«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Սիրիացի 2–րդ ահաբեկիչն էլ խոսեց. Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի հարցաքննությունը (տեսանյութ)

Սիրիացի 2–րդ ահաբեկիչն էլ խոսեց. Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի հարցաքննությունը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է հայկական ԶՈւ–ի կողմից գերեվարված սիրիացի երկրորդ ահաբեկչի` 

Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի հարցաքննությունը։

Էլ Հաջին ծնվել է Սիրիայի Իդլիբ նահանգի Զիադիա գյուղում, դպրոց չի գնացել, գրել և կարդալ չգիտի, անասնապահությամբ է զբաղվել։ Ունի կին և հինգ երեխա։ Նրան Ադրբեջան գնալ է առաջարկել իր հարևան Իբրահիմը։

«Ասաց` այնտեղ զորավարժությունների պետք է մասնակցես, 2000 դոլար ամսավճար կստանաս։ Հայրս ու կինս դեմ էին, որ ես գնայի։ Իմացա, որ հարևան գյուղերից էլի տղամարդիկ են գնացել, ես էլ որոշեցի գնալ», – ասում է Էլ Հաջին։

Նրան ասել էին, որ իր հետ ոչինչ չվերցնի, ներառյալ անձնագիր։ Հավաքագրման վայրում ընտրելիս են եղել 20-40 տարեկան տղամարդկանց։ Ընդհանուր ընտրել են 500 հոգու։ 10 ավտոբուսով սիրիացիներին տեղափոխել են Սիրիայի և Թուրքիայի սահման։ Թուրքիայի անցակետում նրանցից ոչինչ չեն հարցրել, փաստաթղթեր չեն ստուգել։ Ապա սիրիացիները ավտոբուսներով շարժվել են թուրքական օդանավակայան, որտեղից ինքնաթիռով հասել են Ադրբեջան։

«Մեզ Ադրբեջանում դիմավորեցին ադրբեջանցի և թուրք զինվորականներ։ Տվեցին վզնոցներ, որոնց վրա թվեր էին նշված, համազգեստ, զենք` ավտոմատներ և փամփուշտներ։ Նրանց հագին զրահաբաճկոններ կային, բայց մեզ դրանցից չեն տվել», – պատմում է սիրիացին։

Հոկտեմբերի 18–ին պիկապներով տեղափոխվել են Արցախի ուղղությամբ։ Ղեկավար Աբու Համշան և շեյխ Իբրահիմն ասել են`եթե փախչեն կամ վերադառնան, իրենց ոտքերից կկրակեն։ Ադրբեջանցի զինվորականները ասել են` պետք է հայկական գյուղ գրավեն և այնտեղ մորթեն բոլորին։

«Ամեն կտրած հայի գլուխը 100 դոլար արժեր։ Մեզ դրա համար դանակներ էին հատկացրել։ Ասացին` ով վախենում է, թող դեղեր խմի։ Դրանք կլոր հաբեր էին, որոնք ընդունելուց հետո մարդը իբր ոչինչ չէր զգում։ Ես դրանցից չեմ խմել», – պատմում է սիրիացին։

Արցախյան գյուղ շարժվելու ժամանակ նրանց ուղղությամբ սկսել են կրակել հայերը։ 15 հոգի սպանվել է, շատերը վիրավորվել են։ Ահաբեկիչը պատմում է, որ ադրբեջանական զորքը իրեն հինգ օր մենակ է թողել վիրավոր վիճակում, իսկ հետո ինքը որոշել է հանձնվել ու շարժվել է հայկական դիրքերի ուղղությամբ։

Ասում է` հայերն իրեն նշան են արել, որ ամեն ինչ նորմալ է, կարող է մոտենալ։ Նրան ուտելիք ու ջուր են տվել։ Նրա խոսքով` ադրբեջանցիները հայերին անհավատ ասելով` սխալվում են։

«Ադրբեջանցիներն են իսկական անհավատները, ես եմ անհավատը, որ եկա կռվելու այս բարի մարդկանց դեմ։ Որևէ անձ, որ պատրաստվում է Ադրբեջան գնալ, թող նման քայլի չդիմի, որովհետև հայերը շատ բարի մարդիկ են, նրանք ինձ մահից փրկեցին։ Եթե նույնիսկ աղքատ եք ու ձեզ գումարով շահագրգռեն, հայերի դեմ կռվելու չգաք, ավելի լավ է` աղքատ մնաք», – ասում է Էլ Հաջին։

Հիշեցնենք, որ Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջին հայկական ԶՈւ–ի կողմից գերեվարվել էր նոյեմբերի 1-ին։ Նա ձերբակալվել է, նրա դեմ հարուցված է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (Միջազգային ահաբեկչություն), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ), 3-րդ մասի 1-ին կետով, և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (Վարձկանություն) նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով: