Ռուբեն Մելիքյան. Հայոց Եկեղեցու դեմ ռեպրեսիներին միացավ նաև դատավոր Դավիթ Դաբաղյանը (տեսանյութ)
Համացանցով հետևում էի Արագածոտնի մարզի դատարանում Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի դեմ իրականացվող շինծու վարույթով առաջին դատական նիստին։ Կալանքը վերացնելու մասին պաշտպանների հիմնավորումներն ավելի քան համոզիչ էին։ Այդ հիմնավորումների թվում էր այն, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր դատական սխալ և հնարավոր էր համարել այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը, սակայն քանի որ բուն գործն արդեն փոխանցվել էր դատաքննության, չէր բեկանել կալանքի որոշումը։
Ճիշտ նույն վիճակն էր մեկ այլ քաղբանտարկյալի՝ իմ պաշտպանյալ Նարեկ Սամսոնյանի պարագայում։ Ուստի վերստին նշեմ - Վճռաբեկի նախադեպը, որով ստիպված է առաջնորդվել Վերաքննիչը, ամենախայտառակ նախադեպն է, որին ինձ առիթ է վիճակվել ծանոթանալ։
Վերադառնալով Մկրտիչ Սրբազանի գործին՝ նշեմ, որ նրա կալանքի ժամկետը նույնպես երկարաձգվեց։
Հայոց Եկեղեցու դեմ ռեպրեսիները շարունակվում են, և դրանց միացավ նաև դատավոր Դաբաղյանը։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։
Նշենք՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի վերաբերյալ գործը քննում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը:
Հիշեցնենք՝ Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ սրբազանին հոկտեմբերին բերման էին ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո։ Նա կալանավորված է հոկտեմբերի 16-ից :
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ իբր ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և իբր հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Նշված քրեական գործով «տուժողներ» են ճանաչված տիրադավ Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին տ․Թադեն) և տիրադավ Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․Արամը)։
Ասյօր դատավոր Դաբաղյանը ևս 1 ամսով երկարացրեց Մկրտիչ Սրբազանի կալանքը:


