Տաթև Զորյան. Ինչո՞ւ են Նիկոլն ու Քոչարյանը սինխրոն հարվածում Առաջին նախագահին
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՆԻԿՈԼՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԻՆԽՐՈՆ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արտաքուստ անհաշտ թշնամիներ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը վերջին օրերին զարմանալիորեն սինխրոն թիրախավորում են Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Ինչու՞ է իշխանություն չունեցող և ընտրություններին չմասնակցող հիմնադիր նախագահը սարսափեցնում այս երկուսին։
Պատճառը պարզ է և հոգեբանական. նրանք նույն արմատից սերող երկու արկածախնդիր սիամական երկվորյակներ են, և նրանց միավորում է երեք գործոն.
1. Պատմական իրականության հանդեպ վախը
Լևոն Տեր-Պետրոսյանը պետական պրագմատիզմի, ռեալպոլիտիկի և հաղթանակի խորհրդանիշն է։ Քոչարյանը 20 տարի երկիրը սնեց «ոչ մի թիզ հող» և «ստատուս քվոյի հավերժ պահպանում» կեղծ թեզերով, իսկ Նիկոլը եկավ ու ավարտեց այդ ավանտյուրան՝ երկիրը տանելով կործանարար պարտության։ Պատմությունն ապացուցեց Առաջին նախագահի բացարձակ իրավացիությունը։ Այս երկուսը հարձակվում են Տեր-Պետրոսյանի վրա, որպեսզի հանրությունը չարթնանա լեթարգիական քնից և հանկարծ չհասկանա, որ իրենց տգիտությունն է երկիրը հասցրել պատմաքաղաքական աղետի։
2. Սեփական մեղքը պատմության վրա գցելու բարդույթը
Քոչարյանը պատմության մեջ մնացել է Մարտի 1-ի արյունով և տոտալ կեղծված ընտրություններով, Նիկոլը՝ Արցախի հանձնմամբ և այսօր Սյունիքը TRIPP նախագծի անվան տակ աճուրդի հանելով։ Սեփական ձեռքերից արյունն ու ձախողումը լվանալու համար նրանց պետք է հորինել պատմական միֆեր և ստեր։
3. «Սև ու սպիտակ» թատրոնը
Նրանք սնվում են միմյանցով։ Նիկոլին պետք է Քոչարյանի խրտվիլակը՝ իշխանությունը պահելու համար, իսկ Քոչարյանին պետք է Նիկոլի աղետը՝ միակ ընդդիմություն ձևանալու համար։ Եթե ասպարեզում կա Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի առաջարկած սառը բանականության ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀԸ, այս երկուսի պոպուլիստական շոուն փլվում է։
Լևոն Տեր-Պետրոսյանը այս երկուսի քաղաքական դատավճիռն է։ Նա այն հայելին է, որի մեջ նայելիս Փաշինյանն ու Քոչարյանը տեսնում են իրենց իրական հանցանքը պետության և պետականության հանդեպ։
Եվ քանի որ հայելին փոխել չեն կարող, փորձում են միասին կոտրել այն։


