջ, երբ բոլոր քայլերը տանում են դեպի պարտություն։

Հանրությունն էլ իր լուռ անտարբերությամբ մի կոպիտ ապտակ հասցրեց իրականությունը թերի ընկալող փաշինյանական վարչակարգին՝ ցույց տալով, որ լավագույնս հասկանում է ու գիտի սեփական առաջնահերթությունները, և դրանցում, մեղմ ասած, տեղ չունեն եկեղեցականների անկողինները։ Հանուն արդարության՝ սա թերևս փաշինյանական պարտություններից միակն էր, որի մեղավորն ու պատասխանատուն է նաև ընդդիմության այն հատվածը, որը հետևողականորեն փորձում էր այս ընթացքում Վեհափառին դրդել ներքաշվել Փաշինյանի հետ ուղիղ առճակատման մեջ։

Ինչպես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու և ավելորդ չեմ համարում կրկնել՝ Վեհափառի զսպվածությունը Փաշինյանի վախճանն է։ Եվ այդպես էլ կա հիմա․ ամիսներ շարունակ ձգվող տեղեկատվական արշավի, ձերբակալությունների ու տարատեսակ ճնշումների զուգահեռ Վեհափառը ոչ մի անգամ խայծը կուլ չտվեց՝ խաղալու Փաշինյան–ընդդիմության մի մաս տանդեմի օրակարգով։ Այսօր այլևս էական չէ՝ Վեհափառը կհեռանա հանգստի, թե ոչ։ Այսօր արդեն Վեհափառն ինքն է միակ հանգուցալուծող այդ հարցի։

Փաշինյանական «բարեփոխումները», ինչպես արդեն «կարգն» է, ավարտվում են ձախողումներով։ Դատաիրավական բարեփոխումների մեկնարկը այն ժամանակվա Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գահընկեցությամբ տալու փաշինյանական օրակարգի մասին այսօր ո՞վ է հիշում կամ խոսում։ Իհարկե՝ ոչ ոք։ Իսկ Թովմասյանը շարունակում է պաշտոնավարել Սահմանադրական դատարանում՝ ավելի հանգիստ պաշտոնում, ստանալ բարձր աշխատավարձ հարկատուների հաշվին, գրել հատուկ կարծիքներ ամենատարբեր որոշումների տակ։

Անշուշտ, պարտությունների այս օրինակները մեկը չեն ու բազմաթիվ են։

Ամենակարևոր հարցը, որին պիտի պատասխանի մեզանից յուրաքանչյուրը, սա է՝ Սահմանադրությունը մեզ համար գերակա՞ է, թե՞ ոչ։ Ի վերջո, լեգիտիմությունը քվեն չէ՝ ամեն հարցում ըստ սրտուզածի գործելու համար․ լեգիտիմությունը քվեն է՝ Սահմանադրության շրջանակում գործելու համար։ Սա բարդ է բացատրել մի մարդու, ով կարծում էր և շարունակում է կարծել, որ եթե ժողովուրդը որոշի իրեն գնդակահարել հրապարակում, ապա դրանում ոչ մի խնդիր չկա։

Քաղաքական պայքարի փորձ ունեցողները լավ գիտեն՝ կռիվ սկսելը խնդիր չէ․ խնդիրն այն է, թե ինչպես և երբ դուրս գալ այդ կռվից։ Իսկ երբ այդ հարցի պատասխանը չկա, պայքարը դառնում է ինքնանպատակ, իսկ պարտությունը՝ անխուսափելի։

Ռուբեն Բանուչյան