«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Սամվել Աբրահամյան. Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահն անթաքույց կերպով լծվել Փաշինյանի քարոզարշավին (մաս երկրորդ)

Սամվել Աբրահամյան. Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահն անթաքույց կերպով լծվել Փաշինյանի քարոզարշավին (մաս երկրորդ)

Սկիզբը՝ այստեղ:

Մաս երկրորդ

Եվ այսպես, ո՞րն է Ադրբեջանի նախագահի մտահոգության իրական առարկան հայաստանյան ընտրությունների կոնտեքստում

Մինչ բուն թեմային անցնելը, ուզում եմ կատարել մի՝ թեև տրիվիալ, բայց մեր թեմայի առումով անհրաժեշտ արձանագրում․ Ալիևը, ինչպես ցանկացած երկրի ռացիոնալ և պրագմատիկ ղեկավար, առաջնորդվում է իր երկրի ազգային-պետական շահերով, ու նախևառաջ՝ իր երկրի ռազմավարական շահերով։ Դժվար թե որևէ մեկը կարծի, թե նրան մտահոգում են հայ ժողովրդի կամ Հայաստանի շահերը։ Այսինքն, երբ որ Ադրբեջանի նախագահը, խախտելով միջազգային հարաբերությունների հիմնաքարային սկզբունքները, անթաքույց փորձում է ազդել Հայաստանի ժողովրդի ընտրության վրա, ընդհուպ պատերազմի սպառնալիքներ հնչեցնելով, նշանակում է, որ հայաստանյան ընտրությունների ելքը կարող է վնասել Ադրբեջանի ռազմավարական շահերին։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում գործող իշխանության վերարտադրությունը բխում է Ադրբեջանի շահերից, իսկ իշխանափոխությունը՝ ոչ։ Ինչու՞։

Նախքան Ադրբեջանի և Հայաստանի ռազմավարական շահերին անդրադառնալը, առաջարկում եմ դիտարկենք հայ-ադրբեջանական այսպես կոչված «խաղաղության գործընթացի» նախորդ 2-2,5 տարվա արդյունքները։ Գործընթաց, որը Փաշինյանը անվանում է «խաղաղության դարաշրջան» և փորձում համոզել մեր ժողովրդին, որ խաղաղություն է պարգևել նրան։

Ինչ է՞ ստացել Հայաստանը այս «խաղաղությունից» և ինչ է՞ ստացել Ադրբեջանը դրանից

Ադրբեջանը ստացել է՝

  • Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի մաս
  • Մինսկի խմբի լուծարում
  • Հայաստանի հրաժարումը Ադրբեջանի դեմ եվրոպական դատարաններում քննվող հայցերից
  • Հայաստանի հրաժարումը ղարաբաղցիների՝ Ղարաբաղ վերադարձի իրավունքի ճանաչումից
  • Հայաստանի հրաժարումը Բաքվում պահվող հայ ռազմագերիների պաշտպանությունից
  • Հայաստանի բանավոր համաձայնությունը 300000 ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելուն (Ալեն Սիմոնյանի հայտարարությունը)
  • Հայաստանի համաձայնությունը փոխելու Սահմանադրությունը
  • Հայ Առաքելական Եկեղեցին փաստորեն կազմաքանդելու գործընթաց
  • Մեղրիի միջանցքը՝ թեկուզ հայ-ամերիկյան TRIPP պայմանագրի տեսքով
  • Հայաստանի դաշնակից Ռուսաստանի և Հայաստանի բարեկամ Իրանի դիրքերի աստիճանական թուլացումը տարածաշրջանում և Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի դիրքերի ամրապնդումը
  • Ղարաբաղի հայկական պատմամշակութային հուշարձանների անխոչընդոտ ոչնչացման և ադրբեջանականացման իրավունք
  • Հայաստանի ռազմական բյուջեի և սպառազինությունների կրճատում (միևնույն ժամանակ, ավելացնելով Ադրբեջանի ռազմական բյուջեն և սպառազինությունները)  
  • Տավուշյան ռազմավարական նշանակության անկլավների վերադարձ և Տիգրանաշենի ռազմավարական նշանակության անկլավի վերադարձի նախապատրաստություն
  • Հայ ժողովրդի ազգային արժեքների և սիմվոլների վերանայում
  • Հայաստանում փաստացի Ադրբեջանի դրածո իշխանության ձևավորում:

Այս ամենի դիմաց Հայաստանը երաշխավորված խաղաղության փոխարեն ստացել է ընդամենը չերաշխավորված զինադադար (ապացույցը՝ Փաշինյանի հայտարարությունը, որ իր չընտրվելու դեպքում սեպտեմբերին կարող է պատերազմ սկսվել և Ալիևի վերջին համանման հայտարարությունները)։ Ընդ որում, զինադադարն էլ հաստատված է միայնումիայն Ադրբեջանի ցանկությամբ և նրա թելադրած պայմաններով։ Պատերազմի վերսկսման լծակն էլ Ադրբեջանի ձեռքում է։ Փաշինյանի վարած քաղաքականության և գործած մեծագույն սխալների պատճառով, Հայաստանը զրոյական գործոն է այս հարցում։ Ի վերջո, լուծված չէ գլխավոր խնդիրը՝ ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, և հայտնի էլ չէ, թե այն ե՞րբ կստորագրվի, կամ կստորագրվի՞ արդյոք ընդհանրապես։

Ի դեպ, հատկանշական է, որ Իլհամ Ալիևն իր վերջին հայտարարություններով ակամայից բացահայտեց, կամ ուղղակի պայթեցրեց հայ ժողովրդին խաղաղություն բերելու մասին Փաշինյանի մեծ խաբեությունը։

Այսպես կոչված «խաղաղության գործընթացի»՝ վերը նշված արդյունքներին ծանոթանալուց հետո, հասկանում ես, որ Ալիևն առնվազն խելագար պետք է լիներ, եթե, թեկուզ ամենախայտառակ մեթոդներով, չաջակցեր Փաշինյանին։ Եվ հարցը միայն այն չէ, որ անհրաժեշտ է ամրագրել արդեն իսկ ձեռք բերվածը և ավարտին հասցնել դրա իրագործումը։ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, հետամուտ են ավելի գլոբալ ռազմավարական խնդրի լուծմանը։ Եվ այդ գործում Փաշինյանը պետք է հադես գա նրանց գլխավոր դաշնակցի դերում։

 Այս հոդվածի հաջորդ՝ երրորդ մասում կքննարկենք այդ հարցը։

Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար
Սամվել Աբրահամյան